Պառկելախոցերի բուժումը ներառում է՝ մաշկի ախտահարված շրջանի վրա ճնշման թուլացում, վերքերի խնամք, ցավի վերահսկում, վարակի կանխարգելում և սննդակարգի բարելավում:
Բուժանձնակազմ
Ձեր բժշկական անձնակազմը կարող է կազմված լինել տարբեր մասնագետներից, այդ թվում՝
- ընտանեկան բժիշկ, ով հետևում է բուժման ծրագրին
- վերքերի բուժման ոլորտի բժիշկ կամ բուժքույր
- բուժքույր, ով ապահովում է խնամք և տրամադրում վերքերի բուժման վերաբերյալ գիտելիքներ, հմտություններ և տեղեկատվական-կրթական նյութեր
- ֆիզիոթերապևտ, ով օգնում է շարժունակության բարելավմանը
- զբաղվածության թեևապևտ, ով օգնում է համապատասխան մակերևույթների բարելավման հարցերում (նստատեղ, թիկունք և այլն)
- դիետոլոգ, ով հետևում է ձեր սնման կարիքներին և առաջարկում առողջարար սննդակարգեր
- մաշկաբան
- ելնելով իրավիճակից՝ նյարդավիրաբույժ, անոթային վիրաբույժ, օրթոպեդ կամ պլաստիկ վիրաբույժ։
Ճնշման նվազեցում
Պառկելախոցի բուժման առաջին քայլը այն առաջացնող պատճառական գործոնների, առաջին հերթին՝ մշտական ճնշման և շփման (հարուկի) նվազեցումն է:
- Դիրքի փոփոխություն. եթե ունեք պառկելախոց, հաճախակի շուռ եկեք և փոփոխեք ձեր մարմնի դիրքը: Հաճախությունը կախված է հիվանդության զարգացման փուլից և հենվող մակերևույթի որակից:
- Օժանդակող մակերեսներ. օգտագործեք ներքնակներ, հատուկ սպիտակեղեն և անկողնային պարագաներ, որոնք օգնում են նստելիս կամ պառկելիս «խոցելի» մաշկի պաշտպանությանը։
Վերքերի մաքրում և վիրակապում
Պառկելախոցերի խնամքը և բուժումը կախված է զարգացման փուլից (խոցի խորությունից): Ընդհանուր առմամբ, վերքի մաքրումը և վիրակապումը ներառում են հետևյալ միջոցառումները:
- Վերքի մաքրում. եթե ախտահարված մաշկի ամբողջականությունը խախտված չէ, լվացեք այն թույլ մաքրող միջոցներով և նուրբ չորացրեք: Բաց վերքերի դեպքում վիրակապն ամեն անգամ փոխելիս վերքային մակերեսները լվացեք ստերիլ ջրով կամ աղաջրով:
- Վերքի ծածկում. վիրակապն արագացնում է վերքի ապաքինումը՝ վերքային մակերևույթը պահելով խոնավ: Այն նաև խոչընդոտ է հանդիսանում վարակների դեմ և հարակից մաշկը պահում է չոր: Ըստ իրավիճակի, բժիշկը խորհուրդ կտա օգտագործել հատուկ ժապավեններ, թանզիֆներ, գելեր, փրփուրներ և խնամքի ու բուժման այլ միջոցներ: Գուցե կարիք լինի օգտագործել տարբեր վիրակապեր:
Վնասված կամ մեռուկացած հյուսվածների հեռացում
Ապաքինումն արագացնելու կամ հնարավոր դարձնելու համար վերքը պետք է ազատել վնասված, մեռուկացած կամ վարակված հյուսվածքներից: Այս միջոցառումը կատարում են բժիշկը կամ բուժքույրը:
Այլ միջոցառումներ
- Ցավազրկողներ. ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ), օրինակ՝ Իբուպրոֆեն (Ադվիլ, Մոտրին IB և այլն ) կամ Նապրոքսենը (Ալեվե) կարող են մեղմացնել առկա ցավերը: Դրանք նաև կարող են օգտակար լինել մարմնի դիրքը փոփոխելուց կամ վերքը խնամելուց առաջ կամ հետո: Վերքի մշակման ընթացքում նաև կարող են օգտագործվել տեղային ցավազրկող միջոցներ:
- Առողջ սննդակարգ. առողջարար սննդանյութերով հարուստ սննդակարգը կարող է օգնել վերքի ապաքինմանը:
Վիրահատական միջամտություններ
Ապաքինվելու որևէ հավանականություն չունեցող մեծ պառկելախոցերը կարող են պահանջել վիրահատություն: Զրուցեք այս թեմայով վիրաբույժի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-04-2021
Վերջին վերանայում՝ 27-04-2024