Արևից պաշտպանվելն օգնում է կանխել ակտինիկ կերատոզը:
Ձեր մաշկն արևից պաշտպանելու համար հետևեք այս խորհուրդներին:
- Սահմանափակեք արևի տակ անցկացրած ժամանակը. խուսափեք արևի տակ մնալուց հատկապես առավոտյան 10-ից մինչև 14-ը: Եվ խուսափեք արևի տակ այնքան երկար մնալուց, որ առաջանա արևայրուք կամ մաշկի մգացում:
- Օգտագործեք արևապաշտպան քսուք. դրսում ժամանակ անցկացնելուց առաջ կիրառեք լայն սպեկտրի ջրակայուն արևապաշտպան քսուք՝ առնվազն 30 արևապաշտպան գործոնով (SPF), ինչպես խորհուրդ է տալիս Մաշկաբանության ամերիկյան ակադեմիան (AAD): Սա արեք նույնիսկ ամպամած օրերին: Օգտագործեք արևապաշտպան քսուք բաց մաշկի բոլոր տեղամասերի համար: Իսկ շրթունքների համար օգտագործեք արևապաշտպան բալզամ: Օծեք ձեր բաց մաշկն արևապաշտպան քսուքով դուրս գալուց առնվազն 15 րոպե առաջ և նորից կիրառեք այն երկու ժամը մեկ կամ ավելի հաճախակի, եթե լողում եք կամ քրտնած եք: Արևապաշտպան քսուքը խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև 6 ամսական երեխաներին: Դրա փոխարեն, հնարավորության դեպքում արևից հեռու պահեք մանկահասակ երեխային: Կամ պաշտպանեք նրան ստվերով, գլխարկներով և հագուստով, որը ծածկում է երեխայի ձեռքերն ու ոտքերը:
- Ծածկվեք. արևից առավել պաշտպանվելու համար հագեք ամուր հյուսված կտորով հագուստ, որը ծածկում է ձեր ձեռքերն ու ոտքերը: Նաև կրեք լայնեզր գլխարկ: Սա արևի ճառագայթներից ավելի հուսալի պաշտպանություն է ապահովում, քան բեյսբոլի գլխարկը կամ գոլֆի երեսկալը:
- Խուսափեք սոլյարիներից կամ մաշկը մգացնող այլ մեթոդներից. սոլյարիի ուլտրամանուշակագույն (UV) ճառագայթումը կարող է մաշկին նույնքան վնաս պատճառել, որքան արևը:
- Պարբերաբար զննեք ձեր մաշկը և փոփոխությունների մասին տեղեկացրեք բժշկին. պարբերաբար ստուգեք ձեր մաշկը՝ փնտրելով նոր մաշկային գոյացությունների զարգացում կամ գոյություն ունեցող խալերի, պեպենների, բշտիկների և բնածին բծերի փոփոխություններ: Հայելիների օգնությամբ ստուգեք ձեր դեմքը, պարանոցը, ականջները և գլխամաշկը։ Զննեք ձեր ձեռքերի և դաստակների վերին և դրսային մակերեսները:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-11-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024