Մինչև ճնշված մաշկի վրա խոց կամ հարուկ առաջանալն ի հայտ են գալիս որոշ նախազգուշացնող» նշաններ:
Պառկելախոցերի կամ ճնշման խոցերի նախազգուշացնող նշաններն են՝
- մաշկի գույնի և կառուցվածքի (տեքստուրայի) անսովոր փոփոխություններ
- այտուցվածություն
- թարախանման արտադրություն
- մաշկի շրջան, որը շոշափելիս ավելի սառը կամ տաք է թվում, քան մյուս հատվածները
- ցավոտ շրջաններ:
Կախված վերքի խորությունից, ծանրության աստիճանից և այլ բնութագրերից տարբերում են պառկելախոցերի զարգացման մի քանի փուլեր: Մաշկի և հյուսվածքների վնասման աստիճանը ձգվում է՝ սկսած կարմրած, չվնասված մաշկից մինչև խոր՝ մինչև մկաններ ու ոսկրեր հասնող վերքեր:
Պառկելախոցի զարգացման փուլերը
- Առաջին աստիճան. նկատվում է մաշկի տեղային կայուն կարմրություն (գերարյունություն կամ հիպերէմիա) կամ կապտավուն կամ մանուշակագույն երանգավորում: Ախտահարված շրջանի մաշկը կոշտացած է, սակայն ամբողջականության խախտում դեռ չկա։
- Երկրորդ աստիճան. մաշկի կարմրած հատվածներում նկատվում են ճաքեր կամ բշտեր, որոնք էլ վերածվում են վերքերի։ Այս փուլում մաշկի ամբողջականությունը միայն մասամբ է խախտված և ներառում է վերմամաշկը (էպիդերմիս) և (կամ) բուն մաշկը (դերմիս)։
- Երրորդ աստիճան. վերքերն ընդգրկում են ավելի խորանիստ մակարդակներ` ենթամաշկ և (կամ) մկաններ: Այս փուլում մաշկի ամբողջականության խախտումը ներառում է բոլոր շերտերը՝ ներառելով ենթամաշկային հյուսվածքի վնասումը կամ մեռուկացումը (նեկրոզ), որը խորանում է մինչև փակեղ: Առաջանում է վերքի վարակման մեծ վտանգ։
- Չորրորդ աստիճան. վերքի խորությունը հասնում է մինջև վերնոսկր: Զարգանում է մկանների, ոսկրերի կամ օժանդակող կառուցվածքների (օրինակ՝ կապաններ կամ հոդաշապիկ) մեռուկացում: Խոցի ապաքինման հավանականությունը խիստ փոքր է։
Բժիշկները նաև տարբերում են պառկելախոցի զարգացման հետևյալ փուլերը՝
- գերարյունության (հիպերէմիա և մաշկի կարմրություն)
- չոր մեռուկացում
- թաց մեռուկացում:
Պառկելախոցերի տարածված շրջանները
Անվասայլակ օգտագործող մարդկանց մոտ հաճախ պառկելախոցեր առաջանում են հետևյալ շրջանների մաշկի վրա՝
- սրբան, պոչուկ կամ հետույք
- թիակներ և ողնաշար
- աթոռին հենվող ձեռքերի և ոտքերի ետին մակերևույթներ։
Երկարատև անկողնային վիճակում հայտնված մարդկանց մոտ պառկելախոցեր կարող են առաջանալ հետևյալ շրջաններում՝
- թիակներ
- գլխի ետին կամ կողմնային շրջաններ
- ազդրեր, գոտկատեղ, սրբան կամ պոչուկ
- կրունկներ, արմունկներ և ծնկների ետին շրջաններ:
Ե՞րբ դիմել բժշկին
Պառկելախոցի նախազգուշացնող նշաններ տեսնելիս փոփոխեք ձեր դիրքն այնպես, որ թուլանա տվյալ շրջանի վրա ճնշումը: Եթե 24-48 ժամվա ընթացքում բարելավում չեք զգում, կապ հաստատեք բժշկի հետ:
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե առկա են վարակի նշաններ, օրինակ՝ ջերմություն, խոցից արտադրություն, վատ հոտով խոցային մակերես կամ մաշկի կարմրություն, տեղային տաքություն կամ խոցի հարակից հյուսվածքների այտուցվածություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 03-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024