Առողջական խնդիրներ
Կուրություն

4 րոպե
Կուրությունը կամ թույլ տեսողությամբ ապրելը կարող է ազդել ձեր կյանքի ցանկացած ոլորտի վրա։
Այս հոդվածը ներկայացնում է թույլ տեսողության և կուրության հետ կապված որոշ սահմանումներ, ախտանիշներ և պատճառներ, ինչպես նաև հնարավոր բուժման տարբերակներ։
Ի՞նչ է կուրությունը
Կուրությունը ձեր տեսողության (աչքերի տեսադաշտի) մասնակի կամ լիարժեք կորուստն է։ Որոշ մարդիկ, ովքեր կույր են, չեն կարող տեսնել ոչ մի բան։ Սա այսպես կոչված «բացարձակ» կուրությունն է, երբ առկա է երկու աչքի տեսողության կայուն, անվերադարձ և լիարժեք կորուստ, լույսը մթից անընդունակություն և տեսողությունը հավասար է 0-ի։ Թույլ տեսողությամբ անձանց տեսողության սրությունը տատանվում է 0,05–0,3-ի սահմաններում։
Սակայն իրավական, գործնական և սոցիալական իմաստով կուրությունն ավելի լայն հասկացություն է, և այս առումով կույր համարվող մարդիկ կարող են որոշակի տեսողական զգացողություններ ունենալ, սակայն չտարբերել շրջապատի առարկաները կամ մարդկանց, կորցնել շրջապատող պայմաններում կողմնորոշվելու հատկությունը և չկարողանալ առանց կողմնակի անձանց օգնության քայլել, թեկուզ լուսազգայությունը պահպանված է և կարող է տարբերել խոշոր առարկաների ուրվագծերը։ Սա կոչվում է «հարաբերական» կուրություն, քանի որ տեսողության մնացորդները պահպանված են։
Տարբերում են հարաբերական կուրության երկու հիմնական տեսակներ։
- Գործնականորեն կույր են համարվում այն մարդիկ, ովքեր ընդունակ չեն առանց կողմնակի օգնության տեղաշարժվել և կողմնորոշվել շրջապատում՝ չնայած լուսազգայությունը պահպանված է, և կարող է տարբերել խոշոր առարկաների ուրվագծերը։ Որոշակի մարզման դեպքում այդպիսիմարդիկ, չնայած դժվարությամբ, կարող են ինքնուրույն տեղաշարժվել: Այս խմբում տարբերում են նաև կենցաղային կուրություն, որը ներառում է տեսողության սրության խիստ նվազմամբ (մինչև 0, 02) անձանց։
- Արտադրական կուրությունը տեսողության նվազումն է մինչև այն աստիճան, որ մարդ չի կարողանում աշխատել անգամ ցանկացած օպտիկական սարքի օգնությամբ և շարունակել մասնագիտական գործունեությունը։
Սովորաբար, մարդը համարվում է կույր, եթե՝
- կարողանում է ինչ-որ նշանը տարբերել միայն 6 մետր հեռավորության վրա, երբ նորմալ տեսողությամբ մեկ այլ մարդ նույն այդ նշանը տեսնում է 60 մետրից
- երբ տեսադաշտի տրամագծային անկյունը կազմում է միայն 20 աստիճան (երբեմն կոչվում է նաև «խողովակային տեսողություն»)։
Տեսողությունը համարվում է նվազած, եթե ձեր թուլացած տեսողությունը որևէ միջոցով, օրինակ՝ բուժմամբ կամ ակնոց կրելով չի կարող բարելավվել, որն էլ ազդում է ձեր առօրյա կյանքի վրա։
Եթե դուք ունեք գունային «կուրություն», դա չի նշանակում, որ դուք կույր եք։ Գունային կուրությամբ մարդիկ պարզապես չեն կարողանում իրարից տարբերել որոշ գույներ կամ դրանք ընկալում են ոչ այնպես, ինչպես առողջ տեսողությամբ մարդիկ։
Կուրության ախտանիշները
Բազմաթիվ մարդկանց մոտ տեսողության կորուստը կամ կուրությունն ի հայտ է գալիս տարբեր առանձնահատկություններով, որը մասամբ կախված է այս վիճակներին հասցնող պատճառներից։
Օրինակ, մակուլյար դեգեներացիայի ժամանակ տեսողության կորուստը սկսվում է տեսադաշտի կենտրոնից։ Կատարակտի ժամանակ հիվանդությունը կարող է ի հայտ գալ որպես տեսադաշտի «ամպակալում», երկտեսություն կամ պայծառ լույսի հետ կապված խնդիրներ։
Որոշ մարդկանց մոտ խնդիրներն առաջանում են մութ և գիշերային պայմաններում կամ որպես «խողովակային» (թունելային) տեսողություն, երբ նրանք կարողանում են տեսնել անմիջապես իրենց դիմացը պահված առարկաները, սակայն ունեն «կողմնային» կուրություն (չեն տեսնում տեսադաշի կողքերը): Այլ մարդիկ կարող են տեսնել բաներ, որոնք գոյություն չունեն կամ նկարագրել տեսադաշտում առկա բծեր կամ դաշտեր, որոնք չեն անհետանում։
Կուրության պատճառները
Տեսողության կորստի և կուրության ամենահաճախ հանդիպող պատճառներն են մակուլյար դեգեներացիան, կատարակտը, դիաբետիկ ռետինոպաթիան և գլաուկոման։ Այս բոլոր հիվանդություններն ու վիճակներն ավելի հաճախ հանդիպում են բարձր տարիքում։
Կուրության այլ պատճառներից են՝
- ժառանգական հիվանդություններ, օրինակ՝ Ուշերի համախտանիշ կամ retinitis pigmentosa, որոնք ի հայտ են գալիս ի ծնե կամ սկսած վաղ մանկական տարիքից
- աչքերի տրավմատիկ վնասվածքներ։
Մակուլյար դեգեներացիա
Եթե դուք ունեք մակուլյար դեգեներացիա, ձեր ակնագնդերի հետին պատին տեղակայված ցանցաթաղանթի և դրա տակ ընկած բջիջներն անդառնալիորեն ախտահարվում են, բերելով տեսողության աղոտացման կամ նույնիսկ տեսադաշտի կենտրոնական շրջանի կորստի: Կան մակուլյար դեգեներացիայի երկու հիմնական տեսակներ՝ չոր և թաց։ Չորն ամենատարածված տեսակն է, որը զարգանում է դանդաղորեն և աստիճանաբար առաջացնում տեսողության թույլից մինչև ծանր կորուստ, իսկ թացն ավելի ծանր տեսակն է, որը բերում է տեսողության հանկարծակի կորստի։
Կատարակտ
Կատարակտը կուրության հասցնող աշխարհում ամենահաճախ հանդիպող պատճառն է, որի պատճառը աչքի ոսպնյակի «պղտորացումն» է։ Կատարակտը սովորաբար ի հայտ է գալիս բարձր տարիքում, սակայն կարող է առաջանալ նաև երիտասարդների մոտ։ Այն ավելի հաճախ զարգանում է այն մարդկանց մոտ, ովքեր առանց արևային ակնոցի երկար ժամանակ անցկացնում են արևի տակ, ունեն դիաբետ կամ բարձր արյան ճնշում, ծխում են կամ երկար ժամանակ ստանում են որոշ դեղեր, օրինակ՝ ստատիններ կամ հորմոնային փոխարինող բուժում։
Դիաբետիկ ռետինոպաթիա
Դիաբետիկ ռետինոպաթիան աչքի ցանցաթաղանթի անոթների անդառնալի ախտահարումն է, որը զարգանում է որպես դիաբետի (շաքարախտ) հեռավոր բարդություն։ Դիաբետիկ ռետինոպաթիան աստիճանաբար առաջացնում է մշուշոտ կամ աղոտ տեսողություն, գիշերային տեսողության վատացում, պայծառ լույսի նկատմամբ գերզգայունություն, հավասարակշռության խանգարումներ և երկտեսություն։
Գլաուկոմա
Գլաուկոման աչքի մի խումբ հիվանդությունների անվանումն է, որոնք վնասում են տեսողական նյարդը։ Տեսողական նյարդի ախտահարման ամենահաճախ հանդիպող պատճառը բարձր ներակնային ճնշումն է։
Գլաուկոման սկսվում է աչքերում անհարմարավետության զգացումնով և քթային կողմից տեսադաշտի նեղացմամբ։ Այն սովորաբար ունի դանդաղ ընթացք և կարող է հայտնաբերվել բավականին ուշացմամբ։
Կուրության ախտորոշումը
Այցելեք ձեր բժշկին կամ ակնաբույժին, եթե անհանգստացած եք ձեր տեսողության հետ կապված որևէ խնդրով։ Նրանք կզննեն ձեր աչքերը և կանցկացնեն տեսողության ստուգման հետազոտություններ։
Աչքերի և տեսողության պարբերաբար ստուգումները կարևոր են, քանի որ աչքերի հետ կապված խնդիրների վաղ ախտորոշումը և բուժումը կարող է պահպանել ձեր տեսողությունը։
Կուրության բուժումները
Տեսողության կորստի և կուրության բուժումը կախված է այն պատճառից, որն առաջացրել է այս վիճակները։ Երբեմն և ոչ մի բուժում չի կարող փրկել տեսողության կորուստը կամ վերացնել կուրությունը։
Մակուլյար դեգեներացիայի ժամանակ ակնաբույժը կարող է փորձել կայունացնել և պահպանել առկա տեսողությունը այնքան ժամանակ, որքան հնարավոր է։ Ակնաբույժը կարող է առաջարկել նաև դեղերի ներակնային ներարկումներ։
Կատարակտի ժամանակ ձեզ կարող է առաջարկվել վիրահատություն, որի նպատակը «պղտորված» ոսպնյակի փոխարինումն է արհեստականով։
Դիաբետիկ ռետինոպաթիայի ժամանակ օգտակար կարող են լինել վիրահատության և լազերային վիրահատության մի շարք տարբերակներ։ Կարևոր է նաև արյան գլյուկոզի մակարդակի կայունացումը։
Գլաուկոմայի ժամանակ կարող են նշանակվել աչքի կաթիլներ, որոշ դեպքերում՝ նաև լազերային կամ այլ վիրահատություններ։
Տեսողության կորստով կամ կուրությամբ ապրելը
Եթե դուք ունեք տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ կամ կուրություն, ապա պետք է նախաձեռնեք ձեր վիճակին համապատասխան որոշակի գործեր։ Կարող են օգտակար լինել խոշորացույցի օգտագործումը, տան ավելի ուժեղ լուսավորությունը և այլն։ Զրուցեք այս թեմայով ձեր բժշկի կամ ակնաբույժի հետ։
Աչքերի և տեսողության ստուգում
Աչքերի և տեսողության պարբերական ստուգումը խիստ կարևոր է։ Հարցրեք ձեր բժշկին, թե այս նպատակի համար ինչ հաճախականությամբ պետք է դուք այցելեք նրան։
Հոդվածը տեղադրվել է՝ 15-06-2019 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: