Լեղին անհրաժեշտ է սննդով ստացված ճարպերը մարսելու և քայքայված արյան կարմիր բջիջները (էրիթրոցիտները) և որոշակի թունավոր նյութերը (տոքսիններ) ձեր օրգանիզմից հեռացնելու համար:
Լեղին արտադրվում է ձեր լյարդում և պահեստավորվում ձեր լեղապարկում:
Նույնիսկ փոքր քանակությամբ ճարպ պարունակող սնունդ ուտելը ազդանշան է տալիս ձեր լեղապարկին, որ բաց թողնի իր պահած լեղին: Վերջինս փոքր խողովակի միջով (լեղածորան) հոսում է բարակ աղիքի վերին հատված՝ տասներկումատնյա աղիք (դուոդենում):
Լեղային ռեֆյլուքս դեպի ստամոքս
Լեղին ու սնունդը խառնվում են տասներկումատնյա աղիքի մեջ և մտնում ձեր բարակ աղի: Ստամոքսաելքի (պիլորուս) մոտ գտնվող խիտ մկանային օղաձև փականը նորմայում բացվում է միայն մի փոքր, ինչը բավական է միանգամից փոքր քանակությամբ (մոտ 4 միլիլիտր) կամ ավելի քիչ հեղուկ սննդախույս դեպի տասներկումատնյա աղի բաց թողնելու համար, սակայն չի բացվում այնքան, որ թույլ տա, որ տասներկումատնյա աղու մարսողական հյութերը վերադառնան ստամոքս:
Լեղային ռեֆլյուքսի դեպքում այս փականը ճիշտ չի փակվում, և լեղին նորից ետ է լցվում ստամոքս: Սա կարող է հանգեցնել ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման (լեղային ռեֆլյուքս գաստրիտ):
Լեղային ռեֆյլուքս դեպի կերակրափող
Լեղին և ստամոքսաթթուն կարող են վերադառնալ կերակրափող, երբ մեկ այլ մկանային փականը՝ ստորին կերակրափողային սեղմակը (սֆինտեր), ճիշտ չի գործում: Ստորին կերակրափողային սֆինկտերը միմյանցից բաժանում է կերակրափողն ու ստամոքսը։ Նորմայում այն թուլանում և բաց է մնում այնքան, որ սնունդը կարողանա անցնել ստամոքս: Սակայն, եթե փականը թուլացած է կամ նորմալ չի թուլանում, ստամոքսային ռեֆլյուքսի պատճառով ստամոքսում հայտնված լեղին կարող է ավելի բարձրանալ և ստամոքսից ետ լցվել դեպի կերակրափող:
Ի՞նչը կարող է հանգեցնել լեղային ռեֆյլուքսի
Լեղային ռեֆլյուքս կարող է զարգանալ հետևյալ պատճառներով:
- Վիրահատական բարդություններ. ստամոքսի վիրահատությունը, ներառյալ ստամոքսի ամբողջական կամ մասնակի հեռացումը (գաստրէկտոմիա) և քաշի կորստի համար ստամոքսի շրջանցման վիրահատությունը, պատասխանատու է լեղային ռեֆլյուքսի դեպքերի մեծ մասի համար:
- Պեպտիկ խոցեր. պեպտիկ խոցը կարող է արգելափակել ստամոքսաելքի փականը՝ խափանելով վերջինիս պատշաճ գործառույթը: Ստամոքսում կանգ առած սնունդը կարող է հանգեցնել ստամոքսի ներսում ճնշման բարձրացման և թույլ տալ, որ լեղին ու ստամոքսաթթուն ետ բարձրանան դեպի կերակրափող:
- Լեղապարկի վիրահատություն. մարդիկ, ովքեր հեռացրել են իրենց լեղապարկը, զգալիորեն ավելի հաճախ են լեղային ռեֆլյուքս ունենում, քան լեղապարկ ունեցողները:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024