Եթե ձեր բժիշկը կասկածում է, որ ունեք նյարդային անորեքսիա, սովորաբար նշանակում է մի քանի հետազոտություն և թեստ:
Դրանք կօգնեն ճշգրիտ ախտորոշմանը, քաշի կորստի առողջական պատճառների բացառմանը և որևէ հարակից բարդության ստուգմանը:
Այս հետազոտություններն ու թեստերը հիմնականում ներառում են հետևյալը:
- Ֆիզիկական քննություն (բուժզննում). սա կարող է ներառել ձեր հասակը և քաշը չափելը և ըստ դրանց՝ ձեր մարմնի զանգվածի ցուցանիշի հաշվարկը, որն անորեքսիայով մարդու մոտ սովորաբար 17,5-ից ցածր է, ձեր կենսական նշանները ստուգելը, ինչպիսիք են սրտի հաճախականությունը, արյան ճնշումը և ջերմաստիճանը, ձեր մաշկի և եղունգների խնդիրները ստուգելը, ձեր սիրտն ու թոքերը լսելը և ձեր որովայնը շոշափելը:
- Լաբորատոր թեստեր. դրանք կարող են ներառել արյան ընդհանուր քննությունը (CBC) և ավելի մասնագիտացված արյան թեստերը՝ էլեկտրոլիտների և սպիտակուցների մակարդակները, ինչպես նաև ձեր լյարդի, երիկամների և վահանաձև գեղձի գործունեությունը ստուգելու համար: Հնարավոր է նաև մեզի թեստ:
- Հոգեբանական գնահատում. բժիշկը կամ հոգեկան առողջության մասնագետը, հավանաբար, կհարցնեն ձեր մտքերի, զգացմունքների և սնման սովորույթների մասին: Ձեզանից նաև կարող է պահանջվել հոգեբանական ինքնագնահատման հարցաթերթիկներ լրացնելը:
- Այլ հետազոտություններ. ռենտգենը կարող է արվել՝ ստուգելու ձեր ոսկրերի խտությունը, ստուգելու լարվածության կոտրվածքները կամ կոտրված ոսկորները կամ ստուգելու թոքաբորբը կամ սրտի հետ կապված խնդիրները: Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) կարող է արվել սրտի ռիթմի խանգարումները (առիթմիաները) հայտնաբերելու համար:
Ձեր հոգեկան առողջության մասնագետը նաև կարող է օգտագործել անորեքսիայի ախտորոշիչ չափորոշիչներն ըստ Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի (DSM-5), որը հրապարակվել է Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի կողմից:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024