Ալկոհոլային հեպատիտը զարգանում է, երբ օգտագործված ալկոհոլը վնասում է լյարդը:
Այնուամենայնիվ, դեռ լիարժեքորեն պարզաբանված չէ, թե կոնկրետ ինչպես է ալկոհոլն ախտահարում լյարդը և ինչու է հեպատիտ զարգանում ալկոհոլ չարաշահող միայն որոշ մարդկանց շրջանում:
Հայտնի է, որ այս գործոնները դեր են խաղում ալկոհոլային հեպատիտի դեպքում՝
- օրգանիզմի կողմից ալկոհոլի քայքայման արդյունքում առաջանում են խիստ թունավոր (տոքսիկ) քիմիական նյութեր
- այդ նյութերը նպաստում են բորբոքմանը, որը քայքայում է լյարդային բջիջները
- ժամանակի ընթացքում առողջ լյարդային հյուսվածքը փոխարինվում է սպիականով, որը խաթարում է լյարդի գործառույթը
- ալկոհոլային լյարդային հիվանդության վերջին փուլը լյարդի անդառնալի սպիացումն է (ցիռոզ):
Այլ գործոնները, որոնք կարող են նպաստել ալկոհոլային հեպատիտին, ներառում են հետևյալը:
- Հեպատիտների այլ տեսակներ. եթե ունեք հեպատիտ C և նաև խմում եք, նույնիսկ չափավոր, ավելի հավանական է, որ ձեզ մոտ կզարգանա ցիռոզ
- Թերսնուցում. բազմաթիվ մարդիկ, ովքեր մեծ քանակությամբ խմում են, թերսնված են, քանի որ վատ են սնվում կամ ալկոհոլը և դրա կողմնակի արտադրանքները խանգարում են օրգանիզմին պատշաճ կերպով ներծծել սննդանյութերը: Սննդանյութերի պակասը նպաստում է լյարդի բջիջների վնասմանը:
Ռիսկի գործոններ
Ալկոհոլային հեպատիտի հիմնական ռիսկի գործոնը ձեր կողմից օգտագործվող ալկոհոլի քանակությունն է: Թե որքան ալկոհոլ է անհրաժեշտ ձեզ ալկոհոլային հեպատիտի վտանգի ենթարկելու համար, հայտնի չէ: Բայց այս հիվանդությունն ունեցող մարդկանց մեծամասնությունը առնվազն 20 տարի օրական ավելի քան 100 գրամ (3,5 ունցիա ) խմելու պատմություն ունի, որը համարժեք է յոթ բաժակ գինուն, յոթ բաժակ գարեջրին կամ յոթ բաժակ սպիրտին (օղուն):
Այնուամենայնիվ, ալկոհոլային հեպատիտը կարող է առաջանալ նաև նրանց մոտ, ովքեր քիչ են խմում և ունեն այլ ռիսկային գործոններ:
Այլ ռիսկի գործոնները ներառում են հետևյալը:
- Սեռ. կարծես կանայք ալկոհոլային հեպատիտով հիվանդանալու ավելի մեծ ռիսկ ունեն՝ հավանաբար նրանց մոտ ալկոհոլային խմիչքի յուրացման ձևի տարբերությունների պատճառով:
- Գիրություն. ավելորդ քաշ ունեցող շատ խմողների մոտ ավելի հավանական է, որ առաջանա ալկոհոլային հեպատիտ և այդ վիճակից անցնի ցիռոզի:
- Գենետիկ գործոններ. հետազոտությունները ցույց են տալիս, որ ալկոհոլով առաջացած լյարդի հիվանդության մեջ կարող է լինել գենետիկ բաղադրիչ, թեև դժվար է առանձնացնել գենետիկ և շրջակա միջավայրի գործոնները:
- Ռասա և էթնիկ պատկանելիություն. սևամորթներն ու իսպանացիները կարող են ալկոհոլային հեպատիտի ավելի բարձր ռիսկի ենթարկվել:
- Անդադար խմելը (запой). տղամարդկանց համար երկու ժամվա ընթացքում հինգ չափաբաժին կամ ավելի խմիչքներ խմելը և կանանց համար չորս չափաբաժին կամ ավելի խմիչքները կարող են մեծացնել ալկոհոլային հեպատիտի ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2021
Վերջին վերանայում՝ 04-04-2024