Ձեր բժիշկը կարող է կատարել մի շարք հետազոտություններ՝ պարզելու ձեր գլխապտույտի պատճառը:
Ֆիզիկական քննության (բուժզննման) ընթացքում ձեր բժիշկը հավանաբար կփնտրի հետևյալ շեղումները՝
- գլխապտույտի գանգատներ ու ախտանիշներ, որոնք խթանվում են աչքերի կամ գլխի շարժումներով, այնուհետև նվազում են մեկ րոպեից պակաս ժամանակում
- գլխապտույտ՝ հարուցված աչքի հատուկ շարժումներով, որոնք առաջանում են, երբ դուք պառկած եք մեջքի վրա՝ գլուխը մի կողմ շրջած և թեթևակի թեքված մահճակալի եզրին
- ձեր աչքերի ակամա շարժումներ մի կողմից դեպի մյուսը (նիստագմ)
- աչքերի շարժումները վերահսկելու անկարողություն:
Եթե բժիշկը չի կարողանում գտնել ձեր գանգատների և ախտանիշների պատճառը, կարող է նշանակել լրացուցիչ հետազոտություններ, ինչպիսիք են ստորև նշվածները:
- Էլեկտրոնիստագմոգրաֆիա (ԷՆԳ) կամ վիդեոնիստագմոգրաֆիա (ՎՆԳ). այս հետազոտությունների նպատակն է հայտնաբերել աչքերի ոչ նորմալ շարժումներ: ԷՆԳ-ն, որն օգտագործում է էլեկտրոդներ, կամ ՎՆԳ-ն, որն օգտագործում է փոքր տեսախցիկներ, կարող են օգնել պարզելու, թե արդյոք գլխապտույտը պայմանավորված է ներքին ականջի հիվանդությամբ՝ չափելով աչքերի ակամա շարժումները, երբ ձեր գլխին տրվում են տարբեր դիրքեր կամ երբ ձեր հավասարակշռության օրգանները խթանում են ջրով կամ օդով:
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). այս հետազոտությունն օգտագործում է մագնիսական դաշտ և ռադիոալիքներ՝ ձեր գլխի և մարմնի խաչաձև հատած պատկերներ ստեղծելու համար: Ձեր բժիշկը կարող է օգտագործել այս պատկերային հետազոտությունը՝ բացահայտելու և ախտորոշելու մի շարք վիճակներ: ՄՌՏ-ն կարող է իրականացվել գլխապտույտի այլ հնարավոր պատճառները բացառելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024