Առողջական խնդիրներ
Վարիկոցելե (սերմնալարի երակների լայնացում)

3 րոպե
Եթե դուք ձեր ամորձիների շրջանում տեսնում կամ զգում եք անսովոր այտուցվածություն, սա կարող է լինել վարիոցելեի նշան։
Վարիկոցելեն սովորաբար անվնաս է, սակայն, եթե դուք ունեք ցավ կամ անպտղության խնդիր, բուժումը կարող է օգնել։
Ի՞նչ է վարիկոցելեն
Վարիկոցելեն ամորձապարկում, ամորձու կողքին կամ վերևում առաջացող որդանման լայնացած երակացանցն է։ Որոշ տղամարդիկ նշում են, այս երակացանցը զգում են որպես «որդերի կուտակում»։ Վարիկոցելեն սովորաբար զգացվում է ձախ ամորձու մոտ, սակայն կարող է ընդգրկել զույգ ամորձիները։
Վարիկոցելեն սովորաբար զարգանում է տղա երեխաների մոտ, սակայն հաճախ հայտնաբերվում է ուշ դեռահասության կամ ավելի ուշ տարիքում, երբ ամորձիների արյունամատակարարումն առատանում է։ Որոշ տղամարդիկ այս երակացանցն ընդհանրապես կարող են չզգալ։
Վարիկոցելեի ախտանիշները
Դուք սովորաբար տեսնում եք ամորձու շրջանի արտասովոր այտուցվածություն, որն ավելի հեշտ է նկատել, երբ դուք ոտքի եք կանգնում։
Բազմաթիվ մարդիկ որևէ ցավ չեն զգում։ Սակայն, երբեմն այն կարող է դառնալ ցավոտ կամ անհարմարավետություն պատճառել, հատկապես ֆիզիկական վարժանք կատարելիս կամ շոգ պայմաններում։ Որոշ տղամարդիկ կարող են նշել նաև «քաշելու», «ձգման» կամ ամորձիների ծանրության զգացողություն։
Վարիկոցելեն սովորաբար անվնաս է, սակայն երբեմն կարող է առաջացնել ամորձու լայնացում։ Այն կարող է նաև բերել անպտղության, քանի որ առատացած արյան հոսքը բերում է այտուցի և լրացուցիչ տաքության, որի պայմաններում սերմնահեղուկի արտադրությունը տուժում է։
Վարիկոցելեի պատճառները
Վարիկոցելեն առաջանում է ամորձիներից արյունը ետ վերադարձնող երակային ցանցի խնդրի պատճառով։
Սովորաբար, այս երակների փականները խոչընդոտում են արյան հետադարձ հոսքը։ Եթե այդ փականները լավ չեն գործում (երակային անբավարարություն), արյան հետադարձ հոսքի պատճառով զարգանում է արյան տեղային կանգ և երակների լայնացում։
Վարիկոցելեն հակում ունի հանդիպելու ընտանիքներում, հավանաբար, ժառանգական նախատրամադրող գործոնների պատճառով։
Երիկամի ուռուցքը, ճնշելով կոնքի խոռոչի խոշոր երակները, կարող է նպաստել վարիկոցելեի զարգացման արագացմանը։ Սա ավելի հաճախ հանդիպում է բարձր տարիքով տղամարդկանց շրջանում։
Եթե դուք ձեր ամորձիների շրջանում տեսնում կամ շոշափում եք որևէ արտասովոր գոյացություն, դիմեք ձեր բժշկին։
Վարիկոցելեի ախտորոշումը
Բժիշկը ձեր կանգնած վիճակում ձեր ամորձիները զննման ընթացքում կարող է խնդրել, որպեսզի դուք հազաք, որպեսզի վարիկոցելեն ավելի լավ երևա կամ շոշափվի։
Բժիշկը կարող է նաև չափել ձեր ամորձիների ջերմաստիճանը։
Եթե ուռածությունը փոքր է, ձեզ կարող է առաջարկվել նաև ամորձապարկի պարունակության սոնոգրաֆիկ հետազոտություն։
Վարիկոցելեի բուժումը
Եթե դուք չունեք գանգատներ կամ պտղաբերության հետ կապված խնդիրներ, ապա որևէ բուժման անհրաժեշտություն կարող է չլինել։
Եթե վարիկոցելեն ցավոտ է, մեկ ամորձին մյուսից փոքր է կամ ունեք անպտղության խնդիր, բժիշկը կարող է առաջարկել բուժում։ Ընդհանուր առմամբ, կա վարիկոցելեի բուժման երկու տարբերակ։
Առաջինը վիրահատություն է, որի ժամանակ համարժեք անզգայացման պայմաններում ձեր որովայնի կամ աճուկի շրջանում կատարվում է փոքր կտրվածք և կարվում կամ փակվում են սերմնալարի երակները։ Վիրահատությունից հետո մի քանի օր դուք կարող եք զգալ որոշակի ցավեր։
Երկրորդ տարբերակն այսպես կոչված «էմբոլիզացիան» է, որի ժամանակ փոքր մաշկային կտրվածքից դեպի երակ ներմուծված բարակ մետաղյա փաթույթով փակվում է այդ երակի լուսանցքը։ Նման միջամտությունը կատարվում է տեղային անզգայացման ներքո և հետվիրահատական ընթացքն ավելի հարթ ու արագ է։
Որոշ դեպքերում վարիկոցելեի վիրահատությունը կարող է բարելավել ձեր պտղաբերությունը։
Վարիկոցելեի մասին պատմելը
Զրուցեք ձեր զուգընկերուհու, ընտանիքի անդամների կամ բժշկի հետ ձեր ախտանիշների մասին։ Նման դեպքերում բժիշկը կկարողանա հնարավորինս վաղ հայտնաբերել վարիկոցելեին նմանվող այլ, սակայն ավելի լուրջ հիվանդությունները, օրինակ՝ ամորձիների քաղցկեղը։
Հոդվածը տեղադրվել է՝ 18-05-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: