Ուվեիտը կարող է սկսվել սուր կամ դանդաղ և ախտահարել մեկ կամ երկու աչքերը։
Ուվեիտի գանգատները, ախտանիշները և բնութագրիչները կարող են ներառել հետևյալը`
- աչքի կարմրություն
- աչքի ցավոտություն
- լուսազգայունություն կամ լույսի ազդեցությամբ աչքի ցավի սաստկացում (լուսավախություն)
- մշուշոտ տեսողություն
- տեսադաշտում մուգ տեղաշարժվող (լողացող) բծեր կամ պղտորումներ
- տեսողության թուլացում:
Ախտանիշները կարող են ի հայտ գալ հանկարծակի և արագորեն վատթարանալ, թեև որոշ դեպքերում զարգանում են աստիճանաբար: Դրանք կարող են ազդել մեկ կամ երկու աչքերի վրա: Երբեմն ախտանշաններ չեն նկատվում, և ուվետի նշանները հայտնաբերվում են պատահականորեն՝ աչքի սովորական քննության ժամանակ:
Ուվեան աչքի պատի հյուսվածքի միջին շերտն է կամ ակնագնդի միջին պատյանը: Այն կազմված է ծիածանաթաղանթից (իրիս), թարթիչային մարմնից և բուն անոթաթաղանթից (խորեոիդ)։ Երբ հայելու մեջ զննեք ձեր աչքը, կտեսնեք աչքի սպիտակ հատվածը, որը կոչվում է սպիտակուցապատյան կամ կարծրաթաղանթ (սկլերա) և աչքի գունավոր մասը՝ ծիածանաթաղանթը:
Ծիածանաթաղանթը գտնվում է աչքի առջևի ներսում։ Թարթիչային մարմինը ծիածանաթաղանթի հետևում գտնվող կառուցվածք է, որի մկանախրձերը նուրբ թելիկներով կապված են երկուռուցիկ ոսպնյակը գրկող պատյանի հետ։ Թարթիչային մարմնի մկանները կծկվելով թուլացնում կամ ձգում են ոսպնյակի պատյանի կապանները՝ փոփոխելով նրա լուսաբեկիչ հատկությունները։ Հեռու գտնվող առարկաները դիտելիս ոսպնյակը տափակում է, մոտիկին նայելիս՝ դառնում ավելի ուռուցիկ (կոչվում է ակոմոդացիա)։ Բուն անոթաթաղանթը ակնագունդը սնող արյունատար անոթներով հարուստ շերտ է՝ ընկած ցանցաթաղանթի և կարծրաթաղանթի միջև: Ցանցաթաղանթը (ռետինա) պաստառի նման ներսից ծածկում աչքի հետևի հատվածը, որից առաջ լցված է դոնդողանման թափանցիկ հեղուկ, որը կոչվում է ապակենման մարմին (վիտրեուս):
Ուվեիտի տեսակը կախված է նրանից, թե աչքի որ հատվածը կամ կառուցվածքներն են բորբոքված.
- Առաջային (անտերիոր) ուվեիտն ազդում է ձեր աչքի առջևի հատվածի ներսային շրջանի (եղջերաթաղանթի և ծիածանաթաղանթի միջև) և թարթիչային մարմնի վրա: Այն նաև կոչվում է իրիտ և հանդիսանում է ուվեիտի ամենատարածված տեսակը: Բորբոքումը կարող է հանդես գալ որպես եզակի դրվագ և բուժումից հետո այլևս չկրկնվել կամ կարող է քրոնիկանալ և պարբերաբար կրկնվել։
- Միջանկյալ ուվեիտն ազդում է ցանցաթաղանթի և արյունատար անոթների վրա՝ անմիջապես ոսպնյակի հետևում (pars plana), ինչպես նաև աչքի կենտրոնում գտնվող դոնդողանման զանգվածի վրա (ապակենման մարմին), որն առաջացնում է տեսադաշտում լողացող պղտորումներ։
- Հետին (պոստերիոր) ուվեիտն ազդում է ձեր աչքի հետին մասի ներսային շերտի՝ ցանցաթաղանթի կամ բուն անոթաթաղանթի վրա: Այն նաև կոչվում է խորեոռետինիտը:
- Պանուվեիտը կամ դիֆուզ ուվեիտն առաջանում է, երբ աչքի առջևից մինչև հետևի մաս ընկած ուվեայի բոլոր շերտերը բորբոքվում են։
Ե՞րբ դիմել բժշկին
Կապ հաստատեք ձեր ընտանեկան բժշկի հետ, եթե կարծում եք, որ ունեք ուվեիտի մասին նախազգուշացնող նշաններ: Նա կարող է ձեզ ուղղորդել ակնաբույժի մոտ (օֆթալմոլոգ): Եթե ունեք անհանգստացող աչքի ցավ և հանկարծակի տեսողական խնդիրներ, անհապաղ դիմեք բժշկի:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-07-2024
Վերջին վերանայում՝ 26-07-2024