Հետևյալ հետազոտությունները կարող են օգտագործվել արգանդի պոլիպների ախտորոշման ընթացքում:
Ներհեշտոցային (տրանսվագինալ) գերձայնային հետազոտություն. հեշտոցում տեղադրված բարակ, գավազանման սարքը ձայնային ալիքներ է արձակում և ստեղծում արգանդի, ներառյալ՝ արգանդի խոռոչի պատկեր: Պոլիպը կարող է հստակ տեսանելի դառնալ կամ կարող է երևալ որպես արգանդի լորձաթաղանթի՝ էնդոմետրիումի հաստացած հյուսվածքային տարածք:
Հարակից միջամտությունը, որը հայտնի է որպես հիստերոսոնոգրաֆիա և նաև կոչվում է սոնոհիստերոգրաֆիա, պահանջում է նախապես արգանդի խոռոչի մեջ բարակ խողովակով աղային լուծույթի ներմուծում: Աղային լուծույթը լայնացնում է արգանդը՝ թույլ տալով, որ գերձայնային հետազոտությամբ ստացվեն արգանդի խոռոչի ավելի հստակ պատկերներ:
- Հիստերոսկոպիա. այս դեպքում հեշտոցով և արգանդի վզիկով արգանդի խոռոչի մեջ տեղադրվում է բարակ, ճկուն և ազատ ծայրին լույսի աղբյուր ունեցող խողովակ, որի օգնությամբ ներսից դիտվում (զննվում) է արգանդը:
- Արգանդի լորձաթաղանթի (էնդոմետրիալ) բիոպսիա. արգանդի խոռոչի մեջ տեղադրված ներծծող կաթետերով հավաքվում է կենսանմուշ լաբորատոր հետազոտության համար: Արգանդի պոլիպները կարող են հաստատվել էնդոմետրիալ բիոպսիայով, թեև բիոպսիան նաև կարող է բաց թողնել պոլիպը:
Արգանդի պոլիպների մեծ մասը բարորակ է: Սա նշանակում է, որ դրանք քաղցկեղ չեն: Սակայն արգանդի որոշ նախաքաղցկեղային փոփոխությունները, որոնք կոչվում են էնդոմետրիալ հիպերպլազիա կամ արգանդի քաղցկեղը կարող են ի հայտ գալ որպես արգանդի պոլիպներ: Հեռացված պոլիպի հյուսվածքի նմուշը հետազոտվում է քաղցկեղի նշանների համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-08-2024
Վերջին վերանայում՝ 08-08-2024