Ձեր ոսկրային քաղցկեղի բուժման տարբերակները հիմնված են ձեր ունեցած քաղցկեղի տեսակի, քաղցկեղի փուլի, ձեր ընդհանուր առողջական վիճակի և ձեր նախասիրությունների վրա:
Տարբեր ոսկրային քաղցկեղներ արձագանքում են տարբեր բուժմանը, և ձեր բժիշկները կարող են օգնել ձեզ ուղղորդել, թե որն է լավագույնը ձեր քաղցկեղի համար: Օրինակ՝ ոսկրային քաղցկեղի որոշ տեսակներ բուժվում են միայն վիրահատությամբ, որոշները՝ վիրահատության և քիմիոթերապիայի հետ, իսկ այլ քաղցկեղները՝ վիրահատությամբ, քիմիոթերապիայով և ճառագայթային թերապիայով:
Վիրահատություն
Վիրահատության նպատակն է հեռացնել ամբողջ քաղցկեղային ուռուցքը: Շատ դեպքերում սա ներառում է ուռուցքը մեկ կտորով հեռացնելու հատուկ տեխնիկա՝ այն շրջապատող առողջ հյուսվածքի մի փոքր մասի հետ միասին: Վիրաբույժը հեռացրած ոսկորը փոխարինում է ձեր մարմնի մեկ այլ հատվածի այլ ոսկորով, ոսկրային բանկի նյութով կամ մետաղից և կոշտ պլաստիկից պատրաստված նյութով:
Ոսկրային քաղցկեղը, որը շատ մեծ է կամ գտնվում է ոսկրի բարդ հատվածում, կարող է պահանջել վիրահատություն՝ վերջույթի ամբողջ կամ մի մասի հեռացման համար (ամպուտացիա): Մշակվել են բուժման այլ մեթոդներ, ուստի անդամահատումը դառնում է ավելի քիչ տարածված: Եթե անհրաժեշտ է անդամահատում, ձեզ հավանաբար արհեստական վերջույթ կտեղադրեն և կանցնեք վերապատրաստում, որ սովորեք ամենօրյա գործերի կատարումը՝ օգտագործելով ձեր նոր՝ արհեստական վերջույթը:
Քիմիոթերապիա
Քիմիաթերապիան օգտագործում է ուժեղ հակաքաղցկեղային դեղամիջոցներ, որոնք սովորաբար տրվում են երակով (ներերակային)՝ քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար: Այնուամենայնիվ, բուժման այս տեսակն ավելի լավ է ազդում ոսկրային քաղցկեղի որոշ ձևերի դեպքում, քան մյուսների դեպքում: Օրինակ, քիմիոթերապիան, ընդհանուր առմամբ, այնքան էլ արդյունավետ չէ խոնդրոսարկոմայի համար, սակայն այն օստեոսարկոմայի և Յուինգի սարկոմայի բուժման կարևոր բաղադրիչն է:
Ճառագայթային թերապիա
Ճառագայթային թերապիան օգտագործում է էներգիայի հզոր ճառագայթներ, ինչպիսիք են ռենտգենյան ճառագայթները՝ քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար: Ճառագայթային թերապիայի ժամանակ դուք պառկում եք սեղանի վրա, մինչ հատուկ մեքենան պտտվում է ձեր շուրջը և էներգիայի ճառագայթներն ուղղում ձեր մարմնի ճշգրիտ կետերին:
Ճառագայթային թերապիան հաճախ օգտագործվում է վիրահատությունից առաջ, քանի որ այն կարող է փոքրացնել ուռուցքը և հեշտացնել դրա հեռացնելը: Սա, իր հերթին, կարող է օգնել նվազեցնելու անդամահատման անհրաժեշտության հավանականությունը:
Ճառագայթային թերապիան կարող է օգտագործվել նաև ոսկրային քաղցկեղ ունեցող մարդկանց մոտ, որը հնարավոր չէ հեռացնել վիրահատության միջոցով: Վիրահատությունից հետո ճառագայթային թերապիան կարող է օգտագործվել՝ ոչնչացնելու ցանկացած քաղցկեղային բջիջ, որը կարող է մնացած լինել: Տարածված ոսկրային քաղցկեղ ունեցող մարդկանց համար ճառագայթային թերապիան կարող է օգնել վերահսկելու գանգատներն ու ախտանիշները, ինչպիսին է ցավը:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024