Ձեր դաստակի որևէ շրջանի վնասումը կարող է առաջացնել ցավ և ազդել նույն դաստակը և ձեռքն օգտագործելու ունակության վրա:
Վնասվածքներ
- Հանկարծակի ազդեցություն. դաստակի վնասվածքները հաճախ առաջանում են, երբ ընկնում եք դեպի առաջ՝ ձեռքը պարզած վիճակում: Սա կարող է առաջացնել գերձգում (растяжение) և անգամ կոտրվածք: Դաստակի կիսալուսնաձև ոսկրի կոտրվածքը կարող է առաջացնել ուժեղ ցավ, սակայն ռենտգեն պատկերի վրա չերևալ:
- Կրկնվող լարվածություն. ցանկացած ֆիզիկական ակտիվություն, որը ներառում է դաստակի կրկնվող պտտողական շարժումներ՝ սկսած թենիսի գնդակին հարվածելուց կամ ջութակ նվագելուց մինչև մեքենայի տևական վարում, կարող է բորբոքել դաստակի հոդերը շրջապատող հյուսվածքները կամ առաջացնել լարվածության (սթրես) կոտրվածքներ, հատկապես, եթե դուք այդ շարժումներն անում եք ժամեր շարունակ՝ առանց դադարի: Դե Կերվենի հիվանդությունը կրկնվող սթրեսային վնասվածք է, որն առաջացնում է ցավեր բութ մատի հիմքի շրջանում:
Հոդաբորբ (արթրիտ)
- Օստեոարթրիտ. հոդաբորբի այս տեսակը զարգանում է, երբ ձեր ոսկրերի ծայրերը ծածկող աճառը ժամանակի ընթացքում «մաշվում» է: Դաստակի օստեոարթրիտը տարածված չէ և սովորաբար հանդիպում է միայն այն մարդկանց մոտ, ովքեր անցյալում վնասել են իրենց դաստակը:
- Ռևմատոիդ արթրիտ. սա աուտոիմուն խանգարում է, որի ժամանակ օրգանիզմի իմունային համակարգը գրոհում և վնասում է սեփական հյուսվածքները: Ռևմատոիդ արթրիտը հաճախ է ներառում դաստակը: Եթե մի ձեռքի դաստակն ախտահարված է, սովորաբար ախտահարվում է նաև մյուս ձեռքինը:
Այլ հիվանդություններ և խնդիրներ
- Կարպալ թունելի համախտանիշ. կարպալ (դաստակային) թունելի համախտանիշը զարգանում է, երբ համանուն խողովակով անցնող և անմիջապես դաստակային լայնաձիգ կապանի տակ գտնվող միջնակ նյարդը ճնշվում կամ ճմլվում է:
- Գանգլիոնային կիստաներ. փափուկ հյուսվածքի կիստաները սովորաբար առաջանում են դաստակի ափային մակերեսին: Գանգլիոնային կիստաները կարող են լինել ցավոտ, իսկ շարժումների ժամանակ ցավը կարող է ուժեղանալ կամ թուլանալ:
- Կինբեքի հիվանդություն. այս խանգարումը սովորաբար հանդիպում է երիտասարդ չափահասների մոտ և դրսևորվում է դաստակի փոքր ոսկերերից մեկնումեկի հարաճուն քայքայմանբ: Հիվանդությունը զարգանում է, երբ այդ ոսկրի արյան հոսքը դժվարանում է:
Ռիսկի գործոններ
Դաստակի ցավը կարող է ի հայտ գալ ցանկացած մարդու մոտ՝ անկախ այն փաստից, թե դուք նստակյաց թե ակտիվ առօրյա ունեք: Սակայն ձեր ռիսկը բարձրանում է հետևյալ գործոնների առկայության ժամանակ:
- Մարզական գործունեություն. դաստակի վնասվածքները տարածված են տարբեր մարզաձևերով զբաղվող կամ պարապող մարդկանց շրջանում, ում մոտ առկա է դաստակի վրա ուժեղ ազդեցություն կամ կրկնվող լարվածություն: Մարդկանց այս խումբը ներառում է՝ ֆուտբոլիստներ, թենիսիստներ, մարմնամարզիկներ, գոլֆ խաղացողներ և այլն:
- Կրկնվող աշխատանք. գրեթե բոլոր տեսակի գործերը, որոնցում ներառված են ձեր ձեռքերը և դաստակները, նույնսիկ մկրատով մազերը կտրելը, եթե կատարվում են բավարար ուժով և բավականին հաճախ, կարող են առաջացնել դաստակային ցավեր:
- Որոշ հիվանդություններ և վիճակներ. հղիությունը, շաքարային դիաբետը, գիրությունը, ռևմատոիդ արթրիտը և պոդագրան կարող են բարձրացնել կարպալ թունելի համախտանիշի զարգացման ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-03-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024