Ալկոհոլային հեպատիտ. բուժում
20-05-2021
2 րոպե

Ալկոհոլային հեպատիտի բուժումը ներառում է ալկոհոլից հրաժարվելը և լյարդի վնասման ախտանիշների բուժումը:
Ալկոհոլի օգտագործման դադարեցում
Ալկոհոլային հեպատիտ ախտորոշվելիս պետք է դադարեցնել ալկոհոլ խմելը և երբեք այլևս չօգտագործել որևէ տեսակի ալկոհոլային խմիչք: Սա լյարդի ախտահարումը հետզարգացնող կամ հիվանդության վատթարացումը կանխարգելող միակ հնարավոր տարբերակն է: Այն մարդիկ, ովքեր, այնուամենայնիվ, շարունակում են օգտագործել ոգելից խմիչքներ, ավելի մեծ հավանականությամբ են առնչվում կյանքին սպառնացող առողջական խնդիրների հետ:
Եթե ունեք ալկոհոլային կախվածություն և ցանկանում եք դադարեցնել խմելը, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ ընդգրկվեք հատուկ բուժական ծրագրերից մեկնումեկում: Նկատի ունեցեք, որ կախվածություն ունենալիս ալկոհոլի կտրուկ դադարեցումը կարող է վտանգավոր լինել, ուստի բժշկի հետ քննարկեք առավել անվտանգ մեթոդները, այդ թվում՝ հիվանդանոցային պայմաններում դետոքսիկացիան:
Ալկոհոլային կախվածության բուժման տարբերակներից են՝
- դեղամիջոցներ
- խորհրդատվություն
- անանուն ալկոհոլիկների կամ ինքնօգնության և աջակցության այլ խմբեր
- արտահիվանդանոցային կամ համայնքային բուժական ծրագրեր:
Թերսնուցման բուժում
Բժիշկը կարող է խորհուրդ տալ հատուկ սննդակարգ, որ մեղմացվի և շտկվի առկա թերսնուցումը: Օգտակար կարող է լինել դիետոլոգի խորհրդատվությունը: Թերսնուցման բուժումը սովորաբար ներառում է անցում վիտամիններով և սննդանյութերով հարուստ սննդակարգին:
Ծանր թերսնուցման ժամանակ կարող է առաջանալ կարճաժամկետ ներերակային սնուցող միջոցների ստացում:
Լյարդի բորբոքումը մեղմացնող դեղամիջոցներ
Ալկոհոլային հեպատիտի ժամանակ բժիշկը կարող է խորհուրդ տալ՝
- կորտիկոստերոիդներ. համակարգային կորտիկոստերոիդների կարճաժամկետ ընդունումը կարող է որոշակի արդյունք տալ ծանր ալկոհոլային հեպատիտի դեպքում, սակայն կորտիկոստերոիդներն ունեն լուրջ կողմնակի ազդեցություններ և չեն կարող նշանակվել այն անձանց, ովքեր ունեն երիկամային անբավարարություն, ստամոքսաղիքային արյունահոսության բարձր ռիսկ կամ որևէ վարակային հիվանդություն
- Պենտօքսիֆիլին (Պենտօքսիլ). եթե կորտիկոստերոիդները հակացուցված են, բժիշկը կարող է խորհուրդ տալ այս հակաբորբոքային դեղամիջոցը, թեև ալկոհոլային հեպատիտի դեպքում արդյունավետությունը հստակ ապացուցված չէ:
Լյարդի փոխպատվաստում
Ծանր ալկոհոլային հեպատիտով բազմաթիվ մարդկանց մոտ մահվան ելքի ռիսկը բարձր է: Նման դեպքերում, երբ որևէ այլ բուժման տարբերակով չի հաջողվում որևէ զգալի արդյունք ստանալ, բժիշկը կարող է առաջարկել լյարդի փոխպատվաստում:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022