Երբ այցելեք ակնաբույժին (օֆթալմոլոգ), նա, ամենայն հավանականությամբ, կանցկացնի լիարժեք աչքերի քննություն և կհավաքի ձեր խնդրի հետ կապված մանրակրկիտ տեղեկատվություն (անամնեզ):
Աչքի քննությունը սովորաբար ներառում է հետևյալը:
- Տեսողության ստուգում (ակնոցներով, եթե դրանք սովորաբար կրում եք) և ձեր բբերի արձագանքը լույսին (բբային ռեակցիա):
- Տոնոմետրիա. այս հետազոտությունը չափում է ձեր աչքի ներսում առկա ճնշումը (ներակնային ճնշում): Հետազոտության համար կարող են օգտագործվել անզգայացնող աչքի կաթիլներ:
- Ճեղքող լամպի հետազոտություն․ ճեղքող լամպը մանրադիտակ է, որը մեծացնում և լուսավորում է ձեր աչքի առջևի հատվածը լույսի ինտենսիվ գծով: Հետազոտությունն անհրաժեշտ է աչքի առջևի կառուցվածքներում մանրադիտակային բորբոքային բջիջներ հայտնաբերելու համար:
- Օֆթալմոսկոպիա. սա նաև հայտնի է որպես ֆոնդուսկոպիա և անցկացվում է բբերը լայնացնող աչքի կաթիլների կիրառումից հետո: Օֆթալմոսկոպիայի ընթացքում վառ լույսի օգնությամբ զննվում է աչքի հետևի կառուցվածքները:
Ձեր բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ հետևյալ հետազոտությունները:
- Աչքի ներսի (ցանցաթաղանթի) գունավոր լուսանկարահանում։
- Օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա (OCT), որը քարտեզագրում է ցանցաթաղանթը և բուն անոթաթաղանթը՝ այս շերտերում այտուց հայտնաբերելու համար:
- Ֆլուորեսցենտային անգիոգրաֆիա կամ ինդոցիանին կանաչով անգիոգրաֆիա․ այս հետազոտությունները պահանջում են ձեր ձեռքի երակով կոնտրաստային նյութի ներարկում: Կոնտրաստային լուծույթը հասնում է աչքերի արյունատար անոթներ և թույլ է տալիս պատկերել աչքերի ներսում այտուցված արյունատար անոթները:
- Աչքից վերցված ներակնային հեղուկի կամ ապակենման մարմնի նմուշի հետազոտություն:
- Արյան թեստեր:
- Պատկերային թեստեր, օրինակ՝ ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) կամ մագիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)։
Եթե ակնաբույժը կարծում է, որ ձեր ուվեիտի պատճառը մեկ այլ հիվանդություն է, ձեզ կարող է ուղեգրել մեկ այլ մասնագետի խորհրդատվության:
Երբեմն դժվար է գտնել ուվեիտի որևէ կոնկրետ պատճառ: Նույնիսկ եթե կոնկրետ պատճառը չի հայտնաբերվել, ուվեիտը դեռ կարող է հաջողությամբ բուժվել: Դրան հակառակ, շատ դեպքերում ուվեիտի պատճառի բացահայտումը չի երաշխավորում բուժման արդյունավետությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-07-2024
Վերջին վերանայում՝ 26-07-2024