Կան մազաթափության որոշ տեսակների բուժման արդյունավետ միջոցներ:
Բուժման օգնությամբ դուք կարող եք վերականգնել մազաթափությունը կամ գոնե դանդաղեցնել այն: Որոշ հիվանդությունների դեպքում, ինչպիսին է օջախային մազաթափությունը (alopecia areata), մազերը կարող են նորից աճել առանց բուժման մեկ տարվա ընթացքում: Մազաթափության բուժումը ներառում է դեղամիջոցներ և վիրահատություններ:
Դեղորայքային բուժում
Եթե ձեր մազաթափությունն առաջացել է հիմքում ընկած որևէ հիվանդությունից, ուրեմն նախ անհրաժեշտ է բուժտել այդ հիվանդությունը: Եթե որոշակի դեղամիջոց է առաջացնում մազաթափություն, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ հնարավորության դեպքում մի քանի ամիս դադարեցնեք այդ դեղի ընդունումը:
Կան նաև ժառանգական ճաղատության բուժման դեղամիջոցներ: Ամենատարածված տարբերակները ներառում են հետևյալը:
- Մինօքսիդիլ (Ռոգաին). Մինօքսիդիլն արտադրվում է որպես հեղուկ, փրփուր կամ շամպուն: Առավել արդյունավետ լինելու համար այս միջոցը պետք է քսել գլխամաշկին օրական մեկ անգամ՝ կանանց համար և օրական երկու անգամ՝ տղամարդկանց համար: Շատերը նախընտրում են փրփուրը, որով պետք է օծել թաց մազերը: Մինօքսիդիլի արտադրանքները բազմաթիվ մարդկանց օգնում են վերականգնելու թափված մազերը կամ դանդաղեցնելու մազաթափության արագությունը կամ երկուսն էլ: Մազերի հետագա կորուստը կանխելու և աճը սկսելու համար կպահանջվի առնվազն վեցամսյա բուժում: Եթե օգուտը զգում եք, ուրեմն դեղի օգտագործումը պետք է շարունակել անորոշ ժամանակով, որ պահպանեք արդյունքները: Հնարավոր կողմնակի ազդեցություններից են գլխամաշկի գրգռումը և մազերի աճը դեմքի և ձեռքերի անցանկալի տեղերում:
- Ֆինաստերիդ (Պրոպեցիա). այս դեղամիջոցը նշանակվում է տղամարդկանց որպես ամեն օր բերանով ընդունվող (օրալ) հաբ: Ֆինաստերիդ օգտագործող բազմաթիվ տղամարդիկ զգում են մազաթափության դանդաղում, իսկ ոմանք կարող են նշել նոր մազերի աճ: Բուժումը կարող է տևել մի քանի ամիս՝ մինչև պարզեք, թե արդյոք դա ձեզ օգնում է: Այնուամենայնիվ, բուժման արդյունքների պահպանման համար պետք է բուժումը շարունակել: Ֆինաստերիդը կարող է նույնքան արդյունավետ չլինել 60-ից բարձր բոլոր տղամարդկանց համար: Հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություններից են սեռական ցանկության և գործունեության նվազումը և շագանակագեղձի քաղցկեղի ռիսկի բարձրացումը: Կանայք, ովքեր հղի են կամ կարող են հղի լինել, պետք է խուսափեն փշրված կամ կոտրված հաբերին դիպչելուց:
- Այլ դեղամիջոցներ. բերանով ընդունվող (օրալ) այլ տարբերակներից են Սպիրոնոլակտոնը (Կարոսպիր, Ալդակտոն) և Դուաստերիդը (Ավոդարտ)։
Մազերի փոխպատվաստման վիրաբուժություն
Ճաղատացման ամենատարածված տեսակի դեպքեում մազաթափությունը սահմանափակվում է միայն գլխի վերին մասով՝ գագաթով: Նման դեպքերում ձեզ կարող է առաջարկվել մազերի փոխպատվաստում կամ վերականգնման վիրահատություն, որոնց հիմքում ընկած է մնացած մազերի առավելագույնս օգտագործումը:
Մազերի փոխպատվաստվան ժամանակ մաշկաբանը կամ կոսմետիկ վիրաբույժը հեռացնում է մազերը գլխի մազ պարունակող շրջաններից և պատվաստում դրանք ճաղատ տեղում: Այս միջամտությունը հոսպիտալացում չի պահանջում, սակայն ցավոտ է, ուստի ձեզ կտան հանգստացնող դեղամիջոց: Միջամտությունը կարող է կրկնվել մի քանի անգամ՝ մինչև ցանկալի արդյունքին հասնելը: Հնարավոր ռիսկերից են արյունահոսությունը, այտուցը և վարակը: Այնուամենայնիվ, ժառանգական մազաթափությունն ի վերջո զարգանում է՝ չնայած վիրահատությանը:
Լազերային բուժում
ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալությունը (FDA) հաստատել է ցածր մակարդակի լազերային սարքը`որպես տղամարդկանց և կանանց ժառանգական մազաթափության բուժման տեսակ: Սակավաթիվ փոքր հետազոտություններ վկայում են, որ նման բուժումը բարելավում է մազերի խտությունը: Այնուամենայնիվ, լազերային բուժման երկարաժամկետ ազդեցության և արդյունքների վերաբերյալ անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024