Ակտինիկ կամ արևային կերատոզը երբեմն ինքնուրույն անհետանում է, սակայն կարող է կրկնվել արևի տակ մնալուց հետո:
Դժվար է կանխատեսել, թե որ ակտինիկ կերատոզները կվերածվեն մաշկի քաղցկեղի, ուստի, որպես նախազգուշական միջոց, դրանք սովորաբար հեռացվում են:
Դեղորայքային բուժում
Եթե ունեք մի քանի ակտինիկ կերատոզներ, ձեր բժիշկը կարող է առաջարկել դեղորայքային նրբաքսուք (կրեմ) կամ գել՝ դրանք հեռացնելու համար, օրինակ՝ Ֆտորուրացիլ (Կարակ, Էֆուդեքս և այլն), Իմիկիմոդ (Ալդարա, Զիկլարա) կամ Դիկլոֆենակ: Այս դեղորայքային քսուքները կարող են մի քանի շաբաթվա ընթացքում առաջացնել մաշկի բորբոքում, թեփոտում կամ այրման զգացողություն:
Վիրահատական և այլ միջամտություններ
Ակտինիկ կերատոզը հեռացնելու համար օգտագործվում են բազմաթիվ մեթոդներ:
- Սառեցում (կրիոթերապիա). ակտինային կերատոզները կարելի է հեռացնել՝ դրանք սառեցնելով հեղուկ ազոտով։ Ձեր բժիշկն այս նյութը քսում է ախտահարված մաշկին, որն առաջացնում է բշտիկներ կամ կեղև: Երբ ձեր մաշկը լավանում է, ախտահարված բջիջները թափվում են՝ թույլ տալով, որ նոր մաշկ աճի: Կրիոթերապիան ամենատարածված բուժումն է: Բուժումը տևում է ընդամենը մի քանի րոպե և կարող է իրականացվել ձեր բժշկի գրասենյակում: Կողմնակի ազդեցություններից են՝ բշտիկներ, սպիներ, մաշկային հյուսվածքի փոփոխություններ, վարակ և տուժած տարածքի մաշկի գույնի փոփոխություն:
- Քերում (կյուրետաժ). այս միջոցառման ժամանակ ձեր բժիշկն օգտագործում է մի սարք, որը կոչվում է կյուրետ՝ վնասված բջիջները քերելով հեռացնելու համար: Քերմանը կարող է հաջորդել էլեկտրավիրահատությունը, որի ժամանակ օգտագործվում է մատիտի տեսքով գործիք՝ ախտահարված հյուսվածքը էլեկտրական հոսանքով կտրելու և ոչնչացնելու համար: Այս միջամտությունը պահանջում է տեղային անզգայացում: Հնարավոր կողմնակի ազդեցություններից են՝ վարակ, սպիներ և տուժած տարածքի մաշկի գույնի փոփոխություն:
- Լազերային թերապիա. այս տեխնիկան ավելի ու ավելի հաճախ է օգտագործվում ակտինիկ կերատոզի բուժման համար: Ձեր բժիշկն օգտագործում է աբլատիվ լազերային սարք՝ ախտահարված տարածքը քայքայելու համար՝ թույլ տալով, որ նույն տեղում նոր մաշկ աճի: Կողմնակի ազդեցություններից են՝ ախտահարված մաշկի սպիացում և գունաթափում:
- Ֆոտոդինամիկ թերապիա. ձեր բժիշկը կարող է ախտահարված մաշկը թրջել լուսազգայուն քիմիական լուծույթով, այնուհետև նույն շրջանի վրա կիրառել հատուկ լույս, որը քայքայում է ակտինիկ կերատոզը: Հնարավոր կողմնակի ազդեցություններից են՝ բորբոքված մաշկ, այտուց և թերապիայի ընթացքում այրման զգացողություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 15-11-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024