Միզապարկի քաղցկեղի ախտորոշման համար օգտագործվող հետազոտություններն ու միջամտությունները կարող են ներառել հետևյալը:
- Միզապարկի ներսից դիտում (ցիստոսկոպիա). ցիստոսկոպիա կատարելու համար ձեր բժիշկը ձեր միզուկով ներմուծում է փոքր, բարակ խողովակ (ցիստոսկոպ): Ցիստոսկոպն ունի ոսպնյակ, որը թույլ է տալիս ձեր բժշկին անցնել ձեր միզուկի և միզապարկի ներսը՝ հետազոտելու այս կառույցները հիվանդության նշանների համար: Ցիստոսկոպիան կարող է կատարվել բժշկի գրասենյակում կամ հիվանդանոցում:
- Հյուսվածքի նմուշի հեռացում հետազոտության համար (բիոպսիա). ցիստոսկոպիայի ընթացքում ձեր բժիշկը կարող է հատուկ գործիք անցկացնել ցիստոսկոպի միջով և ձեր միզապարկից բջիջների նմուշ հավաքել՝ հետազոտության համար (բիոպսիա): Այս միջամտությունը երբեմն անվանում են միզապարկի ուռուցքի տրանսուրետրալ ռեզեկցիա (TURBT): TURBT-ը կարող է օգտագործվել նաև միզապարկի քաղցկեղի բուժման համար:
- Մեզի նմուշի բջջաբանական հետազոտություն (մեզի ցիտոլոգիա). ձեր մեզի նմուշը դիտվում է մանրադիտակի տակ՝ ստուգելու քաղցկեղային բջիջների առկայությունը:
- Պատկերային հետազոտություններ. պատկերային հետազոտությունները, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) ուրոգրաֆիան կամ ռետրոգրադ պիելոգրաֆիան, թույլ են տալիս ձեր բժշկին հետազոտել ձեր միզուղիների կառուցվածքները: ԿՏ ուրոգրաֆիայի ժամանակ գունանյութը (կոնտրաստ), որը ներարկվում է ձեր ձեռքի երակից, ի վերջո հասնում է և հոսում է ձեր երիկամներով, միզածորաններով և միզապարկով: Հետազոտության ընթացքում արված ռենտգեն պատկերները մանրամասն պատկերացում են տալիս ձեր միզուղիների մասին և օգնում ձեր բժշկին բացահայտելու այն շրջանը, որը կարող է քաղցկեղ լինել: Ռետրոգրադ պիելոգրաֆիային ռենտգեն հետազոտություն է, որն օգտագործվում է վերին միզուղիների մանրամասն պատկերներ ստանալու համար: Այս թեստի ընթացքում ձեր բժիշկը բարակ խողովակ (կաթետեր) է անցկացնում միզուկով միզապարկի մեջ՝ միզածորանների մեջ կոնտրաստային ներկ ներարկելու համար: Այնուհետև ներկը հոսում է ձեր երիկամների մեջ՝ մինչ կատարվում են ռենտգենյան նկարահանվումներ:
Միզապարկի քաղցկեղի տարածման որոշում
Ձեր միզապարկի քաղցկեղը հաստատելուց հետո բժիշկը կարող է խորհուրդ տալ լրացուցիչ հետազոտություններ՝ պարզելու, թե արդյոք ձեր քաղցկեղը տարածվել է ձեր ավշային հանգույցներում կամ օրգանիզմի այլ շրջաններում:
Հետազոտությունները կարող են ներառել՝
- ԿՏ սքան
- մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)
- պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ)
- ոսկրերի սքանավորում
- կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն:
Ձեր բժիշկն օգտագործում է այս միջոցառումներից ստացված տեղեկությունները՝ ձեր քաղցկեղի փուլը սահմանելու համար: Միզապարկի քաղցկեղի փուլերը նշվում են հռոմեական թվանշաններով՝ 0-ից IV: Ամենացածր փուլերը ցույց են տալիս քաղցկեղ, որը սահմանափակված է միզապարկի ներքին շերտերով և չի աճել միզապարկի մկանային պատի վրա: Ամենաբարձր փուլը՝ IV փուլը, ցույց է տալիս քաղցկեղը, որը տարածվել է դեպի մարմնի հեռավոր շրջաններում գտնվող ավշային հանգույցներ կամ օրգաններ։
Միզապարկի քաղցկեղի աստիճանը
Միզապարկի քաղցկեղը հետագայում դասակարգվում է այն բանի հիման վրա, թե ինչպիսի տեսք ունեն քաղցկեղային բջիջները մանրադիտակի տակ: Սա հայտնի է որպես աստիճան, և ձեր բժիշկը կարող է նկարագրել միզապարկի քաղցկեղը որպես ցածր կամ բարձր աստիճանի:
- Միզապարկի ցածր աստիճանի քաղցկեղ. քաղցկեղի այս տեսակը կազմված է բջիջներից, որոնք արտաքին տեսքով և կազմակերպվածությամբ ավելի մոտ են նորմալ բջիջներին (լավ տարբերակված են): Ցածր աստիճանի ուռուցքը սովորաբար ավելի դանդաղ է աճում և ավելի քիչ հավանական է, որ ներխուժի միզապարկի մկանային պատի հաստության մեջ, քան բարձր կարգի ուռուցքը:
- Միզապարկի բարձր աստիճանի քաղցկեղ. քաղցկեղի այս տեսակը կազմված է բջիջներից, որոնք ունեն ոչ նորմալ տեսք և չունեն որևէ նմանություն նորմալ տեսք ունեցող հյուսվածքների հետ (վատ տարբերակված են): Բարձր աստիճանի ուռուցքը հակված է ավելի ագրեսիվ աճի, քան ցածր աստիճանի ուռուցքը, և կարող է ավելի մեծ հավանականությամբ տարածվել միզապարկի մկանային պատի հաստության մեջ և այլ հյուսվածքներ և օրգաններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-02-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024