Ապրելակերպի որոշ փոփոխություններ կարող են օգնել գիշերային անմիզապահության հաղթահարմանը:
- Սահմանափակեք հեղուկները երեկոյան ժամերին. շատ կարևոր է, որ երեխան օրվա ընթացքում ստանա բավարար չափով հեղուկներ: Խրախուսեք երեխային, որ հեղուկներ ընդունի առավոտյան և ցերեկվա ժամերին, որը կարող է օգնել երեկոյան ժամերի ծարավի կրճատմանը: Սակայն խորհուրդ տվեք երեխային և հետևեք, որ ուշ երեկոյան կամ քնելուց առաջ հեղուկներ չընդունի: Պետք չէ սահմանափակել հեղուկները, եթե երեխան երեկոյան ժամերին մասնակցում է մարզական կամ այլ ակտիվ ֆիզիկական միջոցառումներին:
- Խուսափեք կոֆեին պարունակող մթերքներից և ըմպելիքներից. ընդհանուր առմամբ, երեխաներին խորհուրդ չի տրվում օրվա որևէ ժամին խմել կոֆեին պարունակող որևէ ըմպելիք: Կոֆեինը կարող է խթանել միզապարկը, ուստի խորհուրդ չի տրվում, որ երեխան երեկոյան ժամերին խմի կոֆեինացված հեղուկներ կամ ըմպելիքներ:
- Խրախուսեք երեխային, որ մինչև քնելը երկու անգամ օգտվի զուգարանից. սա նշանակում է, որ երեխան պետք է զուգարան մտնի երկու անգամ՝ մինչև անկողին մտնելը և քնելուց անմիջապես առաջ: Հիշեցրեք նրան, որ գիշերվա ժամերին նույնպես կարող է զուգարանից օգտվել: Ստեղծեք նպաստավոր պայմաններ, որ երեխան գիշերն անարգել և անվախ գնա զուգարան (գիշերային լամպ, գիշերանոթ և այլն):
- Խրախուսեք երեխային, որ օրվա ընթացքում չմոռանա զուգարանից օգտվել. օրվա ընթացքում կամ երեկոյան խորհուրդ տվեք երեխային, որ օգտվի զուգարանից, հատկապես, եթե խաղերով կամ այլ զբաղմունքներով տարված մոռացել է այդ մասին:
- Կանխարգելեք մաշկի գրգռումը և ցանը. թաց ներքնաշորերը և սպիտակեղենը կարող են գրգռել երեխայի նուրբ մաշկը: Ուստի, ամեն առավոտ օգնեք երեխային, որ լվա կամ ցայի սեռական օրգանների շրջանը, հետույքը և ազդրերը: Մաշկի գրգռումը նաև կարող է կանխարգելվել, եթե անկողին մտնելուց հետո նույն շրջանների մաշկն օծեք պաշտպանիչ քսուքներով կամ նրբաքսուքներով (կրեմ):
Հոդվածը հրապարակվել է՝ 10-07-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024