Մաշկի սնկիկային ախտահարման պատճառը սնկիկներն են, ուստի բուժման հիմքը պետք է լինի հակասնկային դեղերի օգտագործումը։
Հակասնկիկային դեղերը կարող են օգտագործվել տեղային՝ օծելով ախտահարված մաշկը կամ ընդհանուր՝ կուլ տալով բժշկի նշանակած հաբերը։
Կան բազմաթիվ դեղեր, որոնք կարող են արդյունավետ կերպով բուժել մաշկի սնկախտը։ Դրանց կողքին, կան ինքնօգնության տարբեր միջոցներ, որոնք կարող են օգնել, որ սնկախտն ավելի հեշտ բուժվի, չտարածվի մարմնի այլ շրջաններ կամ չփոխանցվի այլ մարդկանց։ Օրինակ, դուք կարող եք կրել բնական մանրաթելից գործած հագուստ, որ ձեր մաշկը շնչի և կանխարգելի լրացուցիչ քրտնարտադրությունը։
Տեղային օգտագործման հակասնկային միջոցները սովորաբար նշանակվում են որպես նրբաքսուք (կրեմ), քսուք, յուղ կամ գել։ Դրանք պարունակում են հակասնկիկային դեղամիջոց և երբեմն ստերոիդային տեսակի որևէ հակաբորբոքային դեղ։ Վերջինս ավելացվում է տեղային բորբոքումն ու քորը վերացնելու համար։
Որոշ մարդկանց բժիշկները կարող են նշանակել նաև բերանային (օրալ) հակասնկիկային հաբեր, օրինակ՝ մաշկի տարածուն սնկիկային ախտահարումների, տեղային միջոցների ոչ բավարար արդյունավետության, գլխի մազածածկ շրջանի ախտահարման, սնկիկային հիվանդության հաճակի կրկնման և այլ դեպքերում։
Բոլոր դեպքերում, հիշեք, որ մինչև մաշկի սնկիկային ախտահարման բուժումը այն պետք է ճիշտ ախտորոշել, ինչը միայն ու միայն բժիշկ-մաշկաբանի գիտելիքների և իրավասության շրջանակներում է։
Կարևոր տեղեկատվություն հակասնկիկային դեղերի մասին
Ցանկացած դեղ կարող է լինել օգտակար, եթե ընդունվում է ըստ անհրաժեշտության և կարող է ունենալ վնասի հավանականություն, օրինակ՝ կողմնակի ազդեցություններ։ Սա վերաբերվում է նաև հակասնկիկային դեղերին, այդ թվում՝ տեղային օգտագործման միջոցներին։
Ուստի, հարցրեք ձեզ հակասնկիկային որևէ դեղ նշանակած բժշկին այն մասին, թե՝
- ինչպիսի՞ հավանական կողմնակի ազդեցություններ ունի այդ դեղը
- ինչպիսի՞ օգուտ կարող է տալ և ինչպիսի՞ արդյունավետություն ունի ձեզ նշանակած դեղը
- ի՞նչ անել, եթե դուք բաց եք թողել հերթական օգտագործումը
- ի՞նչ անել, եթե ձեզ մոտ ի հայտ են եկել կողմնակի ազդեցություններ։
Երբեք ինքնուրույն մի՛ դադարեցրեք կամ մի՛ փոփոխեք ձեզ նշանակած բուժումը։ Մինչև նման որոշում կայացնելը զրուցեք ձեր բուժող բժշկի հետ։
Հոդվածը հրապարակվել է՝ 05-06-2019
Վերջին վերանայում՝ 22-04-2024