Առողջական խնդիրներ

Միզապարկի քաղցկեղ

Միզապարկի քաղցկեղ

Time Read 2 րոպե

Միզապարկի քաղցկեղը միզապարկի բջիջներից ծագող չարորակ նորագոյացության տարածված տեսակ է:

Հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է 60-ն անց տղամարդկանց շրջանում: Միզապարկի քաղցկեղը կարող է բուժվել, եթե հայտնաբերվում է վաղ՝ մինչև կլինիկական նշանների դրսևորվելը և քաղցկեղի տարածվելը:

Ի՞նչ է միզապարկի քաղցկեղը

Միզապարկի քաղցկեղը զարգանում է միզապարկի փոխակերպված («չարորակացած») բջիջներից, որոնք սկսում են անկառավարելի կերպով աճել ու բազմանալ: Ավելի հաճախ քաղցկեղն աճում է միզապարկի խոռոչը ներսից ծածկող լորձաթաղանթի բջիջներից (կոչվում են «ուրոթելիալ բջիջներ»), որոնք առկա են նաև ձեր երիկամներում և դրանք միզապարկի հետ կապող միզածորաններում: Այդ իսկ պատճառով ուրոթելիալ քաղցկեղները կարող են աճել նաև երիկամներում և միզածորաններում, սակայն շատ ավելի հաճախ տեղակայվում են միզապարկում:

Միզապարկը ձեր որովային ստորին շրջանում (կոնքի խոռոչում) տեղակայված փոքր կենտ մկանային պարկ է, որտեղ մինչև միզարձակելը կուտակվում և «պահեստավորվում» է երիկամներում արտադրվող և միզածորաններով ներքև հոսող մեզը: Ինչպես նշվեց, միզապարկի քաղցկեղներն ավելի հաճախ զարգանում են վերջինիս լորձաթաղանթից (կոչվում է «միզապարկի մակերեսային քաղցկեղ»):

Քաղցկեղային բջիջներն այստեղից կարող են տարածվել միզապարկի մկանային պատի մեջ, իսկ երբեմն՝ ավելի դուրս և անգամ ներաճել այլ օրգաններ կամ ավշային հանգույցներ: Սա կոչվում է «միզապարկի ինվազիվ քաղցկեղ»։

Միզապարկի քաղցկեղների մեծ մասն ախտորոշվում է զարգացման վաղ փուլերում, երբ հիվանդությունը մեծ հավանականությամբ բուժելի է: Սակայն նույնիսկ վաղ փուլերում հաջող բուժված միզապարկի քաղցկեղը կարող է կրկնվել: Այդ պատճառով էլ բուժումից հետո դուք պետք է պարբերաբար այցելեք ձեր բժշկին և անցնեք որոշ հետազոտություններ` ուղղված քաղցկեղի «վերադարձը» հնարավորինս շուտ հայտնաբերմանը:

Միզապարկի քաղցկեղի տեսակները

Միզապարկի բջիջների տարբեր տեսակներ կարող են «քաղցկեղանալ»: Կախված նրանից, թե ինչ տեսակի բջիջներ են քաղցկեղացել, որոշվում է միզապարկի քաղցկեղի տեսակը: Բժիշկներին այս տեղեկատվությունը պետք է, որպեսզի ընտրեն ձեզ առավելագույնս համապատասխանող բուժման մեթոդը:

Այսպիսով, միզապարկի քաղցկեղի տեսակներն են՝

  • ուրթելիալ կարցինոմա (նախկին անվանումը՝ «անցումային բջջային կարցինոմա»). ինչպես նշվեց վերևում, այս քաղցկեղը ծագում է միզապարկի խոռոչը պատող լորձաթաղանթի փոփոխված բջիջներից և արևմտյան երկրներում միզապարկի քաղցկեղի ամենատարածված տեսակն է
  • տափակբջջային կարցինոմա. քաղցկեղի այս տեսակի զարգացումը կապված է միզապարկի երկարատև գրգռման հետ (օրինակ՝ քրոնիկ վարակ կամ միզային կաթետերի երկարատև օգտագործում) և ավելի տարածված է այն երկրներում, որտեղ միզապարկի վարակների մեջ գերիշխող է «շիստոսոմիոզ» անվանումը կրող մակաբուծային հիվանդությունը
  • ադենոկարցինոմա. միզապարկի քաղցկեղի խիստ հազվադեպ հանդիպող տեսակ է, որը սկսվում է միզապարկի լորձ արտադրող գեղձային բջիջներից:

Որոշ դեպքերում միզապարկի քաղցկեղը կարող է ներառել ավելի քան մեկ տեսակի բջիջներ:

Հոդվածը տեղադրվել է՝ 09-02-2021 վերանայվել է՝ 26-12-2022

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով