Աքիլեսյան տենդինիտն առաջանում է Աքիլեսյան ջլի կրկնվող կամ ուժեղ գերլարման հետևանքով:
Աքիլեսյան ջիլը պինդ և հաստ հյուսվածքային շերտ է, որը ձեր սրունքի ձկնամկանը կապում է կրունկոսկրին: Այն շոշափվում է սրունք-թաթային հոդի ետնամասում: Այս ջիլն օգտագործվում է, երբ դուք քայլում եք, վազում, ցատկում կամ բարձրանում ձեր ոտքի մատների վրա:
Աքիլեսյան ջլի կառուցվածքը թուլանում է տարիքի հետ՝ մեծացնելով վնասվածք ստանալու հավանականությունը, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր կարող են սպորտով զբաղվել միայն հանգստյան օրերին կամ կտրուկ մեծացրել են իրենց վազքի ծրագրերի ինտենսիվությունը:
Ռիսկի գործոններ
Մի շարք գործոններ կարող են մեծացնել Աքիլեսյան ջլի տենդինիտի ձեր ռիսկը:
- Ձեր սեռը. աքիլեսյան տենդինիտն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ:
- Տարիք. աքիլեսյան տենդինիտը հաճախանում է տարիքի մեծացմանը զուգընթաց:
- Ֆիզիկական խնդիրներ. Ձեր ոտնաթաթի ի ծնե հարթ կամարը (հարթաթաթություն) կարող է ավելի շատ լարել Աքիլեսյան ջիլը: Գիրությունը և սրունքի մկանների լարվածությունը նույնպես կարող են մեծացնել ջլի ձգվածությունը:
- Մարզումների ընտրություն. մաշված կոշիկներով վազելը կարող է մեծացնել Աքիլեսյան տենդինիտի ռիսկը: Ջլային ցավն ավելի հաճախ է առաջանում ցուրտ, քան տաք եղանակին, և լեռնային տեղանքով վազելը նույնպես կարող է նախատրամադրել Աքիլեսյան ջլի վնասվածքի առաջացումը:
- Առողջական վիճակներ. մարդիկ, ովքեր ունեն փսորիազ կամ բարձր արյան ճնշում (հիպերտենզիա), ենթարկվում են աքիլեսյան ջլի տենդինիտի զարգացման ավելի բարձր ռիսկի:
- Դեղամիջոցներ. հակաբիոտիկների որոշ տեսակներ, որոնք կոչվում են ֆտորխինոլոններ, կապված են Աքիլեսյան ջլի բորբոքման ավելի մեծ հաճախականության հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-01-2024
Վերջին վերանայում՝ 22-04-2024