Վահանաձև գեղձի հանգույցների բուժումը կախված է վահանաձև գեղձի հանգույցների տեսակից:
Բարորակ հանգույցների բուժումը
Եթե վահանաձև գեղձի հանգույցը քաղցկեղային չէ, բուժումը կարող է ներառել հետևյալ տարբերակներից մեկնումեկը:
- Հսկողություն. եթե բիոպսիայով հաստատվում է հանգույցի ոչ քաղցկեղային բնույթը, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ առանց որևէ բուժման միայն վերահսվկի հիվանդության ընթացքը: Սա նշանակում է կանոնավոր բժշկական ստուգումների անցկացում՝ զննում և վահանաձև գեղձի գործունեության թեստեր: Եթե դիտարկվում է հանգույցի մեծացում, կարող է պահանջվել լրացուցիչ բիոպսիայի կարիք: Եթե բարորակ հանգույցը մնում է անփոփոխ, հետագա բուժման կարիք չի առաջանում:
- Թիրեոիդային հորմոնային բուժում. եթե վահանաձև գեղձի գործունեության թեստերով պարզվում է, որ գեղձը բավարար քանակով հորմոն չի արտադրում, բժիշկը կարող է առաջարկել հորմոնային փոխարինող բուժում:
- Վիրահատություն. երբեմն ոչ քաղցկեղային հանգույցը կարող է պահանջել վիրահատական հեռացում, երբ խիստ մեծ է և խանգարում է շնչառությանն ու կլման ակտին: Վիրահատական բուժման հարցը նաև կարող է քննարկվել, եթե առկա է մեծ բազմահանգույց խպիպ, հատկապես, երբ վերջինս ճնշում և նեղացնում է շնչափողը, կերակրափողը կամ արյունատար անոթները: Բիոպսիայով հանգույցի վերաբերյալ անորոշ կամ կասկածելի պատասխան ստանալիս նույնպես կարող է առաջանալ վիրահատության կարիք և հեռացված հյուսվածքի հյուսվածաբանական հետազոտություն:
Թիրեոտոքսիկոզ պատճառող հանգույցների բուժումը
Եթե հանգույցն արտադրում է վահանաձև գեղձի (թիրեոիդ) հորմոններ, նույնիսկ գեղձի կողմից նորմալ քանակով հորմոնների արտադրության պայմաններում օրգանիզմում բարձրանում է դրանց գումարային քանակը, որը կարող է հանգեցնել թիրեոտոքսիկոզի (հիպերթիրեոզ) ախտանիշների զարգացման: Նման իրավիճակում բժիշկն առաջարկում է թիրեոտոքսիկոզի բուժում, որը կարող է ներառել հետևյալ տարբերակներից մեկնումեկը:
- Ռադիոակտիվ յոդ. բժիշկը կարող է նշանակել ռադիոակտիվ յոդի պատիճներ կամ հեղուկ դեղաձև, որը կլանվում է վահանաձև գեղձի և հորմոն արտադրող հանգույցների կողմից՝ առաջացնելով վերջիններիս քայքայում և կրճատում: Արդյունքում մոտ 2-3 ամսվա ընթացքում թիրեոիդ հորմոնների արտադրությունը նվազում կամ դադարում է, իսկ թիրեոտոքսիկոզի ախտանիշները մեղմանում կամ անհետանում են: Այնուամենայնիվ, ռադիոակտիվ յոդով բուժման արդյունքում կարող է ի հայտ գալ հորմոնային անբավարարություն (հիպոթիրեոզ), որը պահանջում է ողջ կյանքի ընթացքում հորմոնային փոխարինող բուժում:
- Հակաթիրեոիդային դեղամիջոցներ. թիրեոտոքսիկոզի որոշ դեպքերում բժիշկը կարող է խորհուրդ տալ որևէ հակաթիրեոիդային դեղամիջոց, օրինակ՝ Մեթիմազոլ (Տապազոլ): Բուժումը սովորաբար երկարաժամկետ է և կարող է լրջորեն վնասել լյարդը, ուստի կարևոր է, որ մինչև հակաթիրեոիդային դեղամիջոցներ օգտագործելը բժշկի հետ քննարկեք նման բուժման օգուտները և հնարավոր ռիսկերը:
- Վիրահատություն. եթե ռադիոակտիվ յոդով կամ հակաթիրեոիդային դեղամիջոցներով բուժումները ցուցված չեն կամ արդյունավետ չեն, բժիշկը կարող է առաջարկել գերակտիվացած հանգույցի վիրահատական հեռացում: Խնդրեք բժշկին, որ մանրամասն ներկայացնի թիրեոտոքսիկոզի վիրահատական բուժման օգուտները և հնարավոր ռիսկերը:
Իմացե՛ք ավելին թիրեոտոքսիկոզի բուժման մեթոդների մասին:
Քաղցկեղային հանգույցների բուժումը
Քաղցկեղային հանգույցը սովորաբար բուժվում է վիրահատությամբ:
- Հսկողություն. խիստ փոքր քաղցկեղներն ունեն աճելու փոքր ռիսկ, ուստի բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ մինչև հատուկ բուժում սկսելը որոշ ժամանակ համբերեք և վերահսկեք հիվանդության ընթացքը: Հսկողությունը ներառում է վահանաձև գեղձի գերձայնային հետազոտությունները և արյան թեստերը:
- Վիրահատություն. քաղցկեղային հանգույցների ամենաընդունված բուժումը վիրահատական հեռացումն է: Անցյալում քաղցկեղային հանգույցների դեպքում իրականացվում էր վահանաձև գեղձի համարյա ամբողջ հյուսվածքի հեռացում (գրեթե տոտալ թեիրոիդէկտոմիա կամ սուբտոտալ թիրեոիդէկտոմիա): Այսօր վիրահատական բուժումը դարձել է ավելի խնայող, և կախված իրավիճակից, վիրաբույժը կարող է բավարարվել վահանաձև գեղձի միայն մի կեսի հեռացմամբ: Վահանաձև գեղձի վիրահատական միջամտության ռիսկերից են ձայնալարերի համար պատասխանատու նյարդի վնասումը կամ փոքր հարվահանաձև գեղձերի վնասումը (վերջինս կարգավորում է արյան կալցիումի մակարդակը): Վիրահատությունից հետո կարող է առաջանալ որպես հորմոնային փոխարինող բուժում Լևոթիրոքսինի երկարաժամկետ կամ ողջ կյանքի ընթացքում օգտագործման անհրաժեշտություն:
- Ալկոհոլային աբլացիա. որոշ տեսակի փոքր քաղցկեղային հանգույցների բուժման տարբերակներից է նաև ալկոհոլային աբլացիան, երբ հանգույցի մեջ ներարկվում է ալկոհոլի փոքր քանակություն: Ալկոհոլը քայքայում է քաղցկեղային հանգույցը: Հաճախ կարիք է լինում ստանալ բազմակի ներարկումներ:
Իմացե՛ք ավելին վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման մեթոդների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024