Միզապարկի քաղցկեղ. բուժում
10-02-2021
1 րոպե

Միզապարկի քաղցկեղի բուժման մեթոդները կապված են բազմաթիվ գործոններից, օրինակ՝ քաղցկեղի տեսակ, չարորակության աստիճան և փուլ, ընդհանուր առողջական վիճակ և բուժման անհատական նախապատվություն:
Միզապարկի քաղցկեղի բուժումը կարող է ներառել՝
- վիրահատություն, որի նպատակը քաղցկեղային հյուսվածքների վիրահատական հեռացումն է (օրինակ՝ միզապարկի քաղցկեղի տրանսուրետրալ ռեզեկցիա (անգլերեն հապավումը՝ TURBT) կամ միզապարկի ամբողջական (ռադիկալ) կամ մասնակի հեռացում (ցիստէկտոմիա)
- ներմիզապարկային (ինտրավեզիկալ) քիմիոթերապիա՝ «տեղային» քիմիոթերապիա է, որն օգտագործվում է միզապարկի լորձաթաղանթից ծագած և բարձր չարորակության աստիճան ունեցող քաղցկեղների բուժման մեջ
- ամբողջ օրգանիզմի (համակարգային) քիմիոթերապիա, որը թույլ է տալիս կրճատել վիրահատությունից հետո քաղցկեղի «կրկնության» հավանականությունը կամ կիրառվում է վիրահատության փոխարեն, եթե վերջինս տեխնիկապես կամ այլ պատճառներով չի կատարվում
- ճառագայթային բուժում, որն ուղղված է քաղցկեղային բջիջների ճառագայթային ոչնչացմանը և հաճախ կիրառվում է որպես առաջնային բուժում, եթե վիրահատությունը տեխնիկապես կամ այլ պատճառներով չի կատարվում
- իմունաբուժում, որի նպատակն օրգանիզմի իմունային համակարգը խթանելն է՝ ուղղված քաղցկեղային բջիջների դեմ «բնական» պայքարի ակտիվացմանը
- թիրախային բուժում, որը սովորաբար նշանակվում է զարգացած քաղցկեղների ժամանակ, երբ բուժման մյուս մեթոդներն անօգուտ են:
Բժիշկ-ուռուցքաբանը կարող է առաջարկել նաև համակցված բուժում, որը ներառում է մեկից ավելի մեթոդի միաժամանակյա կամ հաջորդական կիրառում:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022