Բերանի չորությունն առաջանում է, երբ բերանի թքագեղձերը այնքան թուք չեն արտադրում, որ ձեր բերանի խոռոչը խոնավ պահեն:
Այս գեղձերը կարող են ճիշտ չգործել հետևյալ պատճառներով:
- Դեղորայք. հարյուրավոր դեղամիջոցներ, ներառյալ բազմաթիվ դեղատոմս չպահանջող դեղեր, որպես կողմնակի ազդեցություն առաջացնում են բերանի չորացում: Խնդիրներ առաջացնելու ավելի հավանական տեսակների թվում են որոշ դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են դեպրեսիայի, բարձր արյան ճնշման և տագնապի համար, ինչպես նաև որոշ հակահիստամիններ, դեկոնգեստանտներ, միզամուղներ, միոռելաքսանտներ և ցավազրկողներ:
- Ծերացում. շատ տարեց մարդիկ տարիքի հետ զգում են բերանի չորություն: Նպաստող գործոնները ներառում են դեղերի օգտագործումը, օրգանիզմի՝ դեղամիջոցները նյութափոխանակելու ունակության փոփոխությունները, անբավարար սնուցումը և երկարաժամկետ առողջական խնդիրներ ունենալը:
- Քաղցկեղի բուժում. քիմիոթերապիայի դեղամիջոցները կարող են փոխել թքի բնույթը և արտադրվող քանակությունը: Սա կարող է լինել ժամանակավոր և բուժման ավարտից հետո նորմալ թքահոսքը վերականգնվի: Ձեր գլխի և պարանոցի ճառագայթային թերապիան կարող է վնասել թքագեղձերը՝ առաջացնելով թքի արտադրության զգալի նվազում: Սա նույնպես կարող է լինել ժամանակավոր կամ մշտական՝ կախված ճառագայթման չափաբաժնից և բուժվող շրջանից:
- Նյարդային վնասում. վնասվածքը կամ վիրահատությունը, որը հանգեցնում է ձեր գլխի և պարանոցի շրջանի նյարդերի վնասմանը, կարող է հանգեցնել բերանի չորության:
- Այլ առողջական վիճակներ. բերանի չորությունը կարող է պայմանավորված լինել որոշ առողջական խնդիրներով, ինչպիսիք են շաքարային դիաբետը, ինսուլտը, տագնապը, ջրազրկումը, բերանի խոռոչի խմորասնկիկային վարակը (կաթնախտ), Ալցհեյմերի հիվանդությունը, աուտոիմուն հիվանդությունների, ինչպիսիք են Շյոգրենի համախտանիշը, սկլերոդերմիան, գայլախտը, ռևմատոիդ արթրիտը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը: Խռմփոցն ու բաց բերանով շնչելը նույնպես կարող են նպաստել բերանի չորությանը:
- Ծխախոտի և ալկոհոլի օգտագործում. ալկոհոլ խմելը և ծխելը կամ ծխախոտ ծամելը կարող են վատթարացնել բերանի չորության ախտանիշները:
- Ժամանցային (ակումբային) թմրամիջոցների օգտագործում. մեթամֆետամինի օգտագործումը կարող է առաջացնել բերանի սաստիկ չորություն և ատամների վնասում՝ մի վիճակ, որը նաև հայտնի է որպես «մեթամֆետամինային բերան»: Մարիխուանան նույնպես կարող է բերանի չորություն առաջացնել:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-05-2018
Վերջին վերանայում՝ 22-04-2024