Անևրիզմաները կարող են զարգանալ աորտայի երկայնքով ցանկացած հատվածում:
Աորտայի անևրիզմաների մեծ մասն առաջանում է աորտայի այն հատվածում, որն անցնում է որովայնի խոռոչով և կոչվում է որովայնային աորտա:
Աորտայի պատը հյուծող (դեգեներատիվ) գործընթացների հստակ պատճառները մնում են անորոշ, սակայն հայտնի է, որ մի քանի բան կարող են հանգեցնել որովայնային աորտայի անևրիզմայի զարգացմանը:
- Զարկերակների կարծրացում, որը կոչվում է աթերոսկլերոզ. աթերոսկլերոզն առաջանում է, երբ ճարպը և այլ նյութեր կուտակվում են արյունատար անոթները ներսից պատող շերտի՝ լորձաթաղանթի վրա:
- Բարձր արյան ճնշում (հիպերտենզիա). բարձր արյան ճնշումը կարող է վնասել և թուլացնել աորտայի պատերը։
- Արյունատար անոթների հիվանդություններ. սրանք հիվանդություններ են, որոնք հանգեցնում են արյունատար անոթների բորբոքմանը (արտերիիտ):
- Վարակ աորտայում. հազվադեպ, որոշ բակտերիաների կամ սնկերի հարուցած վարակը կարող է առաջացնել որովայնի աորտայի անևրիզմա:
- Տրավմա (վնասվածք). օրինակ՝ ավտովթարի ժամանակ վնասվածք ստանալը կարող է առաջացնել որովայնային աորտայի անևրիզմա։
Ռիսկի գործոններ
Որովայնային աորտայի անևրիզմայի ռիսկի գործոնները հետևյալն են:
- Ծխախոտի օգտագործում. ծխելը աորտայի անևրիզմայի ամենաուժեղ ռիսկի գործոնն է: Ծխելը կարող է թուլացնել արյունատար անոթների, այդ թվում՝ աորտայի պատերը։ Սա բարձրացնում է աորտայի անևրիզմայի ձևավորման և անևրիզմայի պատռման ռիսկը: Որքան երկար ժամանակ և ավելի շատ եք ծխախոտ օգտագործում, այնքան ավելի մեծ է աորտայի անևրիզմայի զարգացման հավանականությունը: 65-ից 75 տարեկան տղամարդիկ, ովքեր ներկա կամ նախկին ծխողներ են, պետք է անցնեն հնարավոր որովայնային աորտայի անևրիզմայի հայտնաբերման ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա):
- Տարիք. որովայնային աորտայի անևրիզմաներն առավել հաճախ հանդիպում են 65 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց մոտ:
- Արական սեռ. տղամարդկանց շրջանում որովայնային աորտայի անևրիզմաները շատ ավելի հաճախ են զարգանում, քան կանանց շրջանում:
- Սպիտակամորթ լինելը. սպիտակամորթ մարդիկ որովայնային աորտայի անևրիզմայի ավելի մեծ ռիսկի տակ են:
- Ընտանեկան պատմություն (անամնեզ). որովայնային աորտայի անևրիզմայի ընտանեկան պատմություն ունենալը մեծացնում է այս վիճակի ռիսկը:
- Այլ անևրիզմաներ. կրծքավանդակում աորտայի անևրիզմայի առկայությունը (կրծքային աորտայի անևրիզմա) կամ մեկ այլ մեծ արյունատար անոթում անևրիզմա ունենալը, ինչպիսին է ծնկի հետևի զարկերակը, կարող է մեծացնել որովայնային աորտայի անևրիզմայի ռիսկը:
Եթե ունեք աորտայի անևրիզմի ռիսկ, ձեզ կարող են տրվել դեղամիջոցներ արյան ճնշումը կարգավորելու և թուլացած զարկերակների լարվածությունը թեթևացնելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-11-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024