Բուժումը կարող է կախված լինել ստրիկտուրայի տեսակից, դրա չափից և ախտանիշների ծանրության աստիճանից:
Միզուկային ստրիկտուրայի բուժումները կարող են ներառել հետևյալը:
- Միզային կաթետերիզացիա. միզապարկի մեջ կաթետեր կոչվող բարակ ռետինե խողովակի տեղադրումը հաճախ միզակապության բուժման առաջին քայլն է: Հակաբիոտիկներ նշանակվում են, եթե առկա է բակտերիալ վարակ: Ինքնակաթետերիզացումը կարող է տարբերակ լինել այն անձանց համար, ում մոտ ախտորոշվել է կարճ չափի ստրիկուրա:
- Միզուկի լայնացում, որը կոչվում է դիլատացիա․ այս դեպքում նախ միզուկով միզապարկ են ներմուծում բարակ լար: Լարի վրայով անցկացնում են ավելի ու ավելի մեծ դիլատատորներ՝ միզուկի բացվածքի չափը քիչ-քիչ մեծացնելու համար։ Այս ամբուլատոր միջամտությունը կարող է տարբերակ դառնալ միզուկի կրկնվող նեղացումների բուժման դեպքում:
- Ուրեթրոպլաստիկա. սա իրենից ներկայացնում է միզուկի նեղացած հատվածի վիրահատական հեռացումը կամ այն ավելի լայն դարձնելը: Միջամտությունը կարող է ներառել նաև միզուկը շրջապատող հյուսվածքների վերակառուցումը (պլաստիկան): Ուրեթրոպլաստիկայից հետո միզուկի ստրուկտուրայի կրկնման հավանականությունը ցածր է:
- Էնդոսկոպիկ ուրեթրոտոմիա. այս միջամտությունն օգտագործում է բարակ խողովականման գործիք (ցիստոսկոպ), որն ունի լույսի աղբյուր և ոսպնյակ: Ցիստոսկոպը տեղադրվում է միզուկի մեջ: Այնուհետև ցիստոսկոպի միջով ներմուծվում են գործիքներ՝ ստրիկուրան հեռացնելու կամ լազերային բուժման համար: Այս վիրաբուժական միջամտությունից հետո վերականգնումն ավելի արագ է ընթանուն, քան որոշ այլ միջամտություններից հետո: Այն շատ սպիացումներ չի թողնում, իսկ վարակվելու հավանականությունը ցածր է: Այնուամենայնիվ, միջամտությունից հետո միզուկի նեղացումը կարող է կրկնվել:
- Իմպլանտացված ստենտ կամ երկարաժամկետ կաթետեր․ այս բուժումները կարող են առաջարկվել ծանր նեղացում ունեցող անձանց, ովքեր չեն ցանկանում վիրահատություն անցնել: Խողովակը, որը կոչվում է ստենտ, դրվում է միզուկի մեջ՝ այն մշտապես բաց պահելու համար կամ տեղադրվում է մշտական կաթետեր, որով մեզը դատարկվում է արտաքին պարկի մեջ: Այս միջամտություններն ունեն միզապարկի գրգռման, անհարմարավետություն ստեղծելու և միզուղիների վարակների ռիսկ: Կաթետերները նաև պահանջում են ուշադրություն և մշտական խնամք: Ուրթրալ ստենտները հազվադեպ են օգտագործվում:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-11-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024