Անորեքսիան կարող է հանգեցնել բազմաթիվ բարդությունների։
Առավել ծանր դեպքում այն կարող է մահացու լինել: Մահը կարող է առաջանալ հանկարծակի, նույնիսկ այն դեպքում, երբ ինչ-որ մեկը խիստ թերքաշ չէ: Սա կարող է առաջանալ սրտի խանգարված ռիթմից (առիթմիա) կամ էլեկտրոլիտների անհավասարակշռությունից, ինչպիսիք են նատրիումը, կալիումը և կալցիումը, որոնք պահպանում են ձեր մարմնում հեղուկների հավասարակշռությունը:
Անորեքսիայի այլ բարդությունները ներառում են՝
- սակավարյունություն (անեմիա)
- սրտային խնդիրներ, ինչպիսիք են միտրալ փականի պրոլափսը, անկանոն սրտի ռիթմը կամ սրտային անբավարարությունը
- ոսկրանյութի կորուստ (օստեոպորոզ), որը մեծացնում է կոտրվածքների ռիսկը
- մկանների կորուստ
- կանանց մոտ՝ դաշտանի բացակայություն (ամենորեա)
- տղամարդկանց մոտ՝ ցածր տեստոստերոն
- ստամոքս-աղիքային խնդիրներ, ինչպիսիք են փորկապությունը, փքվածությունը կամ սրտխառնոցը
- էլեկտրոլիտային շեղումներ, ինչպիսիք են արյան մեջ կալիումի, նատրիումի և քլորիդի ցածր մակարդակը
- երիկամային խնդիրներ:
Եթե անորեքսիա ունեցող մարդը դառնում է խիստ թերսնված, նրա բոլոր օրգանները կարող են վնասվել, այդ թվում՝ գլխուղեղը, սիրտը և երիկամները: Այս վնասը կարող է լիովին վերականգնելի չլինել, նույնիսկ երբ անորեքսիան վերահսկվում է:
Բացի ֆիզիկական բարդություններից, անորեքսիա ունեցող մարդիկ սովորաբար ունենում են նաև հոգեկան առողջության այլ խանգարումներ: Դրանք կարող են ներառել՝
- դեպրեսիա, տագնապ և տրամադրության այլ խանգարումներ
- անձնային խանգարումներ
- կպչուն-սևեռուն խանգարումներ
- ալկոհոլի և հոգեներգործուն այլ նյութերի չարաշահում
- ինքնավնասում, ինքնասպանության մտքեր կամ փորձեր:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024