Գրադարան

Պառկելախոցեր. կանխարգելում

Պառկելախոցեր. կանխարգելում

Time Read 2 րոպե

Դուք կարող եք օգնել պառկելախոցերի կանխարգելմանը ձեր մարմնի դիրքը հաճախակի փոփոխելով, որի շնորհիվ մաշկի խոցելի շրջանները ժամանակավորապես ազատվում են մշտական սեղմված վիճակից:

Պառկելախոցերի կանխարգելման այլ մոտեցումներից են մաշկի պատշաճ խնամքը, առողջարար սննդի և բավարար չափով հեղուկների ընդունումը, ծխախոտից հրաժարվելը, հուզական լարվածության կառավարումը և ամենօրյա վարժանքները:

Մարմնի դիրքի փոփոխության (ռեպոզիցիա) հմտություններ

  • Հաճախակի փոփոխեք ձեր մարմնի ծանրության կենտրոնը. խնամողի կամ հարազատների օգնությամբ յուրաքանչյուր ժամը մեկը փոփոխեք ձեր դիրքը:
  • Հնարավորության դեպքում, բարձրացրեք ինքներդ ձեզ. եթե ձեր մարմնի վերին կեսի ուժը պահպանված է, ժամանակ առ ժամանակ ձեռքերի վրա հենվելով բարձրացրեք ձեր մարմինը և կտրվեք աթոռի նստատեղից՝ մնալով այս դիրքում մի քանի րոպե:
  • Օգտագործեք հատուկ հնարավորություններով անվասայլակներ. որոշ անվասայլակներ թույլ են տալիս թեքել նստատեղը, որի շնորհիվ թուլանում է փափուկ հյուսվածքների վրա ճնշումը:
  • Օգտագործեք այնպիսի բարձեր կամ ներքնակներ, որոնք թուլացնում են ճնշումը. շատ փափուկ ներքնակները կարող են ուժեղացնել հարակից շրջանների ճնշումը:
  • Պառկեք հարթ, առանց կարերի սավանով ներքնակի վրա. սրբոսկրի և պոչուկի տակ կարելի է դնել ռետինե օղակ կամ գիշերանոթ, կրունկների տակ` բամբակե-թանզիֆե բարձիկ։
  • Ճիշտ հարմարեցրեք մահճակալի դիրքը. շատ մի՛ բարձրացրեք մահճակալի գլխամասը (աշխատեք չանցնել 30 աստիճանը), որ կանխարգելեք անկողնում դեպի ներքև մարմնի սահումը:

Մաշկի խնամքի հմտություններ

  • Պահեք մաշկը մաքուր և չոր. մաքրեք մաշկը թույլ մաքրող միջոցներով և զգուշորեն չորացրեք: Կանոնավոր մաքրեք մաշկը, որ նվազեցնեք խոնավության, մեզի կամ կղանքի գրգռիչ ազդեցությունը: Անմիջապես փոխեք թաց կամ աղտոտված սպիտակեղենը:
  • Պաշտպանեք ձեր մաշկը. օգտագործեք խոնավապաշտպան նրբաքսուքներ (կրեմներ), որ մաշկն «առանձնացնեք» մեզից և կղանքից: Ըստ անհրաժեշտության հաճախակի փոխեք անկողնային սպիտակեղենը և ներնքազգեստը: Ուշադրություն դարձրեք մաշկը գրգռող կամ վնասող կոճակներին, կարերին կամ ծալքերին:
  • Ամեն օր զննեք ձեր մաշկը. ուշադիր ստուգեք ձեր մաշկը՝ հնարավորինս վաղ հայտնաբերելու պառկելախոցերի նախազգուշացնող նշանները:
  • Հետևեք ձեր բժշկի խորհուրդներին. ձեր բժիշկը կարող է առաջարկել մաշկի առավել հարվող հատվածների կանխարգելիչ նրբաքսուքներ կամ լուծույթներ, ինչպես նաև թեթև մերսում:

Հոդվածը տեղադրվել է՝ 03-04-2021 վերանայվել է՝ 10-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով