Անոթային դեմենցիան առաջանում է այն վիճակներից ու հիվանդություններից, որոնք վնասում են ձեր գլխուղեղի արյունատար անոթները՝ նվազեցնելով գլխուղեղին սննդանյութերի և թթվածնի համարժեք քանակներ մատակարարելու դրանց կարողությունը, որն անհրաժեշտ է մտածողության գործընթացներն արդյունավետ իրականացնելու համար:
Ընդհանուր հիվանդությունները և վիճակները, որոնք կարող են հանգեցնել անոթային դեմենցիայի, ներառում են հետևյալը:
- Ինսուլտ (գլխուղեղի ինֆարկտ), որն արգելափակում է գլխուղեղի զարկերակը. ինսուլտները, որոնք արգելափակում են գլխուղեղի զարկերակը, սովորաբար առաջացնում են մի շարք ախտանիշներ, որոնք կարող են ներառել անոթային դեմենցիա: Սակայն, որոշ ինսուլտներ ոչ մի նկատելի ախտանիշ չեն առաջացնում: Այս «համր» ինսուլտներն, այնուամենայնիվ, կարող են մեծացնել դեմենցիայի ռիսկը: Ինչպես «համր», այնպես էլ ակնհայտ ինսուլտների դեպքում անոթային դեմենցիայի ռիսկը մեծանում է ժամանակի ընթացքում տեղի ունեցող ինսուլտների քանակով: Անոթային դեմենցիայի մի տեսակ, որը ներառում է բազմաթիվ ինսուլտներ, կոչվում է բազմաինֆարկտային դեմենցիա:
- Ուղեղային արյունահոսություն (հեմոռագիկ ինսուլտ). սա հաճախ առաջանում է բարձր արյան ճնշման (հիպերտենզիայի) հետևանքով, որը թուլացնում է արյունատար անոթը և հանգեցնում է ուղեղային արյունահոսության՝ պատճառելով ուղեղանյութի վնասում կամ փոքր արյունատար անոթներում սպիտակուցի կուտակում: Վերջինս զարգանում է ծերացման հետևանքով և ժամանակի ընթացքում թուլացնում է արյունատար անոթները (ուղեղային ամիլոիդ անգիոպաթիա):
- Գլխուղեղի արյունատար անոթների նեղացում կամ քրոնիկ վնասում. վիճակները, որոնք նեղացնում կամ երկարատև վնաս են հասցնում ձեր գլխուղեղի արյունատար անոթներին, նույնպես կարող են հանգեցնել անոթային դեմենցիայի: Այս վիճակները ներառում են անոթների «մաշվածություն»՝ կապված ծերացման, բարձր արյան ճնշման, արյունատար անոթների ախտաբանական ծերացման (աթերոսկլերոզի) և շաքարային դիաբետի հետ։
Ռիսկի գործոններ
Ընդհանուր առմամբ, անոթային դեմենցիայի ռիսկի գործոնները նույնն են, ինչ սրտային հիվանդության և ինսուլտի դեպքում: Անոթային դեմենցիայի ռիսկի գործոնները ներառում են հետևյալը:
- Տարիքի բարձրացում (ծերացում). անոթային դեմենցիայի վտանգը մեծանում է, երբ մեծանում եք: Խանգարումը հազվադեպ է հանդիպում մինչև 65 տարեկանը, և ռիսկը զգալիորեն աճում է մինչև 90 տարեկանը:
- Սրտամկանի ինֆարկտի, ինսուլտի կամ մինի-ինսուլտի պատմություն. եթե սրտամկանի ինֆարկտ եք ունեցել, ձեր գլխուղեղում արյունատար անոթների հետ կապված խնդիրներ ունենալու ռիսկի մեծացում կա: Գլխուղեղի վնասը, որը տեղի է ունենում ինսուլտի կամ մինի-ինսուլտի (անցողիկ իշեմիկ գրոհ) ժամանակ, կարող է մեծացնել դեմենցիայի զարգացման ռիսկը:
- Արյունատար անոթների ախտաբանական ծերացում (աթերոսկլերոզ). այս վիճակը զարգանում է, երբ խոլեստերինի և այլ նյութերի նստվածքները (վահանիկներ) կուտակվում են ձեր զարկերակներում և նեղացնում ձեր արյունատար անոթները: Աթերոսկլերոզը կարող է մեծացնել անոթային դեմենցիայի ռիսկը՝ նվազեցնելով ձեր գլխուղեղը սնուցող արյան հոսքը:
- Բարձր խոլեստերին. ցածր խտության լիպոպրոտեինի (ՑԽԼ)՝ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակը կապված է անոթային դեմենցիայի ռիսկի մեծացման հետ։
- Բարձր արյան ճնշում (հիպերտենզիա). երբ ձեր արյան ճնշումը չափազանց բարձր է, դա լրացուցիչ լարվածություն է առաջացնում արյունատար անոթների վրա ձեր օրգանիզմի ցանկացած շրջանում, այդ թվում՝ ձեր գլխուղեղում: Սա մեծացնում է գլխուղեղի անոթային խնդիրների վտանգը:
- Շաքարային դիաբետ. գլյուկոզի բարձր մակարդակը վնասում է ամբողջ օրգանիզմի արյունատար անոթները: Գլխուղեղի արյունատար անոթների վնասը կարող է մեծացնել ինսուլտի և անոթային դեմենցիայի ռիսկը:
- Ծխելը. ծխելն ուղղակիորեն վնասում է ձեր արյունատար անոթները՝ մեծացնելով աթերոսկլերոզի և արյան շրջանառության այլ հիվանդությունների, այդ թվում՝ անոթային դեմենցիայի ռիսկը:
- Գիրություն. ավելորդ քաշն ընդհանուր առմամբ անոթային հիվանդությունների հայտնի ռիսկի գործոն է, և, հետևաբար, ենթադրաբար մեծացնում է նաև անոթային դեմենցիայի ռիսկը:
- Նախասրտերի շողացում (շողացող առիթմիա). սրտի այս ոչ նորմալ ռիթմի դեպքում ձեր սրտի վերին խոռոչները (նախասրտերը) սկսում են արագ և անկանոն կծկվել՝ չհամապատասխանելով ձեր սրտի ստորին խոռոչների (փորոքների) հետ: Նախասրտերի ֆիբրիլյացիան մեծացնում է ինսուլտի ռիսկը, քանի որ առաջացնում է արյան մակարդուկների (թրոմբի) ձևավորում սրտում, որոնք կարող են պոկվել և տեղափոխվել դեպի գլխուղեղի արյունատար անոթներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024