Ի լրումն ձեր բժշկի խորհուրդների, այս միջոցները կարող են օգնել բերանի չորության ախտանիշների մեղմացմանը:
- Թրջեք ձեր բերանը օրվա ընթացքում ջրով կամ շաքար չպարունակող ըմպելիքներով կամ սառույցի չիպսեր ծծեք՝ բերանը խոնավացնելու համար, իսկ ուտելու ժամանակ ջուր խմեք՝ ծամելը և կուլ տալը հեշտացնելու համար: Փորձեք նաև սնունդ ընդունեուց հետո ողողել ձեր բերանը սովորական ջրով:
- Ծամեք շաքար չպարունակող մաստակ կամ ծծեք շաքար չպարունակող կոշտ կոնֆետներ: Քսիլիտոլ պարունակող արտադրանքները նաև կարող են օգնել կարիեսի կանխարգելմանը: Այնուամենայնիվ, որոշ մարդկանց մոտ քսիլիտոլը, որը հաճախ հանդիպում է առանց շաքարի մաստակների կամ առանց շաքարի կոնֆետների մեջ, կարող է առաջացնել աղիքային գազեր կամ փորլուծություն, եթե օգտագործվի մեծ քանակությամբ:
- Փորձեք դեղատոմս չպահանջող թքի փոխարինիչներ, որոնք պարունակում են քսիլիտոլ կամ կարբոքսիմեթիլցելյուլոզա կամ հիդրօքսիէթիլ ցելյուլոզա:
- Շնչեք ձեր քթով, այլ ոչ թե բերանով: Հնարավոր է, որ խռմփոցի բուժման կարիք ունենաք, եթե այն գիշերվա ընթացքում բերանով շնչելու պատճառ է դառնում:
- Գիշերն օդի խոնավությունն ավելացրեք սենյակային խոնավացուցիչով:
- Խոնավացրեք ձեր շրթունքները, որ փափկացնեք չոր կամ ճաքած հատվածները:
Խուսափեք այն արտադրանքներից, որոնք կարող են վատթարացնել ձեր ախտանիշները: Դրանք ներառում են հետևյալը:
- Կոֆեին և ալկոհոլ. այս ապրանքները կարող են առաջացնել բերանի խոռոչի չորություն և լորձաթաղանթի գրգռվածություն: Մի՛ օգտագործեք բերանի խոռոչի ողողման այնպիսի միջոցներ, որոնք ալկոհոլ են պարունակում:
- Ծխախոտի ողջ տեսականին. եթե ծխում եք կամ ծամում եք ծխախոտ, դադարեցրեք, քանի որ ծխախոտային արտադրանքը կարող է չորացնել և գրգռել ձեր բերանը:
- Դեղատոմս չպահանջող հակահիստամիններ և դեկոնգեստանտներ. դրանք կարող են վատթարացնել ձեր բերանի չորությունը:
- Քաղցրահամ կամ թթվաշ սնունդ և կոնֆետներ. սրանք մեծացնում են ատամների քայքայման վտանգը: Խուսափեք նաև կծու կամ աղի սննդից, քանի որ դրանք կարող են առաջացնել գրգռվածություն: Խուսափեք նաև այնպիսի ատամի մածուկներից, որոնք առաջացնում են բերանում այրոցի զգացողություն:
Թուքը կարևոր է ատամների և բերանի առողջությունը պահպանելու համար: Ձեր ատամների պաշտպանության այս քայլերը նաև կարող են օգնել ձեր բերանի չոր վիճակի մեղմացմանը:
- Ատամները խոզանակեք ֆտոր պարունակող ատամի մածուկով և օգտագործեք ատամնաթելեր: Հարցրեք ձեր ատամնաբույժին, արդյոք կարող եք օգուտ քաղել ֆտորի ավելի մեծ քանակներ կամ բետային պարունակող ատամի մածուկից կամ ատամի գելից՝ բակտերիաների թթուները չեզոքացնելու համար:
- Քնելուց առաջ օգտագործեք բերանի ողողման ֆտորային միջոցներ կամ ատամները խոզանակեք ֆտորային մածուկով:
- Այցելեք ձեր ատամնաբույժին տարեկան առնվազն երկու անգամ՝ ատամները հետազոտելու և ատամնափառը հեռացնելու համար, որն օգնում է ատամների քայքայման կանխարգելմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 13-05-2018
Վերջին վերանայում՝ 22-04-2024