Բիլիռուբինի թեստը ստուգում է ձեր արյան մեջ բիլիռուբինի մակարդակները:
Ի՞նչն են հետազոտում
Բիլիռուբինը նարնջա-դեղնավուն գունանյութ է (պիգմենտ), որն առաջանում է արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտների) նորմալ քայքայման արդյունքում: Արյան հունից բիլիռուբինը զտվում է լյարդի կողմից և լեղու կազմի մեջ հեռացվում օրգանիզմից:
Բիլիռուբինն արյան շիճուկում առկա է երկու ֆրակցիաների տեսքով՝ ուղղակի (կապված կամ կոնյուգացված) և անուղղակի (ազատ կամ չկապված): Այս երկուսը միասին կազմում են արյան ընդհանուր բիլիռուբինը:
Ինչո՞ւ է այս թեստը նշանակվում
Բիլիռուբինի թեստը սովորաբար անցկացվում է մի շարք այլ արյան թեստերի հետ միասին, որոնց նպատակը լյարդի առողջական վիճակի լաբորատոր գնահատումն է:
Բժիշկը կարող է ձեզ առաջարկել բիլիռուբինի թեստ, որ՝
- ուսումնասիրի դեղնուկը, երբ բիլիռուբինի բարձրացած մակարդակները ձեր աչքերի եղջերաթաղնթը և մաշկը երանգավորում են դեղին գույնով
- որոշի, թե արդյոք առկա է լեղուղիների խցանում
- հայտնաբերի կամ վերահսկի լյարդի մեկ այլ հիվանդության, ինչպիսիք են հեպատիտները
- հայտնաբերի արյան կարմիր բջիջների արագացած քայքայումը (հեմոլիզ)
- գնահատի լյարդի կամ այլ հիվանդությունների բուժման արդյունավետությունը
- հայտնաբերի լյարդի ախտահարման այլ պատճառներ (օրինակ՝ դեղորայքային թունավորում):
Ամենայն հավանականությամբ բժիշկը բիլիռուբինի հետ միասին կնշանակի այլ արյան թեստեր ևս, այդ թվում՝
- լյարդի գործունեության թեստեր՝ արյան թեստերի մի խումբ, որը որոշում է լյարդում արտադրվող ֆերմենտները և սպիտակուցները
- ալբումին և ընդհանուր սպիտակուց (պրոտեին), որը թույլ է տալիս գնահատել լյարդի սպիտակուց (ալբումին) արտադրելու ունակությունը
- արյան ընդհանուր քննություն, որն արյան տարբեր տեսակի բջիջների (ձևավոր տարրերի) քանակների հաշվարկն է և կարող է հայտնաբերել հեմոլիզն ու դրան ուղեկցող սակավարյունությունը (անեմիա)
- պրոթրոմբինային ժամանակ, որը թույլ է տալիս գնահատել պլազմայի մակարդման ժամանակը:
Ինչպե՞ս նախապատրաստվել այս հետազոտությանը
Արյան բիլիռուբինի թեստը որևէ առանձնահատուկ պայման կամ պահանջ չունի: Ամեն դեպքում, մինչև արյուն հանձնելը զրուցեք ձեր բժշկի հետ:
Ձեր արդյունքների մեկնաբանումը
Բիլիռուբինի թեստի արդյունքները ներկայացվում են որպես ուղղակի (BIL-D), անուղղակի (BIL-ND) և ընդհանուր (BIL-Т) բիլիռուբինի ցուցանիշներ: Անուղղակի և ուղղակի բիլիռուբինները միասին կազմում են ընդհանուր բիլիռուբինը:
Բիլիռուբինի արդյունքը ներկայացնելիս որպես չափման միավոր սովորաբար ընդունված է միկրոմոլ/լիտրը (մկմոլ/լ, µmol/L), թեև որոշ լաբորատորիաներում պատասխանը կարող է նշվել միլիգրամ/դեցիլիտրով (մգ/դլ, mg/dL):
Բիլիռուբինի նորմալ միջակայքեր են համարվում՝
- ընդհանուր բիլիռուբին (BIL-T). չափահասներ՝ մինչև 21 մկմոլ/լ (համապատասխանում է մինչև 1,2 մգ/դլ-ին) և 1 ամսականից մեծ երեխաներ՝ մինչև 17 մկմոլ/լ (համապատասխանում է մինչև 1,0 մգ/դլ-ին)
- ուղղակի բիլիռուբին (BIL-D). մինչև 5 մկմոլ/լ (համապատասխանում է մինչև 0,3 մգ/դլ-ին)
Սովորաբար ախտորոշիչ նշանակություն է ստանում բիլիռուբինի ոչ թե նորմայից ցածր, այլ՝ բարձ մակարդակները, որը կարող է վկայել այն մասին, որ՝
- վնասված կամ ախտահարված լյարդը չի կարողանում արյունը պատշաճ կերպով «մաքրել» արյան կարմիր բջիջների նորմալ քայքայումից առաջացած բիլիռուբինից
- հազվադեպ՝ արյան կարմիր բջիջների քայքայումն այնքան է արագացել (հեմոլիզ), որ առողջ լյարդը չի հասցնում «մաքրել» այն արյունից:
Նորմայից բարձր բիլիռուբինի մեկ այլ բավականին հաճախ հանդիպող պատճառ էլ Ժիլբերտի համախտանիշն է, որը բիլիռուբինի քայքայմանն օգնող ֆերմենտի բնածին պակասն է և ունի բարորակ ընթացք:
Լրացուցիչ տեղեկատվություն
BIL-T/D թեստի մասին
Այցելեք մեր կայքի Մեդեքս-Lab բաժինը, որպեսզի իմանաք ընդհանուր (BIL-T) և ուղղակի (BIL-D) բիլիռուբիների հետազոտության մասին ավելի մանրակրկիտ տեղեկություններ։
Արյան հետազոտության մասին
Կարդացեք Մեդեքս-Health բաժնի արյան հետազոտությունների ուղեցույցը, որպեսզի ընդհանուր տեղեկություններ իմանաք արյան թեստերի մասին, այդ թվում՝
- ինչի՞ մասին հոգ տանել մինչև լաբորատորիա այցելելը
- ի՞նչ է տեղի ունենում արյան հետազոտության ընթացքում
- ինչպիսի՞ ճշգրություն ունեն հետազոտության արդյունքները։
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024