Սա սովորաբար տեսանելի չէ, քանի որ մազ կորցնելուն զուգահեռ աճում են նոր մազեր: Մազաթափությունը տեղի է ունենում, երբ նոր մազերը չեն հասցնում փոխարինել թափվածները:
Մազաթափությունը հաճախ կապված է հետևյալ գործոններից մեկնումեկի կամ մի քանիսի հետ:
Ընտանեկան պատմություն (ժառանգականություն). մազաթափության ամենատարածված պատճառը ժառանգական հիվանդությունն է, որն ի հայտ է գալիս մեծ տարիքի հետ: Այս հիվանդությունը կոչվում է անդրոգենային մազաթափություն (androgenic alopecia), տղամարդկային տիպի ճաղատություն և կանացի տիպի ճաղատություն: Այն սովորաբար ի հայտ է գալիս աստիճանաբար և ունի կանխատեսելի ընթացք՝ տղամարդկանց շրջանում նահանջող մազագիծ և ճաղատության բծեր և կանանց շրջանում գլխի գագաթի շրջանում մազերի նոսրացում:
Հորմոնային փոփոխություններ և առողջական խնդիրներ. բազմաթիվ հիվանդություններ և առողջական վիճակներ կարող են առաջացնել կայուն կամ ժամանակավոր մազաթափություն, այդ թվում՝ հղիության կամ ծննդաբերության հետ կապված հորմոնային տեղաշարժեր, դաշտանադադար և վահանաձև գեղձի խնդիրներ: Հիվանդություններից են՝ օջախային մազաթափություն (alopecia areata), որը կապված է իմունային համակարգի հետ և առաջացնում է մազաթափության օջախներ և գլխամաշկի վարակներ, օրինակ՝ գլխամաշկի մկնատամ (tinea capitis) և տրիխոտիլոմանիա (մազերի կորուստ` առաջացած մազերը հարկադրական քաշելիս և ծռելիս):
Գլխի շրջանի ճառագայթային բուժում. ճառագայթային բուժումից հետո մազերը կարող են այլևս չաճել այնպես, ինչպես նախկինում էր:
Խիստ սթրեսային իրադարձություն. բազմաթիվ մարդկանց մոտ ֆիզիկական կամ հուզական շոկից հետո ի հայտ է գալիս մազերի ընդհանուր նոսրացում, որը սովորաբար ունի ժամանակավոր բնույթ:
Մազահարդարում և բուժումներ. մազահարդարման և ոճային լուծումների տարբեր տեսակներ, որոնք առաջացնում են մազերի ձգում, կարող են առաջացնել մազաթափություն (traction alopecia): Խիստ տաք յուղերով բուժումները և պերմանենտները նույնպես կարող են առաջացնել մազաթափություն: Եթե զարգանում է սպիացում, մազաթափությունը կարող է դառնալ անդառնալի:
Ռիսկի գործոններ
Կան մազաթափության ռիսկը բարձրացնող բազմաթիվ գործոններ, ներառյալ՝
մայրական կամ հայրական կողմից ճաղատացման ընտանեկան պատմություն
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։