Անոթային դեմենցիայի ախտանիշները տարբերվում են՝ կախված ձեր գլխուղեղի այն շրջանից, որտեղ արյան հոսքը խանգարվել է:
Ախտանիշները հաճախ համընկնում են այլ տեսակի դեմենցիայի, հատկապես Ալցհեյմերի հիվանդության դեմենցիայի ախտանիշների հետ: Սակայն, ի տարբերություն Ալցհեյմերի հիվանդության, անոթային դեմենցիայի ամենակարևոր ախտանիշները հակված են բացասաբար ազդելու մտածելու արագության և խնդիրների լուծման վրա, այլ ոչ թե հանգեցնելու հիշողության կորստին:
Անոթային դեմենցիայի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- շփոթվածություն
- ուշադրության և կենտրոնանալու դժվարություն
- մտքերը կամ գործողությունները կազմակերպելու ունակության թուլացում
- իրավիճակը վերլուծելու, արդյունավետ ծրագիր մշակելու և այդ ծրագիրը ուրիշներին հաղորդելու ունակության նվազում
- մտածողության դանդաղեցում
- կազմակերպման հետ կապված դժվարություններ
- դժվարություն որոշելու, թե ինչ անել հետո
- հիշողության հետ կապված խնդիրներ
- անհանգստություն և հոգեշարժական գրգռվածություն (աժիտացիա)
- անկայուն քայլվածք
- դեպրեսիա կամ անտարբերություն (ապաթիա):
Անոթային դեմենցիայի ախտանիշները կարող են առավել հստակ լինել, երբ դրանք հանկարծակի հայտնվում են ինսուլտից հետո: Երբ ձեր մտածողության և դատողության փոփոխությունները կարծես կապված են ինսուլտի հետ, այս վիճակը երբեմն կոչվում է հետինսուլտային դեմենցիա:
Երբեմն անոթային դեմենցիայի ախտանիշների բնորոշ բնույթը հաջորդում է մի շարք ինսուլտներին կամ մինի-ինսուլտներին: Ձեր մտածողության գործընթացներում փոփոխությունները տեղի են ունենում նկատելի քայլերով, որոնք նվազում են ձեր նախորդ գործունեության մակարդակից՝ ի տարբերություն աստիճանական, կայուն անկման, որը սովորաբար տեղի է ունենում Ալցհեյմերի հիվանդության դեմենցիայի դեպքում:
Այնուամենայնիվ, անոթային դեմենցիան նաև կարող է զարգանալ շատ աստիճանաբար, ինչպես Ալցհեյմերի հիվանդության դեմենցիան: Ավելին, անոթային հիվանդությունը և Ալցհեյմերի հիվանդությունը հաճախ հանդիպում են միասին:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն դեմենցիա և գլխուղեղի անոթային հիվանդություն, ունեն նաև Ալցհեյմերի հիվանդություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024