Ձեր ախտանշանների նկարագրությունը և ձեր հիվանդության պատմության մասին տեղեկությունները սովորաբար բավարար են, որ ձեր բժիշկը ախտորոշի ռեֆլյուքսային խնդիրը:
Այնուամենայնիվ, թթվային ռեֆլյուքսը և լեղային ռեֆլյուքսը միմյանցից տարբերակելը դժվար է, որը պահանջում է լրացուցիչ հետազոտություններ:
Դուք նաև ամենայն հավանականությամբ հետազոտություններ կանցնեք՝ ստուգելու կերակրափողի և ստամոքսի վնասման բնույթը, ինչպես նաև նախաքաղցկեղային փոփոխությունները:
Այս նպատակներով, ձեր բժիշկը կարող է առաջարկել հետևյալ հետազոտությունները:
- Էնդոսկոպիա. այս հետազոտությամբ բժիշկն ազատ ծայրին տեսախցիկ և լույսի աղբյուր ունեցող բարակ ճկուն խողովակը (էնդոսկոպ) անցկացնում է ձեր կոկորդով դեպի ներքև՝ կերակրափող, ստամոքս, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև տասներկումատնյա աղի (էզոֆագո-գաստրո-դուոդենոսկոպիա): Էնդոսկոպիան կարող է ցույց տալ ստամոքսում կամ կերակրափողում առկա լեղին, պեպտիկ խոցը կամ բորբոքումը: Ձեր բժիշկը նաև կարող է էնդոսկոպի օգնությամբ վերցնել հյուսվածքային փոքր նմուշ՝ Բարետի կերակրափողի կամ կերակրափողի քաղցկեղի ստուգման համար (բիոպսիա):
- Ամբուլատոր թթվայնության թեստեր. այս հետազոտություն օգտագործում է թթվայնությունը չափող զոնդ՝ պարզելու, թե երբ և որքան ժամանակ է ձեր կերակրափողում առկա թթվային ռեֆլյուքս: Դրանք կարող են օգնել ձեր բժշկին՝ բացառելու թթվային ռեֆլյուքսը, բայց ոչ՝ լեղու հետհոսքը: Հետազոտության ընթացքում բարակ, ճկուն խողովակը (կաթետեր), որի ծայրին զոնդ կա, ձեր քթի միջով անցկացվում է կերակրափող: Զոնդը չափում է ձեր կերակրափողում թթվայնությունը 24 ժամվա ընթացքում: Մեկ այլ թեստում, որը կոչվում է Բրավո թեստ, էնդոսկոպիայի ընթացքում զոնդը կցվում է ձեր կերակրափողի ստորին հատվածին, իսկ կաթետերը հեռացվում է:
- Կերակրափողի դիմադրության թեստ (էզոֆագեալ իմպեդանս). այս հետազոտությունը չափում է, թե արդյոք ստամքսից դեպի կերակրափող բարձրանում են գազեր կամ հեղուկներ: Սա օգտակար է այն մարդկանց համար, ում մոտ առկա է ոչ թթվային նյութերի ռեֆլյուքս (ինչպիսին հանդիսանում է լեղին), որոնք չեն կարող հայտնաբերվել թթվային զոնդի միջոցով: Ինչպես ստանդարտ զոնդային հետազոտությունը, էզոֆագեալ իմպեդանսը նույնպես օգտագործում է զոնդ, որը կաթետերի օգնությամբ տեղադրվում է կերակրափողի մեջ:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024