Եթե ուվեիտը պայմանավորված է մեկ այլ հիվանդությամբ, բուժումը կարող է կենտրոնանալ կոնկրետ այդ խնդրի վրա:
Այնուամենայնիվ, ուվեիտի բուժումը սովորաբար նույնն է՝ անկախ պատճառից, քանի դեռ հիմքում վարակը չէ։ Բուժման նպատակն է նվազեցնել աչքի ներքին կառուցվածքների այտուցը, ինչպես նաև օրգանիզմի այլ շրջաններում առկա բորբոքումը (եթե առկա է): Որոշ դեպքերում կարող է պահանջվել ամիսներից մինչև տարիներ շարունակվող բուժումներ: Գոյություն ունեն ուվետի բուժման մի քանի տարբերակներ:
Դեղորայքային բուժում
- Բորբոքումը մեղմացնող դեղամիջոցներ. ձեր բժիշկը կարող է նախ նշանակել հակաբորբոքային դեղամիջոցներ, օրինակ՝ կորտիկոստերոիդներ պարունակող աչքի կաթիլներ: Աչքի կաթիլները սովորաբար բավարար չեն ներակնային բորբոքումը բուժելու համար, ուստի կարող է անհրաժեշտ լինել կորտիկոստերոիդների ներարկում ակնագնդի մեջ կամ դրա շուրջը կամ կորտիկոստերոիդային դեղահաբեր (բերանով ընդունված):
- Կծկանքը (սպազմը) վերահսկող դեղամիջոցներ. բբերը լայնացնող աչքի կաթիլները կարող են նշանակվել ծիածանաթաղանթի և թարթիչային մարմնի կծկանքները մեղմացնելու համար, ինչը կարող է օգնել աչքի ցավի թեթևացմանը:
- Բակտերիաների կամ վիրուսների դեմ դեղամիջոցներ. եթե ուվեիտն առաջացել է վարակի հետևանքով, ձեր բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկներ, հակավիրուսային կամ այլ դեղամիջոցներ (կորտիկոստերոիդներով կամ առանց դրա)՝ վարակը բուժելու կամ վերահսկելու համար:
- Իմունային համակարգի վրա ազդող կամ բջիջները ոչնչացնող դեղամիջոցներ․ ձեզ կարող են անհրաժեշտ լինել իմունոսուպրեսիվ դեղամիջոցներ, եթե ուվեիտն ընդգրկել է ձեր երկու աչքերը, լավ չի արձագանքում կորտիկոստերոիդներին կամ դարձել է այնքան ծանր, որ սպառնում է ձեր տեսողությանը:
Այս դեղամիջոցներից որոշները կարող են դրսևորել աչքի հետ կապված լուրջ կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են գլաուկոման և կատարակտը: Բերանային (օրալ) կամ ներարկային դեղամիջոցը նաև կարող է կողմնակի ազդեցություն դրսևորել օրգանիզմի այլ շրջաններում: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի հաճախակի այցելել ձեր բժշկին՝ լրացուցիչ հետազոտությունների և արյան անալիզների համար:
Վիրահատական և այլ միջամտություններ
- Վիտրէկտոմիա. ներկայում աչքի ապակենման մարմնի մի մասի հեռացման վիրահատությունը հազվադեպ է օգտագործվում ուվեիտի ախտորոշման կամ բուժման համար:
- Դեղորայք ազատող իմպլանտ․ դժվար բուժելի հետին (պոստերիոր) ուվեիտ ունեցող մարդկանց համար աչքի մեջ ներդրվող իմպլանտը կարող է տարբերակ լինել: Իմպլանտն աստիճանաբար՝ ամիսների և տարիների ընթացքում կորտիկոստերոիդ է արձակում աչքի մեջ: Եթե մարդիկ կատարակտի վիրահատություն չեն տարել, նման բուժումը սովորաբար հանգեցնում է կատարակտի զարգացման: Բացի այդ, հիվանդների մինչև 30%-ը պահանջում է ներակնային ճնշման կամ գլաուկոմայի բուժում կամ վերահսկում:
Ապաքինման արագությունը մասամբ կախված է ձեր ուվեիտի տեսակից և ախտանիշների ծանրության աստիճանից: Հետին (պոստերիոր) ուվեիտը կամ պանուվետիը սովորաբար ավելի դանդաղ են բուժվում, քան առաջային (անտերիոր) ուվետը: Ծանր բորբոքման բուժումն ավելի երկար է տևում, քան թեթև բորբոքմանը:
Ուվեիտը կարող է կրկնվել: Այցելեք ձեր բժշկին, եթե ձեր ախտանիշներից որևէ մեկը կրկնվում կամ վատթարանում է:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-07-2024
Վերջին վերանայում՝ 29-07-2024