Առողջական խնդիրներ

Մաշկի սնկային վարակ (դերմատոֆիտիա, տինեա)

Մաշկի սնկային վարակ (դերմատոֆիտիա, տինեա)

Time Read 2 րոպե

Սնկախտը կամ մաշկի սնկային հիվանդությունը, ինչպես հուշում է անվանումը, պատճառվում է մանրադիտակային մեծության սնկային վարակով։

Ի՞նչ է որքինը

Անցյալում քորով ու թեփոտումով ուղեկցվող մաշկային հիվանդությունները միավորվում էին «որքին» անվան ներքո, սակայն ժամանակակից մաշկաբանները «որքին» տերմինը երբեմն օգտագործում են որպես մաշկային որոշ, այդ թվում՝ նաև ոչ սնկային հիվանդությունների երկրորդ անվանում (օրինակ՝ Էկզեմա կամ «թաց որքին», փսորիազ կամ «թեփավոր որքին», տրիխոֆիտիա կամ «խուզող որքին», ինչպես նաև՝ վարդագույն որքին

Ներկայումս մաշկի սնկային ախտահարումներին ավելի հաճախ անվանում են «տրիխոֆիտիաներ», «դերմատոֆիտոզներ», «դերմատոմիկոզներ» կամ պարզապես «միկոզներ»։

Ի՞նչ է մաշկի սնկային վարակը

Մաշկի սնկային վարակը կամ սնկախտը մաշկի տարածված հիվանդությունների խումբ է, որոնք պատճառվում են սնկային վարակով։ Սնկերն ավելի լավ գոյատևում են տաք և խոնավ միջավայրերում, ուստի ոտնաթաթերը («մարզիկի ոտք»), աճուկները, գլխի մազածածկ մաշկը, մարմինը (օրինակ՝ կրծքատակերը) և երբեմն ձեռքի կամ ոտքի մատների եղունգները սնկերի աճի ու բազմացման համար համարվում են լավագույն տեղամասերը։

Մաշկի սնկախտը՝ դերմատոֆիտիան կամ տրիխոֆիտիան հարուցվում է հետևյալ երեք ցեղերին պատկանող սնկերով՝

  • էպիդերմոֆիտիա (Epidermophyton)
  • տրիխոֆիտիա (Trichophyton)
  • միկոսպորիա (Microsporum)։

Մաշկի սնկային վարակի ախտանիշները

Սնկախտի նշաններից են կարմրավուն թեփոտվող ցանը, որը կարող է չորանալ ու մաքրվել, բշտիկները և քորը։ Երբեմն ցանը կարող է ի հայտ գալ որպես կլորավուն ախտահարված մակերես, որի կենտրոնական շրջանում մաշկն անփոփոխ է («մկնատամ»)։

Մատների եղունգների վրա զարգանալիս սնկախտը կարող է առաջացնել դեղնավուն կամ սպիտակավուն գունափոխություն։ Գլխի մազածածկ շրջանում տեղակայվելիս սնկախտը կարող է առաջացնել մազաթափության օջախներ։

Մաշկի սնկային վարակի տեսակները

Սնկային վարակները կարող են ախտահարել մարմնի տարբեր շրջանների մաշկը։ Կախված մաշկի ախտահարված շրջանի տեղակայումից և սնկի տեսակից, տարբերում են մաշկի սնկային հիվանդությունների հետևյալ տեսակները՝

  • «մարզիկի ոտնաթաթ» կամ ոտնաթաթի էպիդերմոֆիտիա (tinea pedis)` ոտնաթաթի սնկային վարակ
  • օնիխոմիկոզ (tinea unguium)` ձեռքի կամ ոտքի եղունգների սնկային վարակ
  • մարմնի «մկնատամ» (tinea corporis)՝ ձեռքերի, ոտքերի կամ իրանի սնկային վարակ
  • աճուկային էպիդերմոֆիտիա կամ «jock itch» (tinea cruris)՝ աճուկային և անութային (թևատակ) շրջանի սնկային վարակ
  • ձեռքի ափի էպիդերմոֆիտիա (tinea manuum)՝ դաստակի և ձեռքի ափի սնկային վարակ
  • գլխամաշկի «մկնատամ» (tinea capitis)՝ գլխի մազածածկ շրջանի սնկային վարակ
  • դիմագլխային «մկնատամ» (tinea barbae)՝ դեմքի և գլխի մազածածկ շրջանի սնկային վարակ
  • «դեմքի սունկ» (tinea faciei)` դեմքի սնկային վարակ:

Մաշկի սնկային վարակների մեծ մասն ունի մեղմ ընթացք և կարող է ի հայտ գալ ցանկացած մարդու մոտ։ Դեռահասների և երիտասարդների մոտ սնկախտն ավելի հաճախ տեղակայվում է ոտնաթաթերում («մարզիկի ոտք»)։ Վերջինս նաև հաճախ հանդիպում է մարզիկների, հասարակական բաղնիքներից, լողավազաններից, մարզասրահներից ու խաղահրապարակներից պարբերաբար օգտվող մարդկանց շրջանում։

Մաշկի սնկային վարակի բուժումը

Մաշկի ախտահարված մակերեսը պետք է պահել մաքուր և չոր, քանի որ սնկերը նախընտրում են բազմանալ խոնավ և տաք միջավայրում։

Սնկախտը բուժվում է հակասնկային դեղերով և սովորաբար «մաքրվում է» շուրջ 4 շաբաթվա ընթացքում։ Դուք կարող եք բժշկի խորհրդով գնել և օգտագործել հակասնկային որևէ կրեմ կամ քսուք։ Անպայման ծանոթացեք դեղատուփում առկա ներդիրին և հետևեք այնտեղ նշված ցուցումներին։

Հազվադեպ, սունկը կարող է մարմնի մի շրջանից տարածվել այլ շրջաններ, ուստի անձնական հիգիենան ու խնամքը կարևոր են, որպեսզի կանխարգելվի վարակի տարածումը։

Իմացե՛ք ավելին մաշկի սնկային հիվանդությունների ինքնօգնության մեթոդների, ինչպես նաև օգտագործվող դեղերի մասին։

Հոդվածը տեղադրվել է՝ 05-06-2019 վերանայվել է՝ 14-03-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով