Բարորակ պարոքսիզմալ վերտիգոյի (ԲՊՎ) գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը։
- Գլխապտույտ
- զգացողություն, որ դուք կամ շրջապատը պտտվում կամ շարժվում եք (վերտիգո)
- հավասարակշռության կորուստ կամ անկայունություն
- սրտխառնոց
- փսխում:
ԲՊՎ-ի գանգատներն ու ախտանիշները կարող են սկսվել և ինքնուրույն ավարտվել և սովորաբար տևում են մեկ րոպեից պակաս: ԲՊՎ-ի դրվագները կարող են որոշ ժամանակով անհետանալ, իսկ հետո՝ կրկնվել:
Գործողությունները, որոնք առաջացնում են ԲՊՎ-ի գանգատներն ու ախտանիշները, կարող են տարբեր անձանց համար լինել տարբեր, սակայն գրեթե միշտ կապված են գլխի դիրքի փոփոխության հետ: Որոշ մարդիկ նաև զգում են հավասարակշռության կորուստ, երբ կանգնում կամ քայլում են:
ԲՊՎ-ի ախտանիշները սովորաբար ուղեկցվում են աչքերի ոչ նորմալ ռիթմիկ շարժումներով:
Ե՞րբ դիմել բժշկին
Ընդհանուր առմամբ, դիմեք ձեր բժշկին, եթե զգում եք կրկնվող, հանկարծակի, ծանր կամ երկարատև և անբացատրելի գլխապտույտ կամ վերտիգո:
Ե՞րբ դիմել անհետաձգելի բուժօգնության
Թեև հազվադեպ է, երբ գլխապտույտը ազդարարում է լուրջ հիվանդության մասին, անհապաղ դիմեք ձեր բժշկին, եթե զգաք գլխապտույտ կամ վերտիգո հետևյալ ախտանիշներից որևէ մեկի հետ մեկտեղ՝
- նոր, տարբերվող կամ սաստիկ գլխացավ
- ջերմություն կամ տենդ
- երկտեսություն կամ տեսողության կորուստ
- լսողության կորուստ
- խոսքի դժվարացում
- ոտքի կամ ձեռքի թուլություն
- գիտակցության կորուստ
- վայրանկում կամ քայլքի դժվարացում
- ոտքի կամ ձեռքի թմրածություն կամ ծակծկոցներ:
Վերոնշյալ գանգատները և ախտանիշները կարող են ազդարարել ավելի լուրջ առողջական խնդրի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024