Ոսկրային քաղցկեղի մեծ մասի պատճառն անհայտ է:
Ոսկրային քաղցկեղների մի փոքր մասը կապված է ժառանգական գործոնների հետ, մինչդեռ մյուսները կապված են նախորդ ճառագայթման ազդեցության հետ:
Ոսկրային քաղցկեղի տեսակները
Բժիշկները տարբերում են առաջանային կամ երկրորդային (մետաստատիկ) ոսկրային քաղցկեղներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հատուկ բուժումը:
Ոսկրային քաղցկեղները բաժանվում են առանձին տեսակների՝ ելնելով այն բջջի տեսակից, որտից սկսվել է քաղցկեղը: Ոսկրային քաղցկեղի ամենատարածված տեսակները ներառում են հետևյալը:
- Օստեոսարկոմա. օստեոսարկոման ոսկրային քաղցկեղի ամենատարածված ձևն է: Այս ուռուցքում քաղցկեղային բջիջներն արտադրում են ոսկոր: Ոսկրային քաղցկեղի այս տարատեսակն առավել հաճախ հանդիպում է երեխաների և երիտասարդների մոտ՝ ոտքի կամ ձեռքի ոսկորներում: Հազվադեպ, օստեոսարկոման կարող է առաջանալ ոսկորներից դուրս (արտակմախքային օստեոսարկոմա):
- Խոնդրոսարկոմա. խոնդրոսարկոման ոսկրային քաղցկեղի երկրորդ ամենատարածված ձևն է: Այս ուռուցքում քաղցկեղային բջիջներն արտադրում են աճառ: Խոնդրոսարկոման սովորաբար հանդիպում է կոնքի, ոտքերի կամ ձեռքերի մեջ միջին տարիքի և ավելի մեծ չափահասների մոտ:
- Յուինգի (Էվինգի) սարկոմա. Յուինգի սարկոմայի ուռուցքներն առավել հաճախ առաջանում են երեխաների և երիտասարդների կոնքում, ոտքերում կամ ձեռքերում: Յուինգի սարկոմաներն արագորեն աճում են ոսկրի մեջ կամ այն շրջապատող փափուկ հյուսվածքներում:
Ռիսկի գործոններ
Պարզ չէ, թե ինչն է առաջացնում ոսկրային քաղցկեղ, սակայն բժիշկները պարզել են, որ որոշ գործոններ կապված են ռիսկի բարձրացման հետ:
- Ժառանգական գենետիկ համախտանիշներ. որոշ հազվադեպ գենետիկ համախտանիշներ, որոնք փոխանցվում են ընտանիքներով, մեծացնում են ոսկրային քաղցկեղի առաջացման ռիսկը, ներառյալ Լի-Ֆրաումենի համախտանիշը և ժառանգական ռետինոբլաստոման:
- Պեջետի ոսկրային հիվանդություն. առավել հաճախ առաջացող տարեցների մոտ՝ Պեջետի ոսկրային հիվանդությունը կարող է մեծացնել ոսկրային քաղցկեղի ավելի ուշ զարգանալու ռիսկը:
- Քաղցկեղի ճառագայթային թերապիա. ճառագայթման մեծ չափաբաժինների ազդեցությունը, ինչպիսին է քաղցկեղի ճառագայթային թերապիայի ժամանակ տրվողը, մեծացնում է ապագայում ոսկրային քաղցկեղի առաջացման ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024