Գրադարան
Ուվեիտ (աչքի անոթաթաղանթի բորբոքում)

2 րոպե
Ուվեիտն աչքի անոթաթաղանթի բորբոքումն է, որը հաճախ պատճառում ախտահարված աչքի կարմրություն և ցավ։
Անոթաթաղանթը (ուվեա) աչքի միջին թաղանթն է և գտնվում է ցանցաթաղանթի և ֆիբոզ թաղանթի միջև։ Այն կազմված է ծիածանաթաղանթից, ցիլիար մարմնից և խորիոիդեայից (բուն անոթաթաղանթ): Վերջինս ապահովում է աչքի հիմնական արյան մատակարարումը:
Ի՞նչ է ուվեիտը
Ուվեիտը տերմին է, որը նկարագրում է աչքի միջին թաղանթի՝ անոթաթաղանթի բորբոքմամբ ընթացող հիվանդությունների խումբը։
Ըստ բորբոքման տեղակայման տարբերում են ուվեիտի հետևյալ տեսակները՝
- առաջնային ուվեիտ, որն ախտահարում է անոթաթաղնթի դիմային շրջանը՝ ծիածանաթաղանթը
- միջանկյալ ուվեիտ, որն ախտահարում է ծիածանաթաղանթի և ոսպնյակի միջև ընկած շրջանը
- ետին ուվեիտ, որն ախտահարում է աչքի ետին մասում ընկած ցանցաթաղանթը և արյունատար անոթները
- պանուվեիտ (կամ դիֆուզ ուվեիտ), որն ընդգրկում է աչքի միջին թաղանթի բոլոր շրջանները։
Ուվեիտի ախտանիշները
Ուվեիտը սովորաբար առաջացնում է աչքի կարմրություն և ցավոտություն։ Լույսը կարող է ուժեղացնել աչքի ցավը (լուսազգայունություն կամ լուսավախություն): Դուք նաև կարող եք նշել մշուշոտ տեսողություն և տեսադաշտում մուգ տեղաշարժվող բծեր։ Ուվեիտը կարող է սկսվել սուր կամ դանդաղ և ախտահարել մեկ կամ երկու աչքերը։
Ուվեիտի պատճառները
Ուվեիտի պատճառը հաճախ մնում է անորոշ, սակայն այն կարող է պատճառվել հետևյալ հիվանդություններով կամ վիճակներով՝
- աչքի վնասվածք
- աչքի վիրահատություն
- աուտոիմուն հիվանդություններ
- աչքի վարակ
- աչքն ախտահարող քաղցկեղ
- որևէ բորբոքային հիվանդություն, օրինակ՝ Կրոնի հիվանդություն։
Ուվեիտի բարդությունները
Չբուժելու դեպքում ուվեիտը կարող է առաջացնել բարդություններ, այդ թվում՝
- ցանցաթաղանթի այտուց (մակուլար այտուց)
- ցանցաթաղանթի սպիացում
- գլաուկոմա
- կատարակտ
- տեսողական նյարդի ախտահարում
- ցանցաթաղանթի շերտազատում
- տեսողության կայուն կորուստ:
Ուվեիտի ախտորոշումը
Եթե անհանգստացած եք ձեր աչքերով, դիմեք ձեր բժշկին կամ ակնաբուժին։ Աչքի բազմաթիվ հիվանդություններ ինքնուրույն լավանում են, սակայն, եթե ունեք ուվեիտ և այն մնում է չբուժված, կարող է առաջացնել աչքի ավելի լուրջ հիվանդություններ, օրինակ՝ գլաուկոմա, կատարակտ և տեսողության կորուստ։
Ձեր բժիշկը կամ ակնաբույժը կզննի ձեր աչքերը, և, եթե կասկածի ուվեիտ, կարող է նշանակել որոշ հետազոտություններ, այդ թվում՝
- արյան թեստեր
- աչքի հեղուկի մանրէաբանական հետազոտություն
- աչքի արյան հոսքի դիտում
- ցանցաթաղանթի դիտում։
Ուվեիտի բուժումը
Բուժման նպատակն է մեղմացնել բորբոքումը և լուծել պատճառ հանդիսացող հիվանդության հարցը։ Ձեզ նշանակված դեղերը կարող են լինել՝
- կորտիկոստերոիդային աչքի կաթիլներ, հաբեր կամ ներարկման ձևեր
- հակաբիոտիկներ կամ հակավիրուսային դեղեր
- այլ դեղամիջոցներ, օրինակ՝ իմունային պատասխանի փոփոխիչներ։
Ուվեիտով որոշ մարդկանց կարող է առաջարկվել վիրահատություն, որ հեռացվի կուտակված հեղուկը։
Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2019 վերանայվել է՝ 07-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: