Մազաթափությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ կախված այն բանից, թե ինչն է դրա պատճառը:
Այն կարող է առաջանալ հանկարծակի կամ աստիճանաբար և ազդել միայն ձեր գլխամաշկի կամ ամբողջ մարմնի վրա:
Մազաթափության նշաններն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը:
- Գլխի գագաթի մազածածկույթի աստիճանական նոսրացում. սա մազաթափության ամենատարածված տեսակն է, որն ազդում է մարդկանց տարիքի հետ: Տղամարդկանց մոտ մազերը հաճախ սկսում են «նահանջել» ճակատի մազագծից: Կանայք սովորաբար ունենում են մազերի միջև ընկած տարածությունների լայնացում (մազերի նոսրացում): Տարեց կանանց մոտ ավելի տարածված է դառնում «նահանջող» մազագիծը (ճակատային ֆիբրոզ ալոպեցիա):
- Կլորավուն կամ բծավոր (օջախային) ճաղատացում. որոշ մարդիկ կորցնում են մազերը՝ որպես գլխի, մորուքի կամ ունքերի շրջանում կլորավուն կամ բծային ճաղատ դաշտերի առաջացում: Մինչև մազերի թափվելը դուք կարող եք նշել մաշկի քոր կամ ցավոտություն:
- Մազերի հանկարծակի թափում. ֆիզիկական կամ հուզական շոկը կարող է կարող է հանգեցնել մազերի թուլացման: Ձեր մազերը կարող են փնջերով պոկվել սանրելիս կամ լվանալիս կամ նույնիսկ թույլ քաշելուց հետո: Մազաթափության այս տեսակը սովորաբար հանգեցնում է մազերի ընդհանուր նոսրացման, բայց ժամանակավոր է:
- Ամբողջ մարմնի մազաթափություն. որոշ հիվանդություններ և բուժումներ, ինչպիսին է քաղցկեղի քիմիոթերապիան, կարող են հանգեցնել ամբողջ մարմնի մազերի կորստի: Սովորաբար պատճառը վերացնելիս մազերը նորից աճում են:
- Գլխամաշկով տարածվող թեփուկոտված բծեր. սա խուզող որքինի (գլխամաշկի մկնատամ) նշան է: Այն կարող է ուղեկցվել կոտրված մազերով, գլխամաշկի կարմրությամբ, այտուցով և երբեմն՝ թաց բորբոքմամբ:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե անհանգստացած եք ձեր կամ ձեր երեխայի մշտական մազաթափությունից և ցանկանում եք շարունակել բուժումը: Կանանց համար, ովքեր զգում են մազագծի նահանջ (ճակատային ֆիբրոզ ալոպեցիա), խոսեք ձեր բժշկի հետ վաղ բուժման մասին՝ զգալի մշտական ճաղատությունից խուսափելու համար:
Նաև խոսեք ձեր բժշկի հետ, եթե ձեր կամ ձեր երեխայի մազերը սանրելիս կամ լվանալիս նկատում եք հանկարծակի կամ օջախային մազաթափություն կամ սովորականից ավելի մազաթափություն: Մազերի հանկարծակի կորուստը կարող է ազդանշան լինել հիմքում ընկած առողջական խնդրի մասին, որը պահանջում է բուժում:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024