Եթե բժիշկը ձեզ մոտ ախտորոշել է մաշկի որևէ սնկիկային վարակ, կան օգտակար որոշ միջոցներ, որոնց հետևելով կնպաստեք հիվանդության ավելի հեշտ բուժմանը, ինչպես նաև վարակի տարածման և այլ մարդկանց վարակելու կանխարգելմանը։
Ահա մի շարք ինքնօգնության հմտություններ։
- Մաշկի սնկիկային վարակը բուժվում է հակասնկիկային նրբաքսուքներով (կրեմներ) և քսուքներով։ Օգտագործեք միայն ձեր բժշկի նշանակած հակասնկային միջոցը։ Անպայման ծանոթացեք դեղատուփում առկա ներդիրին և հետևեք այնտեղ նշված ցուցումներին։
- Մաշկի սնկիկային վարակի համառ ու կայուն ընթացքի դեպքում բժիշկը կարող է նշանակել նաև բերանային (օրալ) հակասնկային հաբեր։
- Սնկիկային հիվանդությունը վարակիչ է, ուստի կարևոր է, որ երբեք չօգտվեք այլ մարդկանց սրբիչներից, լոգանքի այլ պարագաներից, քսուքներից ու նրբաքսուքներից, ինչպես նաև չհագնեք այլ մարդու կոշիկներն ու հողաթափերը։ Հանրային բաղնիքներից, սաունաներից կամ լողավազաններից օգտվելիս կրեք միայն ձեր անձնական սանդալները։
- Լվացվելուց կամ լոգանք ընդունելուց հետո ձեր մաշկը չորացրեք լիարժեք՝ հատուկ ուշադրություն դարձնելով ձեր ձեռքերի ու ոտքերի մատները, դրանց միջև ընկած ծալքերը, աճուկները, թևատակերը և կրծքերի տակ չորացնելուն։
- Փորձեք ձեր մաշկի ախտահարված շրջանների մաքուր օդի հետ շփվելու հնարավորություն ստեղծել։
- Կրեք բնական, այլ ոչ թե արհեստական մանրաթելից գործված հագուստ, որ կանխարգելեք քրտնարտադրությունը և մաշկի խոնավ շրջանների առաջացումը։
- Ավելցուկային քրտնարտադրությունը հսկելու համար օգտագործեք հակաքրտինքային միջոցներ (անտիպերսպիրանտներ)։
- Համոզվեք, որ գուլպա կամ զուգագուլպա հագնելուց առաջ ձեր ոտնաթաթերը լրիվ չոր են։
- Մաշկի ախտահարված շրջանը լվալուց հետո օճառաջրով լավ լվացեք ձեր ձեռքերը։ Սա կօգնի, որ դուք չտարածեք սնկիկային վարակը մարմնի այլ շրջաններ կամ չվարակեք այլ մարդկանց։
- Փորձեք չքորել մաշկի ախտահարված մակերեսները, որ չտարածեք վարակը մարմնի այլ շրջաններ։ Նույն մակերեսներին դիպչելուց հետո օճառաջրով լավ լվացեք ձեր ձեռքերը։
- Հնարավորության դեպքում կրեք բնական հումքից պատրաստված գուլպաներ (օրինակ՝ բամբակե) և կոշիկներ (օրինակ՝ բնական կաշից և ներբանից)։
- Ամեն օր փոխեք ձեր գուլպաները, զուգագուլպաները և կրծկալները։
- Կրեք այնպիսի կոշիկներ կամ հողաթափեր, որոնք ձեր ոտնաթաթերը պահում են զով և չոր։
Հոդվածը հրապարակվել է՝ 05-06-2019
Վերջին վերանայում՝ 22-04-2024