Skip to main content

Բուժում - Ոսկրային մետաստազ

Ոսկրային մետաստազների բուժման ընդհանուր մեթոդները ներառում են դեղամիջոցներ, ճառագայթային թերապիա և վիրահատություն:

Այն, թե որ բուժումը կամ բուժումների զուգակցումը ձեզ կնշանակվի, կախված է ձեր վիճակի առանձնահատկություններից:

Դեղորայքային բուժում

Ոսկրային մետաստազներով մարդկանց նշանակվող դեղամիջոցները կարող են ներառել հետևյալը:

  • Ոսկրային հյուսվածքն ամրապնդող դեղամիջոցներ. այն դեղամիջոցները, որոնք սովորաբար օգտագործվում են թուլացած ոսկորներ (օստեոպորոզ) ունեցող մարդկանց բուժման համար, նաև կարող են օգնել ոսկրային մետաստազներով մարդկանց: Այս դեղամիջոցները կարող են ամրացնել ոսկորները և մեղմացնել ոսկրային մետաստազների հետևանքով առաջացած ցավը՝ նվազեցնելով ուժեղ ցավազրկող դեղամիջոցների անհրաժեշտությունը: Ոսկորն ամրապնդող դեղամիջոցները նաև կարող են կրճատել ոսկրային նոր մետաստազների զարգացման ռիսկը: Այս դեղամիջոցները կարող են օգտագործվել մի քանի շաբաթը մեկ՝ տրվելով ձեռքի երակով կամ ներարկման միջոցով: Դրանց բերանային (օրալ) ձևերը ևս հասանելի են, սակայն այնքան արդյունավետ չեն, որքան ներերակային կամ ներարկային ձևերը, և կարող են առաջացնել մարսողական խանգարումներ: Ոսկրային հյուսվածքը վերականգնող դեղամիջոցները կարող են առաջացնել ժամանակավոր ոսկրային ցավ և երիկամների հետ կապված խնդիրներ: Դրանք նաև մեծացնում են ծնոտի ոսկորի հազվադեպ, բայց ծանր խանգարման ռիսկը (օստեոնեկրոզ):
  • Ներերակային ճառագայթում. բազմաթիվ ոսկրային մետաստազներ ունեցող մարդկանց համար ճառագայթման ձևը, որը կոչվում է ռադիոդեղորայք, կարող է տրվել երակով: Ռադիոդեղամիջոցները պարունակում են ռադիոակտիվ նյութի ցածր մակարդակ, որն ընտրողաբար թափանցում է ոսկորներ: Այս նյութը տեղաշարժվում է դեպի ոսկրային մետաստազի տարածքներ և արձակում իր ճառագայթումը: Ռադիոդեղամիջոցները կարող են օգնել ոսկրային մետաստազների հետևանքով առաջացած ցավի վերահսկմանը: Կողմնակի ազդեցություններից է ոսկրածուծի վնասումը, որը կարող է հանգեցնել արյան բջիջների քանակի նվազման:

  • Քիմիոթերապիա. եթե քաղցկեղը տարածվել է բազմաթիվ ոսկորների վրա, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ քիմիոթերապիա: Քիմիոթերապիայի դեղամիջոցներն անցնում է ձեր ամբողջ օրգանիզմով և սկսում պայքարել արագ բազմացող բջիջների, այդ թվում՝ քաղցկեղային բջիջների դեմր: Քիմիոթերապիան կարող է նշանակվել որպես հաբ, ներերակային ներարկում կամ երկուսն էլ: Կողմնակի ազդեցությունները կախված են ձեզ նշանակված քիմիոթերապիայի կոնկրետ դեղերից: Այն քաղցկեղների համար, որոնք զգայուն են քիմիոթերապիայի նկատմամբ, բուժման այս տարբերակը կարող է դառնալ ոսկրային մետաստազներից առաջացած ցավի մեղմացման լավագույն միջոցը:
  • Հորմոնային թերապիա. եթե քաղցկեղը զգայուն է օրգանիզմի հորմոնների նկատմամբ, այդ հորմոնները ճնշող բուժումը կարող է արդյունք տալ: Կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղները հաճախ զգայուն են հորմոն-պաշարիչ բուժման նկատմամբ: Հորմոնային թերապիան կարող է ներառել բնական հորմոնների մակարդակը նվազեցնող կամ հորմոնների և քաղցկեղային բջիջների փոխազդեցությունն արգելափակող դեղամիջոցներ: Մեկ այլ տարբերակ է վիրահատությունը, երբ հեռացվում են հորմոն արտադրող օրգանները, ինչպիսիք են ձվարանները և ամորձիները:

  • Ցավազրկող դեղամիջոցներ. ցավազրկողները կարող են վերահսկել ոսկրային մետաստազների հետևանքով առաջացած ցավը: Կախված ձեր ցավերի ուժգնությունից, բժիշկը կարող է նշանակել սովորական ցավազրկողներ կամ ավելի ուժեղ՝ դեղատոմսով դուրս գրվող, այդ թվում՝ թմրաբեր ցավազրկողներ: Ձեր իրավիճակում ցավազրկող դեղամիջոցների լավագույն համակցությունը գտնելը կարող է ժամանակ պահանջել: Եթե ցավազրկողներ եք ընդունում, բայց դեռ ցավ եք զգում, տեղեկացրեք այդ մասին ձեր բժշկին: Ցավի մասնագետը կարող է առաջարկել ցավազրկման լրացուցիչ տարբերակներ:

  • Ստերոիդներ. դեղերի այս խումբը, որը հայտնի է որպես ստերոիդներ, հաճախ կարող է օգնել ոսկրային մետաստազների հետ կապված ցավի թուլացմանը՝ մեղմացնելով քաղցկեղի շրջանի այտուցը և բորբոքումը: Այս ստերոիդները տարբերվում են ստերոիդների այն տեսակներից, որոնք բոդիբիլդերները կամ մարզիկներն օգտագործում են իրենց կմախքային մկանուքը զարգացնելու համար: Ստերոիդները կարող են բավականին արագ ազդել և օգնել ցավերի մեղմացմանը և քաղցկեղի որոշ բարդությունների կանխարգելմանը, սակայն դրանք նաև պետք է շատ զգուշորեն օգտագործվեն, քանի որ դրսևորում են կողմնակի ազդեցություններ, հատկապես երկարատև օգտագործման դեպքում:

  • Թիրախային թերապիա. թիրախային դեղորայքային թերապիան կենտրոնանում է քաղցկեղային բջիջներում առկա առանձնահատկությունների՝ «թույլ կետերի» վրա: Արգելափակելով դրանք՝ թիրախային դեղորայքային թերապիաները կարող են հանգեցնել քաղցկեղային բջիջների մահացման: Որոշ քաղցկեղներ կարող են շատ լավ արձագանքել բուժման այս տեսակին: Օրինակ, կրծքագեղձի քաղցկեղային բջիջները, որոնք HER2 դրական են, կարող են արձագանքել որոշակի թիրախային դեղամիջոցների ազդեցությանը:

Արտաքին ճառագայթային թերապիա

Ճառագայթային թերապիան (ռադիոթերապիա) օգտագործում է հզոր էներգիայի ճառագայթներ, ինչպիսիք են ռենտգենյան ճառագայթները և պրոտոնները՝ քաղցկեղային բջիջները ոչնչացնելու համար: Ճառագայթային թերապիան կարող է տարբերակ լինել, եթե ձեր ոսկրային մետաստազը ցավ է պատճառում, որը չի մեղմանում ցավազրկող դեղամիջոցներով կամ եթե ցավը սահմանափակվում է փոքր տարածքներով:

Կախված ձեր իրավիճակից, ոսկրային ճառագայթումը կարող է իրականացվել միայն մեկ մեծ չափաբաժինով կամ բազմաթիվ օրերի ընթացքում փոքր չափաբաժիններով: Ճառագայթման կողմնակի ազդեցությունները կախված են ճառագայթվող տեղամասից և դրա չափից:

Վիրահատական և այլ միջամտություններ

Վիրահատական միջամտությունները կարող են օգնել այն ոսկորի կայունացմանը, որը կոտրման ռիսկի տակ է կամ արդեն կոտրված ոսկորի վերականգնմանը:

  • Ոսկորի կայունացման (ստաբիլիզացման) վիրահատություն. եթե մետաստազով ախտահարված ոսկորը կոտրվելու վտանգի տակ է, վիրաբույժները կարող են կայունացնել այն՝ օգտագործելով մետաղական թիթեղներ, պտուտակներ և մեխեր (օրթոպեդիկ ֆիքսացիա): Օրթոպեդիկ ֆիքսացիան կարող է թեթևացնել ցավը և բարելավել վերջույթի գործառույթը: Ճառագայթային թերապիան հաճախ տրվում է այն ժամանակ, երբ դուք վերականգնվել եք վիրահատությունից հետո:
  • Ոսկորի մեջ ցեմենտանյութի ներարկման վիրահատություն. եթե ախտահարված ոսկորները չեն կարող հեշտությամբ ամրացվել մետաղական թիթեղներով կամ պտուտակներով, ինչպիսիք են կոնքի և ողնաշարի ոսկորները, ոսկրային ցեմենտի օգտագործումը կարող է տարբերակ դառնալ: Այս դեպքում բժիշկները ոսկրային ցեմենտ են ներարկում մետաստազի պատճառով կոտրված կամ վնասված ոսկորի մեջ: Այս միջամտությունը նաև կարող է նվազեցնել ցավը:
  • Կոտրված ոսկորի վերականգնման վիրահատություն. եթե ոսկրային մետաստազը հանգեցրել է կոտրվածքի, վիրաբույժները կարող են փորձել վերականգնել այդ ոսկորը: Սա ներառում է ոսկորը կայունացող մետաղական թիթեղների, պտուտակների և մեխերի օգտագործում: Մեկ այլ տարբերակ կարող է լինել հոդերի, օրինակ՝ կոնք-ազդրային հոդի փոխարինումը: Ընդհանուր առմամբ, ոսկրային մետաստազի հետևանքով առաջացած կոտրվածքների դեպքում գիպսային վիրակապը չի օգնում:

Քաղցկեղային բջիջների այրում կամ սառեցում

Քաղցկեղային բջիջները ջերմությամբ կամ սառեցմամբ ոչնչացնելու միջոցառումները կարող են օգնել ցավի վերահսկմանը: Դրանք կարող են տարբերակ լինել, եթե ունեք ոսկրային մետաստազի մեկ կամ երկու հատված և այլ բուժումները ձեզ չեն օգնում:

Ռադիոհաճախական աբլացիա կոչվող միջամտությունների ընթացքում էլեկտրական զոնդ պարունակող ասեղը տեղադրվում է ոսկրային ուռուցքի մեջ: Զոնդով անցնող էլեկտրականությունը տաքացնում այդ հյուսվածքը: Միջոցառումը կրկնվում է մի քանի անգամ:

Նմանատիպ միջոցառում է կրիոաբլացիան, որի դեպքում, հակառակը, ուռուցքային հյուսվածքը խիստ սառեցվում է: Միջոցառումը կրկնվում է մի քանի անգամ:

Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել մոտակա հյուսվածքների և օրգանների վնասումը, ինչպիսիք են նյարդերը և ոսկորները: Վերջին դեպքում կարող է մեծանալ ոսկորների կոտրվածքի ռիսկը:

Կլինիկական փորձարկումներ

Կլինիկական փորձարկումները նոր բուժումների և գոյություն ունեցող բուժումների կիրառման նոր ուղիների հետազոտություններ են: Կլինիկական փորձարկումներին մասնակցելը հնարավորություն է տալիս ձեր իսկ վրա փորձել ամենավերջին բուժումները: Սակայն նման բուժման արդյունավետությունը երաշխավորված չէ, և նոր բուժման կողմնակի ազդեցությունները կարող են հայտնի չլինել: Ձեր բժշկի հետ քննարկեք առկա կլինիկական փորձարկումները:

Ֆիզիոթերապիա

Ֆիզիոթերապևտը կարող է աշխատել ձեզ հետ՝ մշակելու ծրագիր, որը կօգնի բարելավելու ձեր ուժը և շարժունակությունը: Ֆիզիոթերապևտը նաև կարող է առաջարկել օժանդակ սարքեր, որոնք կօգնեն ձեզ, որ ավելի հեշտությամբ հաղթահարեք ձեր տեղաշարժման հետ կապված դժվարությունները: Օրինակները կարող են ներառել հենակները կամ քայլակները՝ քայլելիս վնասված ոսկորից ծանրաբեռնվածությունը հանելու համար, ձեռնափայտը՝ հավասարակշռությունը բարելավելու համար կամ ամրակը՝ ողնաշարը կայունացնելու համար:

Ֆիզիոթերապևտը նաև կարող է առաջարկել հատուկ վարժություններ, որոնք կօգնեն պահպանելու ձեր ուժը և նվազեցնելու ցավը:

Հոդվածը հրապարակվել է՝ 04-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024