Պառկելախոցերն առաջանում են մաշկի վրա երկարատև և կայուն ճշման պատճառով, որը թուլացնում է դեպի մաշկ արյան հոսքը:
Շարժումների սահմանափակումը կարող է մաշկը դարձնել վնասման նկատմամբ խոցելի և առաջացնել պառկելախոց:
Պառկելախոցերի առաջացման երեք առաջնային նպաստող գործոններն են՝
- Ճնշում. մարմնի որևէ շրջանում կայուն ու երկարատև ճնշումը կարող է թուլացնել հյուսվածքների արյունամատակարարումը: Արյան հոսքն ապահովում է թթվածնի և այլ սննդանյութերի տեղափոխումը դեպի հյուսվածքներ, առանց որոնց մաշկը և շրջակա հյուսվածքները վնասվում են և ի վերջո կարող են մեռուկանալ (նեկրոզվել): Շարժումների սահմանափակումներով մարդկանց մոտ այս տիպի ճնշումն ավելի հաճախ առաջանում է մարմնի այն շրջաններում, որոնք լավ ծածկված չեն մկաններով կամ ճարպաբջջանքով և մաշկը պարզապես ծածկում է ոսկրերը: Պառկելախոցերի առաջացման առումով նման «թույլ» շրջաններից են ողնաշարը, սրբանն ու պոչուկը, թիակները, ազդրերը, կրունկները և արմունկները:
- Հարում (ֆրիկցիա). սա առաջանում է, երբ մաշկը շփվում և հարվում է հագուստով կամ սպիտակեղենով: Մշտապես հարվող մաշկը, հատկապես, եթե խոնավ է, ավելի հեշտությամբ է վնասվում:
- Կտրում. սա տեղի է ունենում, երբ շփվող մակերևույթները տեղաշարժվում են հակառակ ուղղությամբ: Օրինակ, երբ մահճակալի գլխամասը բարձրացվում է, կարող եք ներքև սահել: Երբ սրբան-պոչուկը շարժվում է ներքև, ոսկրը ծածկող մաշկը մնում է նույն տեղում՝ ի վերջո ձգվելով հակառակ ուղղությամբ:
Ռիսկի գործոններն
Պառկելախոցերի զարգացման ռիսկը բարձրանում է, եթե ունեք տեղաշարժման դժվարություն և նստած կամ անկողնում պառկած վիճակում ի վիճակի չեք հեշտությամբ փոխել ձեր մարմնի դիրքը: Ռիսկի գործոններից են՝
- Անշարժություն. սա կարող է լինել ծանր առողջական վիճակի, ողնուղեղային վնասվածքների և այլ պատճառներով:
- Անմիզապահություն. մաշկը դառնում է ավելի «խոցելի», երբ մշտապես ենթարկվում է մեզի կամ կղանքի ազդեցությանը:
- Զգայական (սենսոր) ընկալման թուլացում կամ կորուստ. ողնուղեղային վնասվածքները, նյարդաբանական խանգարումներն ու այլ հիվանդությունները կարող են բերել մաշկային զգացողության կորստի: Ցավի կամ անհարմարավետության (դիսկոմֆորտ) զգացողությունների կորուստը բերում է նախազգուշացնող նշաններից անտեղյակության և դիրքը փոփոխելու կարիքի բացակայության:
- Սնման և հեղուկների ընդունման խանգարումներ. մաշկն և հյուսվածքներն առողջ պահպանելու համար մենք կարիք ունենք սննդի միջոցով ստանալու բավարար չափի հեղուկներ, կալորիաներ, սպիտակուցներ, վիտամիններ և միներալներ:
- Արյան հոսքի և արյունամատակարարման վրա ազդող հիվանդություններ. արյան հոսքը վատթարացնող առողջական խնդիրները, օրինակ՝ դիաբետը և անոթային հիվանդությունը, կարող են բարձրացնել հյուսվածքների վնասման ռիսկը, որն էլ տեղի է ունենում պառկելախոցերի ժամանակ:
Պառկելախոցերի առաջացմանը նպաստում են նաև վատ խնամքը, անկողնու և ներքնաշորի ոչ մաքուր վիճակը (հատկապես, եթե աղտոտված են արտաթորանքով և սննդի մնացորդներով), ներքնազգեստի կամ սպիտակեղենի կոպիտ կարերն ու ծալքերը, մարմնի տակ դրված ոչ հարթ հարմարանքը կամ ներքնակը, ոսկրերի արտացցվածքների հատվածում երկարատև ճնշումը և այլն:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024