Skip to main content

Արյան թեստեր - Հղիություն

Որպես հղիության խնամքի մաս, ձեր բժիշկը կնշանակի որոշ արյան թեստեր:

Դրանց մի մասը նշանակվում է բոլոր հղի կանանց և որոշ թեստեր՝ միայն ձեզ, եթե պարզվում է, որ դուք պատկանում եք որևէ վարակի կամ ժառանգական հիվանդության նկատմամբ ռիսկի խմբում:

Արյան թեստերը նշանակվում են, որ ստուգվի, թե կա արդյոք որևէ շեղում, որը կարող է բարդացնել ձեր հղիության ընթացքը կամ առաջացնել հետծննդաբերական բարդություններ, ինչպես նաև գնահատվի ձեր և ձեր չծնված երեխայի ընդհանուր առողջական վիճակը:

Զրուցեք ձեր բժշկի հետ և տվեք նրան հարցեր, եթե ցանկանում եք ձեզ նշանակված արյան թեստերի վերաբերյալ ստանալ լրացուցիչ տեղեկություններ:

Արյան խումբ

Կան արյան 4 խմբեր (A, B, AB կամ O) և դուք պետք է հանձնեք արյան թեստ, որ որոշվի ձեր արյան խումբը: Այս տվյալը կարող է անհրաժեշտ լինել, եթե ձեզ արյուն փոխներարկելու կարիք առաջանա, օրինակ՝ հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ զարգացող արյունահոսություն (հեմոռագիա):

Իմացե՛ք ավելին հղիության ընթացում արյունահոսությունների մասին:

Ռեզուս (RhD) գործոն

Ձեր արյան խումբը որոշելիս սովորաբար ներկայացվում է մեկ այլ ցուցանիշ ևս, որը կարող է լինել կամ «դրական» կամ էլ «բացասական»: Սա ձեր ռեզուս (RhD) գործոնն է, որը ցույց է տալիս, թե արդյոք ձեր արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակերևույթին կա D հակածին կոչվող նյութը: Եթե ձեզ մոտ այն առկա է, ուրմեն դուք RhD (ռեզուս) դրական եք, եթե ոչ՝ RhD (ռեզուս) բացասական եք: Ընդհանուր առմամբ, մարդկանց 85%-ն ունի ռեզուս դրական, իսկ մնացած 15%-ը՝ ռեզուս բացասական արյուն:

Եթե ձեր արյունը RhD (ռեզուս) բացասական է, սա դեռ խնդիր չի ներկայացնում, քանի դեռ ձեր երեխայի մոտ չի ձևավորվել RhD (ռեզուս) դրական արյուն: Եթե կա նման զուգակցում (դուք RhD- եք և ձեր երեխան RhD+ է), ապա կա ռիսկ, որ ձեր օրգանիզմը երեխայի արյան դեմ կարտադրի հակամարմիններ: Նման իրավիճակը ձեր ընթացիկ հղիության ընթացքում որևէ խնդիր չի առաջացնում, բայց կարող է ազդել հետագա հղիությունների վրա:

Իմացե՛ք ավելին հղիների մոտ ռեզուս գործոնի մասին:

Անեմիա (սակավարյունություն)

Կանանց մոտ հղիության ընթացքում երկաթի դեֆիցիտը (պակաս) խիստ տարածված խնդիր է: Նման վիճակի պատճառն այն է, որ ձեր օրգանիզմը հավելյալ երկաթի կարիք ունի, որ ապահովի երեխայի բավարար արյան մատակարարում և նրան անհրաժեշտ թթվածնի և սննդանյութերի տրամադրում: Հղիության ընթացքում ձեր սննդակարգում ավելացնելով երկաթով հարուստ մթերքներ, դուք կարող եք օգնել երկաթ-դեֆիցիտային անեմիայից խուսափելուն: Որոշ կանայք կարող են ունենալ երկաթի հավելումի կարիք, հատկապես հղիության 20-րդ շաբաթականից սկսած: Անեմիան առաջացնում է ընդհանուր թուլություն և ծննդաբերության ժամանակ հնարավոր արյան կորստի նկատմամբ ավելի խոցելի:

Իմացե՛ք ավելին երկաթ-դեֆիցիտային անեմիայի մասին։

Բժիշկը կտեղեկացնի ձեզ, եթե ունենաք երկաթի հավելումներ ստանալու կարիք՝ ուղղված անեմիայի կանխարգելմանը կամ բուժմանը: Նման դեպքերում հղիության ընթացքում ձեր արյան շիճուկում երկաթի մակարդակը կարող է մի քանի անգամ որոշվել:

Իմացե՛ք ավելին հղիների մոտ անեմիայի մասին:

Վարակներ

Ձեր բժիշկը կարող է նշանակել արյան թեստ, որ ստուգի ձեզ մոտ տարբեր վարակների առկայությունը, որոնք կարող են բացասաբար ազդել և անգամ վտանգել ձեր հղիության ընթացքը, ինչպես նաև վնասել ձեր չծնված երեխային: Ավելի հաճախ հղիների մոտ ստուգվում են հետևյալ վարակները՝

  • կարմրախտ
  • սիֆիլիս
  • հեպատիտ B
  • հեպատիտ C
  • ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարության):

Կարևոր է հիշել, որ այս հետազոտություններով բացասական պատասխան ստանալը բնավ չի նշանակում, որ հետագայում դուք չեք կարող վարակվել նույն վարակներով: Ուստի, զգոնությունը պետք է պահպանել հղիության ողջ ընթացքում, և, ընդհանուր առմամբ, ձեր ողջ կյանքի ընթացքում: Հիշեք նաև, որ սիֆիլիսը, ՄԻԱՎ-ը և հեպատիտ B-ն կարող են փոխացնվել սեռական ճանապարհով, եթե ձեր սեռական հարաբերություններն անպաշտպան են: ՄԻԱՎ-ը և հեպատիտները կարող են փոխանցվել նաև վարակված ասեղով, ներարկիչով կամ ներարկման պարագաներով:

Գեստացիոն դիաբետ

Գեստացիոն դիաբետը դիաբետի մի տեսակ է, որը հանդիպում է որոշ հղի կանանց մոտ: Շաքարային դիաբետը կամ շաքարախտը հիվանդություն է, որի թիվ մեկ դրսևորումն արյան շաքարի (գլյուկոզ) բարձրացումն է, որը կոչվում է հիպերգլիկեմիա:

Դեպքերի մեծամասնությունում գեստացիոն դիաբետը զարգանում է հղիության երրորդ եռամսյակում՝ 28 շաբաթականից հետո: Եթե ձեզ մոտ հղիության ընթացքում զարգացել է գեստացիոն դիաբետ, հավանական է, որ ծննդաբերությունից հետո և ավելի ուշ կարող եք ունենալ 2-րդ տիպի դիաբետ:

Իմացե՛ք ավելին հղիների կամ գեստացիոն դիաբետի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 18-05-2020
Վերջին վերանայում՝ 30-04-2024