Որովայնային աորտայի անևրիզմայի բուժման նպատակն է կանխել անևրիզմայի պատռումը:
Բուժումը կարող է ներառել՝
- հաճախակի բժշկական այցեր-ստուգումներ և պատկերային հետազոտություններ, որը կոչվում է բժշկական հսկողություն կամ սպասողական դիտարկում
- վիրահատական բուժում:
Այն, թե ինչ բուժում ձեզ կառաջարկվի, կախված է ձեր որովայնային աորտայի անևրիզմայի չափից և աճի արագությունից:
Հաճախակի բժշկական այցեր և ստուգումներ
Եթե որովայնային աորտայի անևրիզման փոքր է և չի առաջացնում ախտանիշներ, ձեզ կարող է անհրաժեշտ լինել միայն հաճախակի բժշկական այցեր և պատկերային հետազոտություններ՝ հսկելու, թե արդյոք անևրիզման աճում է:
Որպես կանոն, որովայնային աորտայի փոքր, առանց ախտանիշների անևրիզմա ունեցող մարդուն անհրաժեշտ է գերձայնային հետազոտություն ախտորոշումից առնվազն վեց ամիս անց: Որովայնային գերձայնային հետազոտությունները նաև պետք է կատարվեն կանոնավոր բժշկական այցերի ժամանակ:
Հերթական ստուգումների ժամանակ բժիշկը նաև ստուգում է այնպիսի վիճակները, ինչպիսին է բարձր արյան ճնշումը (զարկերակային հիպերտենզիա), որոնք կարող են վատթարացնել կամ բարդացնել անևրիզմայի ընթացքը:
Վիրահատական և այլ միջամտություններ
Որովայնային աորտայի անևրիզմայի վերականգնման վիրահատությունը սովորաբար խորհուրդ է տրվում, եթե անևրիզման 4,8-ից 5,6 սանտիմետր (1,9-ից 2,2 դյույմ) կամ ավելի մեծ է կամ եթե այն արագորեն աճում է:
Վերականգնող վիրահատություն նաև կարող է առաջարկվել, եթե ունեք ախտանիշներ, ինչպիսիք են ստամոքսի շրջանի ցավը կամ ունեք արտահոսող, զգայուն կամ ցավոտ անևրիզմա:
Վիրահատության տեսակը կախված է՝
- ձեր անևրիզմայի չափից և տեղակայումից
- ձեր տարիքից
- ձեր ընդհանուր առողջական վիճակից:
Որովայնային աորտայի անևրիզմայի վիրահատական բուժման տարբերակները կարող են ներառել հետևյալը:
Ներանոթային (էնդովասկուլյար) վերականգնում. սա որովայնային աորտայի անևրիզման վերականգնելու համար առավել հաճախ օգտագործվող տարբերակն է: Վիրաբույժը բարակ, ճկուն խողովակը, որը կոչվում է կաթետեր, ներմուծում է աճուկի տարածքում գտնվող զարկերակի միջով և ուղղորդում դեպի աորտա: Կաթետերի ծայրին կցված մետաղական ցանցային խողովակը տեղադրվում է անևրիզմայի տեղում: Այս ցանցային խողովակը, որը կոչվում է ստենդգրաֆտ կամ պրոթեզ, լայնացվում է և ամրացնում աորտայի թուլացած հատվածը, որն էլ օգնում է անևրիզմայի պատռվածքի կանխարգելմանը: Էնդովասկուլյար վիրահատությունը չի կարող օգտագործվել որովայնային աորտայի անևրիզմա ունեցող բոլոր անձանց համար: Դուք և ձեր բժիշկները պետք է քննարկեք ձեզ համար լավագույն վերականգնման տարբերակը: Այս բուժումից հետո պարբերաբար կատարվում են պատկերային հետազոտություններ՝ համոզվելու, որ արյունատար անոթը չի արտահոսում:
- Բաց վիրահատություն. սա մեծ վիրահատություն է: Վիրաբույժը հեռացնում է աորտայի վնասված հատվածը և այն փոխարինում ստենդգրաֆտով, որը կարվում է տվյալ տեղում։ Լիարժեք ապաքինումը կարող է տևել մեկ ամիս կամ ավելի:
Երկարաժամկետ ապրելիության ցուցանիշները էնդովասկուլյար վիրաբուժության և բաց վիրահատությունների դեպքում գրեթե նույնն են:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-11-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024