Skip to main content

Բուժում - Դաստակի ցավ

Դաստակի հետ կապված խնդիրների բուժումը մեծապես կախված է վնասվածքի տեսակից, տեղակայումից և ծանրության աստիճանից, ինչպես նաև ձեր տարիքից և ընդհանուր առողջական վիճակից:

Դեղորայքային բուժում

Սովորական ցավազրկողները, օրինակ՝ Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին և այլն) և Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն), կարող են մեղմացնել դաստակի ցավը: Ուժեղ կամ անդիմադրելի ցավերի դեպքում բժիշկը կարող է դուրս գրել ավելի ուժեղ ազդող ցավազրկող:

Թերապիաներ

Ֆիզիոթերապևտը կարող է առաջարկել հատուկ բուժումներ և վարժանքներ ինչպես վնասվածքների, այնպես էլ ջլերի խնդիրների դեպքում: Եթե ունեք վիրահատության կարիք, ֆիզիոթերապիան նաև կարող է օգնել հետվիրահատական վերականգնման շրջանում:

Օգտակար կարող է լինել նաև էրգոնոմիկ գնահատումը, որը կարող է հայտնաբերել աշխատավայրի այն գործոնները, որոնք կարող են նպաստել դաստակի ցավի առաջացմանը:

Եթե ունեք դաստակի շրջանում ոսկրի կոտրվածք, կարող է առաջանալ տեղաշարժված ոսկրի ուղղման անհրաժեշտություն, որը թույլ կտա, որ կոտրված ոսկորը «ճիշտ կպնի» և շուտ լավանա: Նման դեպքերում բժիշկը կարող է օգտագործել դաստակն անշարժացնող տարբեր միջոցներ՝ ինչպես գիպս, այնպես էլ ձեռքի շինաներ կամ այլ ֆիքսատորներ:

Պաշտպանիչ ֆիքսատորները նաև կարող են օգնել կրկնվող շարժումներով պատճառված գերօգտագործման կոտրվածքների կանխարգելմանը:

Վիրահատություն

Որոշ դեպքերում ձեզ կարող է առաջարկվել վիրահատական բուժում: Ահա որոշ օրինակներ:

  • Կոտրվածքներ. որոշ դեպքերում կարող է առաջանալ վիրահատության անհրաժեշտություն, որ կայուն անշարժացվի կոտրված ոսկրը կամ մետաղական թիթեղով կոտրված բեկորներն ամրացվեն ոսկրին:
  • Կարպալ թունելի համախտանիշ. եթե ձեր գանգատները խիստ անհանգստացնող են, բաց կամ էնդոսկոպիկ վիրահատությամբ կարող է հատվել դաստակային լայնաձիգ կապանը՝ թուլացնելու նյարդի տեղային ճնշումը կամ ճմլումը:
  • Կապանի կամ ջլի վերականգնում. բաց կամ էնդոսկոպիկ վիրահատությամբ նաև կարող են վերականգնվել վնասվածքի պատճառով պատռված կապանները կամ ջլերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 16-03-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024