Որովայնային աորտայի անևրիզմաները հաճախ հայտնաբերվում են, երբ մեկ այլ պատճառով կատարվում է ֆիզիկական քննություն (բուժզննում) կամ պատկերային հետազոտություն:
Որովայնային աորտայի անևրիզման ախտորոշելու համար բժիշկը զննում է ձեզ և գնահատում ձեր հիվանդության և ընտանեկան պատմությունը (անամնեզ):
Որովայնային աորտայի անևրիզմայի ախտորոշման հետազոտությունները ներառում են հետևյալը:
- Որովայնային (աբդոմինալ) գերձայնային հետազոտություն. սա որովայնային աորտայի անևրիզմայի ախտորոշման ամենատարածված հետազոտությունն է: Գերձայնային հետազոտությունն օգտագործում է ձայնային ալիքներ՝ ցուցադրելու այն, թե ինչպես է արյունը հոսում որովայնի տարածքում գտնվող կառուցվածքների (օրգանների), այդ թվում՝ աորտայի միջով:
- Որովայնային (աբդոմինալ) համակարգչային տոմոգրաֆիկ (ՀՏ) սքանավորում. այս հետազոտությունն օգտագործում է ռենտգեն ճառագայթներ՝ որովայնի խոռոչի կառուցվածքների խաչաձև հատած պատկերներ (շերտագրեր) ստեղծելու համար: Այն կարող է ստեղծել աորտայի հստակ պատկերներ: Այս հետազոտությունը նաև կարող է հայտնաբերել անևրիզմայի չափն ու ձևը:
- Որովայնային (աբդոմինալ) մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). պատկերային այս հետազոտությունն օգտագործում է մագնիսական դաշտ և համակարգչային գեներացվող ռադիոալիքներ՝ որովայնի խոռոչի կառուցվածքների մանրամասն պատկերներ ստեղծելու համար:
ԿՏ և ՄՌՏ որոշ սքանավորման ժամանակ հատուկ հեղուկը, որը կոչվում է կոնտրաստ, կարող է տրվել երակի միջոցով, որ ստեղծված պատկերներում արյունատար անոթներն ավելի հստակ երևան:
Որովայնային աորտայի անևրիզմայի սքրինինգ
Արական սեռի ներկայացուցիչ լինելը և ծխելը զգալիորեն մեծացնում են որովայնային աորտայի անևրիզմայի ռիսկը: Սքրինինգի առաջարկությունները տարբեր են, սակայն, ընդհանուր առմամբ՝
- 65-ից 75 տարեկան տղամարդիկ, ովքեր երբևէ ծխել են ծխախոտ, պետք է անցնեն մեկանգամյա սքինինգ որովայնային գերձայնային հետազոտության միջոցով
- 65-ից 75 տարեկան տղամարդկանց դեպքում, ովքեր երբեք չեն ծխել, որովայնային գերձայնային հետազոտության անհրաժեշտությունը հիմնված է ռիսկի այլ գործոնների վրա, ինչպիսիք են անևրիզմայի ընտանեկան պատմությունը:
Կանայք, ովքեր երբեք չեն ծխել, հիմնականում որովայնային աորտայի անևրիզմայի սքրինինգի կարիք չունեն: Բավարար տվյալներ չկան ասելու համար, թե արդյոք 65-ից 75 տարեկան կանայք, ովքեր ունեն ծխելու կամ որովայնային աորտայի անևրիզմայի պատմություն, օգուտ կստանան սքրինինգից: Հարցրեք ձեր բժշկին, արդյոք սքրինինգը ճիշտ է ձեզ համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-11-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024