Ի տարբերություն թթվային ռեֆլյուքսի, լեղային ռեֆլյուքսը կարծես կապված չէ ապրելակերպի գործոնների հետ:
Այնուամենայնիվ, բազմաթիվ մարդիկ ունեն միաժամանակ թթվային և լեղային ռեֆլյուքսներ, ուստի իրատեսական է, որ ձեր ախտանիշները թեթևանան ապրելակերպի որոշակի շտկումներով:
- Դադարեցրեք ծխելը. ծխելը մեծացնում է ստամոքսաթթվի արտադրությունը և չորացնում թուքը, որն օգնում է կերակրափողի պաշտպանված լինելուն։
- Փորձեք ավելի փոքր կերակուրներ. ավելի փոքր քանակով և ավելի հաճախակի սնվելը նվազեցնում է ճնշումը ստորին կերակրափողային սեղմակի (սֆինկտերի) վրա՝ օգնելով ստամոքսը կերակրափողից բաժանող փականի ոչ ճիշտ ժամանակին բացվելու կանխարգելմանը:
- Խուսափեք ուտելուց հետո անմիջապես պառկելուց. սնվելուց հետո երկու-երեք ժամ ուղղահայաց վիճակում մնալը թույլ է տալիս, որ ստամոքսն ավելի հեշտությամբ դատարկվի:
- Սահմանափակեք ճարպոտ կամ յուղոտ սնունդը. բարձր յուղայնությամբ կերակուրները թուլացնում են ստորին կերակրափողային սեղմակը և դանդաղեցնում ստամոքսից դեպի բարակ աղի սննդի անցման արագությունը:
- Խուսափեք խնդրահարույց սննդից և ըմպելիքներից. որոշ մթերքներ մեծացնում են ստամոքսաթթվի արտադրությունը և կարող են թուլացնել ստորին կերակրափողային սեղմակը: Մթերքները, որոնցից պետք է խուսափել, ներառում են կոֆեին պարունակող և գազավորված ըմպելիքներ, շոկոլադ, ցիտրուսային մթերքներ և հյութեր, քացախի վրա հիմնված սոուսներ, սոխ, լոլիկի վրա հիմնված մթերքներ, կծու մթերքներ և անանուխ:
- Սահմանափակեք կամ խուսափեք ալկոհոլից. ալկոհոլի օգտագործումը թուլացնում է ստորին կերակրափողային սեղմակը և գրգռում կերակրափողը:
- Ազատվեք ավելորդ քաշից. այրոցքը (изжога) և թթվային ռեֆլյուքսն ավելի հավանական է, որ առաջանան, երբ ավելցուկային քաշը ստեղծում է ստամոքսի վրա լրացուցիչ ճնշում:
- Բարձրացրեք ձեր մահճակալի գլխային ծայրը. մարմնի վերին մասը 10-15 սանտիմետր բարձրացրած քնելը կարող է օգնել ռեֆլյուքսի ախտանիշների կանխարգելմանը: Մահճակալի գլխի բարձր դիրքն ավելի արդյունավետ է, քան լրացուցիչ բարձեր օգտագործելը:
- Կառավարեք սթերսը. երբ սթրեսի մեջ եք, մարսողությունը դանդաղում է, ինչը, հնարավոր է, որ վատթարացնի ռեֆլյուքսի ախտանիշները: Ռելաքսացիայի մեթոդները, ինչպիսիք են խոր շնչառությունը, մեդիտացիան կամ յոգան, կարող են օգնել:
Այլընտրանքային բժշկություն
Ստամոքսի հաճախակի խնդիրներ, այդ թվում՝ այրոցք (изжога) ունեցող բազմաթիվ մարդիկ իրենց ախտանիշները թեթևացնելու համար փորձում են տարբեր այլընտրանքային բուժումներ: Նկատի ունեցեք, որ նույնիսկ բնական միջոցները կարող են ունենալ ռիսկեր և կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ հնարավոր վտանգավոր փոխազդեցություններ ձեր հիմնական դեղամիջոցների հետ: Խոսեք ձեր բժշկի հետ՝ նախքան այլընտրանքային որևէ բուժում փորձելը:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024