Պատկերային թեստերը կարող են օգնել որոշելու ոսկրային ուռուցքների տեղայնացումը և չափը, և այն, թե արդյոք ուռուցքները տարածվել են մարմնի այլ մասեր:
Առաջարկվող պատկերային հետազոտությունների տեսակները կախված են ձեր անհատական գանգատներից և ախտանիշներից: Հետազոտությունները կարող են ներառել հետևյալը՝
- ոսկրի սքանավորում (սցինտիգրաֆիա)
- համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ)
- մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)
- պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա (ՊԷՏ)
- ռենտգեն հետազոտություն (ռենտգենոգրաֆիա):
Ասեղային (ասպիրացիոն) կամ վիրահատական բիոպսիա
Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ուռուցքից հյուսվածքային նմուշի հեռացման միջամտություն (բիոպսիա)՝ լաբորատոր հետազոտության համար: Հետազոտությունը կարող է ցույց տալ ձեր բժշկին, թե արդյոք հյուսվածքը քաղցկեղ է, և եթե այո, ապա ինչ տեսակի քաղցկեղ ունեք: Այն կարող է նաև բացահայտել՝ արդյոք ուռուցքային բջիջները արագ (ագրեսիվ) են աճում, թե դանդաղ:
Ոսկրային քաղցկեղի ախտորոշման համար օգտագործվող բիոպսիայի միջամտությունների տեսակները ներառում են հետևյալը:
- Ասեղ մտցնելով ձեր մաշկի միջով ուռուցքի մեջ. ասեղային բիոպսիայի ժամանակ ձեր բժիշկը բարակ ասեղ է մտցնում ձեր մաշկի միջով և ուղղորդում այն դեպի ուռուցքը: Ձեր բժիշկն օգտագործում է ասեղը՝ ուռուցքից հյուսվածքային փոքր կտորներ հեռացնելու համար:
- Վիրահատություն՝ հեռացնելու հյուսվածքի նմուշը հետազոտման համար. վիրահատական բիոպսիայի ժամանակ ձեր բժիշկը կատարում է մաշկի կտրվածքվ և հեռացնում կամ ամբողջ ուռուցքը կամ դրա մի մասը:
Ձեզ անհրաժեշտ բիոպսիայի տեսակը և դրա կատարման մանրամասները որոշելը պահանջում է ձեր բժշկական անձնակազմի կողմից մանրակրկիտ պլանավորում: Բժիշկները պետք է կատարեն բիոպսիան այնպես, որ չխանգարեն ոսկրային քաղցկեղի հնարավոր հեռացման հետագա վիրահատությանը: Այդ իսկ պատճառով, նախքան ձեր բիոպսիան, խնդրեք ձեր բժշկին, որ ձեզ ուղեգրի ոսկրային ուռուցքների բուժման մեծ փորձ ունեցող բժիշկական թիմի մոտ:
Ոսկրի քաղցկեղի փուլի որոշում
Եթե ձեր բժիշկը հաստատում է ոսկրային քաղցկեղի ախտորոշումը, նա փորձում է որոշել քաղցկեղի չափը (փուլը), քանի որ դա կօգնի որոշելու ձեր բուժման տարբերակները: Քննարկման ենթակա գործոնները ներառում են՝
- ուռուցքի չափը
- որքան արագ է աճում քաղցկեղը (ագրեսիվություն)
- ներգրավված ոսկորների քանակը, ինչպիսիք են ողնաշարի հարակից ողները
- արդյոք քաղցկեղը տարածվել է (մետաստազավորվել է) մարմնի այլ մասեր:
Ոսկրային քաղցկեղի փուլերը նշվում են հռոմեական թվերով՝ սկսած 0-ից մինչև IV: Ամենացածր փուլերը ցույց են տալիս, որ ուռուցքն ավելի փոքր է և ավելի քիչ ագրեսիվ: IV փուլով քաղցկեղը տարածված է մարմնի այլ շրջաններում:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024